Վերլուծություն. Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ տարաձայնություններ Կնեսետում

Վերլուծություն. Հայոց ցեղասպանության ճանաչման շուրջ տարաձայնություններ Կնեսետում

Photo: www.wikipedia.org

Խաիմ Օրոնի նախաձեռնությամբ՝ Կնեսետը քննարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը օրակարգ մտցնելու հարցը:

Ապրիլի 28-ին Իսրայելի խորհրդարանականները որոշում ընդունեցին Կնեսետի օրակարգում ընդգրկել Հայոց ցեղասպանության հարցը, որն առնվազն 2007 թ. ի վեր Իսրայելում խնդիրներ է առաջացնում:


Արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերի մշտական հանձնախմբի գործունեության վրա մեծ ազդեցությունն ունի Թուրքիայի և Ադրբեջանի լոբբինգը, և հարցը կարող է մեկ անգամ ևս մոռացության մատնվել:


2007 թ. Հակազրպարտչական լիգան (ADL) հայտարարեց, որ 1915 թ. 1,5 մլն հայերի կոտորածները կճանաչի Հայոց ցեղասպանություն: Այդ կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանը հաղորդեց, որ որոշումն ընդունվել է մանրամասն քննարկվելուց հետո:

Այդ հաղորդումը զայրացրել էր Թուրքիային: Անկարայում Իսրայելի դեսպանի հետ հանդիպման ընթացքում Աբդուլլահ Գյուլը, որն այն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարն էր, իր երկրի անունից «զայրույթ և հիասթափություն» հայտնեց:

Նա նաև հայտարարել էր, որ «Հակազրպարտչական լիգայի հայտարարությունը, իհարկե, արվել է առանց պաշտոնական միջամտության: Սակայն Իսրայելը կարող էր ինչ-որ բան անել` խոչընդոտելու այդ հայտարարությունը»:

Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել է հարցը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ, որը բազմիցս ընդգծել է, որ «հայկական ողբերգությունը չպետք է խառնել ցեղասպանության հետ»:

Վերջին երկու տարիներին Կնեսետում բավական բուռն քննարկումներ են ընթանում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը օրակարգում ընդգրկելու նպատակահարմարության հարցի շուրջ:

2008 թ. մարտի 26-ին, երբ Կնեսետում քննարկվում էր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն օրակարգում ընդգրկելու առաջարկը, իսրայելա-ադրբեջանական բարեկամության խորհրդարանական ընկերակցության նախագահ, Կնեսետի պատգամավոր Յոզեֆ Շագալը («Իսրայելը մեր տունն է» կուսակցության անդամ) նոր առաջարկություն արեց` հարցը արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերի մշտական հանձնախմբին փոխանցելու մասին, որտեղ էլ գործը սառեցվեց:

Եվ ահա երկու տարի անց հարցը կրկին Կնեսետի օրակարգում է:

Այս անգամ Բենյամին Նաթանյահուն առաջարկեց օրինագծի հետագա քննարկումը տեղափոխել Կնեսետի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հարցերի մշտական հանձնախումբ, որտեղ մեծ է Թուրքիայի և Ադրբեջանի լոբբիի ազդեցությունը:

Այս հանգամանքը ձեռնտու է «Իսրայելը մեր տունն է» խմբակցությանը, որը քվեարկել է նախաձեռնության դեմ:

Ապրիլի 17-ին Յոզեֆ Շագալը, որը նաև այդ խմբակցության անդամ է, 1news.az-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է. «Այսպես կոչված «հայոց ցեղասպանության» ճանաչման կողմնակիցները ներկայացնում են Իսրայելի մարգինալ խորհրդարանականների մի նեղ խումբ, և այս թեման, հավանաբար, գեթ ինչ-որ կերպ իրենց քաղաքական գոյության մասին հիշեցնելու միակ հնարավորությունն է»:

60-ամյա Շագալը ծնվել և մեծացել է Բաքվում, որտեղ և ապրել է կյանքի մեծ մասը: Ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Մինչև Իսրայել հայրենադարձվելը Բաքվում աշխատել է լրագրող:

Նշենք, որ հարցի նախաձեռնող խորհրդարանական Խայիմ Օրոնը նույնպես քիչ հավանական է համարում «դրական արդյունքը», սակայն վստահ է, որ անհրաժեշտ է հասնել հարցի արդարացի լուծմանը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը բազմիցս հայտարարվել է. «Իսրայելը ճանաչում է հայերի ողբերգությունը, սակայն այն չի կարող համեմատվել ցեղասպանության հետ, ինչը չի նվազեցնում ողբերգության չափը: Հոլոքոստն աննախադեպ երևույթ է, և ոչինչ, այդ թվում նաև` հայերի ողբերգությունը, չի կարելի համեմատել հրեաների ցեղասպանության հետ»:

ԱրմենիաՆաուի էջերում