Ապրիլի 24-ի նախաշեմին. վիրահայերը կրկին դիմել են իշխանություններին ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով

Ապրիլի 24-ի նախաշեմին. վիրահայերը կրկին դիմել են իշխանություններին ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով

Ֆոտոլուր

Վրաստանի նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին Ծիծերնակաբերդի հուշահամալիրում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք է մատուցում 2009 թ. հունիսին Հայաստան կատարած այցի ընթացքում:

Ապրիլի 24-ին լրանում է Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցը: Այս առիթով «Վիրահայերի համայնքներ» կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, որ հայ բնակչությունն արդեն երկրորդ տարին դիմում է Վրաստանի նախագահին և խորհրդարանին` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու խնդրանքով:


Հատկանշական է, որ Վրաստանում երբեք այդ դեպքը չի «հիշատակվել» խորհրդարանի մակարդակով: Կանխվել են հայկական կազմակերպությունների` ոչ միայն այդ հանցագործությունը դատապարտող որոշում ընդունելու մասին վրացի խորհրդարանականներին կոչ անելու, այլ նույնիսկ մեկ րոպե լռությամբ զոհերի հիշատակը հարգելու բոլոր փորձերը:

«Վիրահայերի համայնքներ» կազմակերպությունը օրինագիծ նախաձեռնելու խնդրանքով դիմել է երկրի նախագահին և խորհրդարանի խոսնակին ու խորհրդարանական խմբակցությունների նախագահներին, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավորներին:

«Մենք` Վրաստանի հայկական համայնքների ներքոստորագրյալ կազմակերպությունները, հանուն արդարադատության և ժողովրդավարական արժեքների կոչ ենք անում միանալ քաղաքակիրթ միջազգային հանրության նախաձեռնություններին և Վրաստանի խորհրդարանում նախաձեռնել Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը»,- ասվում է դիմումում:

Նախաձեռնությանը միացել են մի շարք հասարակական կազմակերպություններ, ի թիվս որոնց` «Վրաստանի համագործակցության հայկական կենտրոնը», «Վրաստանի հայ ուսանողական ասոցիացիան», «Վրաստանի հայ պատանիների միությունը», «Վրաստանի հայ ուսանողների ասոցիացիան», «Վրաստանի հայ երիտասարդական ասոցիացիան», «Նոր սերունդ» և «Թբիլիսահայերի վեհաժողով» վրացահայերի միությունը»:

Անցյալ տարի` ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին, «Թբիլիսահայերի վեհաժողովի» անդամները արշավ էին սկսել` Հավլաբար հին թաղամասում հավաքելով 1915 ստորագրություն` Վրաստանի նախագահին, խորհրդարանի խոսնակին, անձամբ յուրաքանչյուր պատգամավորին և մի քանի քաղաքական կուսակցություների առաջնորդներին ուղղված նամակների տակ: Կազմակերպությունները փոխանցել են խորհրդարանին նաև հատուկ գրքույկներ` ցեղասպանության մասին գիտական հետազոտություններով և բացառիկ նյութերով, որոնք պահվում են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Անգլիայի արխիվներում, Քեմբրիջի և Յելի համալսարաններում:

Մինչ իշխանությունները քննարկում էին այդ բոլոր փաստաթղթերը, «Վրաստանի ադրբեջանցիների կոնգրեսը» կոչ արեց նրանց չճանաչել «մտացածին ցեղասպանությունը» և Թբիլիսիում Թուրքիայի դեսպանության առաջ ակցիա անցկացրեց` «Ադրբեջան-Թուրքիա. մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսով:

«Նախքան խորհրդարանականների կողմից Հայոց ցեղասպանության հարցի քննարկումը պետք է այդ հարցի քննարկում անցկացվի գիտական և ակադեմիական շրջանակներում,- հայտարարել է ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին: - Վրաստանում այդ տարիների դեպքերի մասին իրական հետազոտություւններ չեն անցկացվել, և քաղաքական գործիչների համար դժվար է դատել: Մեզ ավելի շատ տեղեկատվություն է անհրաժեշտ»:

Վրաստանին ամենևին էլ ձեռնտու չէ վատացնել հարաբերությունները հարևանների հետ: Թուրքիան ամենակարևոր առևտրատնտեսական գործընկերներից և ներդրողներից մեկն է, Ադրբեջանը` էժան գազի հիմնական մատակարարը:

Իսկ Հայաստանը մի երկիր է, որի հետ դարավոր հարաբերություններով են կապված, բացի այդ, այն ամբողջովին կախված է Վրաստանի տարածքով տարանցիկ ճանապարհներից:

Հենց այդ պատճառով քաղաքագետները չափազանց ցածր են գնահատում Վրաստանի խորհրդարանում հարցի քննարկման հնարավորությունները: Բացի այդ, նրանք նշում են, որ ցեղասպանության ճանաչման հարցում դեռ չի կողմնորոշվել այն պետությունը` ԱՄՆ-ը, որից կախված է Վրաստանի ողջ քաղաքականությունը:

Վրաստանի խորհրդարանում կքննարկվի՞ այդ հարցը, թե՞ ոչ` պարզ կլինի շուտով: Այդուհանդերձ Վրաստանի հայկական կազմակերպություններն էլ արդեն բողոքի ակցիաներ են խոստանում:

ԱրմենիաՆաուի էջերում