Ցեղասպանություն և ժողովրդագրություն. բարոյական և քաղաքական կողմերը`ի դեմս Ֆրանսիայի իշխանությունների

Ցեղասպանություն և ժողովրդագրություն. բարոյական և քաղաքական կողմերը`ի դեմս Ֆրանսիայի իշխանությունների

Ֆոտոլուր

Հունվարի 23-24-ը Ֆրանսիայի Սենատը կսկսի Ազգային ժողովի կողմից ավելի վաղ ընդունված օրինագծի քննարկումը, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը:


Թուրքիայի քաղաքական շրջանակներում և փորձագիտական հանրության շրջանում լայն տարածում ունի այն կարծիքը, թե Ֆրանսիայի իշխող կուսակցության քայլերն ու մտադրությունները թելադրված են «հայկական ընտրազանգվածին» իր կողմը գրավելու նախընտրական նկատառումներով:

Մինչդեռ դրան դեմ է գալիս պարզ թվաբանությունը. եթե Ֆրանսիայում հայ բնակչության թիվը կազմում է շուրջ 500.000. ապա մահմեդականներինը` տասնապատիկ շատ է:

Ու թող որ վերջինի թվի առյուծի բաժինն ընկնում է արաբական երկրներից եկածներին, սակայն թուրքերի թիվը միանգամայն համադրելի է հայերի թվաքանակի հետ: Ավելին` հաշվի առնելով վերջին տարիների ընթացքում Թուրքիայի կողմից իրականացվող «մահմեդական աշխարհի շահերի գլխավոր պաշտպանի առաքելությունը», ակնհայտ է, որ «հայկական ընտրազանգվածը» օբյեկտիվորեն չի կարող մրցել «ամբողջ թուրքականի» հետ:

Այդսպիսով, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունելով` իշխող կուսակցությունը վտանգում է կորցնել ավելի շատ ձայներ, քան ստանալ:

Այդ հարցում առկա է գործոնների ավելի խայտաբղետ սպեկտր, ընդ որում` թե´ գործնական բնույթի և թե´ բարոյական:

Առաջինը` թուրք-ֆրանսիական հարաբերությունների ակնհայտ սրումը` Անկարայի հռչակած «նեոօսմանիզմի» քաղաքականության ֆոնին:

Հիշեցնենք Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ահմեդ Դավութօղլուի խոսքը, որը նա ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովում նախքան «հայկական օրինագծի» քննարկումը. «Մենք նեոօսմաններ ենք: Գերտերությունները հետևում են դրան շփոթված: Նախևառաջ Ֆրանսիան, որը փորձում է հասկանալ` ինչո՞ւ ենք մենք աշխատում Աֆրիկայում: Ես արդեն հանձնարարել եմ` աֆրիկյան ո´ր երկիրն էլ գնա Սարկոզին, ամեն անգամ, բարձրացնելով աչքերը, նա պետք է տեսնի Թուրքիայի դեսպանության շենք, թուրքական դրոշը: Ես հանձնարարել եմ դեսպանություններ վարձակալել ամենալավ վայրերում»:

Այսպիսով, Ֆրանսիայի ԱԺ-ում «հայկական օրինագծին» հավանություն տալուն նպաստած «պրագմատիկ գործոններից» մեկը Թուրքիայի ղեկավարության կողմից ֆրանսիական շահերի ակնհայտ անտեսումն է` բավական ընդարձակ աշխարհագրական տարածքում նրա կողմից նոր քաղաքական ուղղության իրականացման ընթացքում, որը, ըստ էության, ներառում է նախկին Օսմանյան կայսրության ողջ տարածքը:

Այս համատեքստում տեղավորվում է այսօրվա դրությամբ Հայոց ցեղասպանության միակ ճանաչումը նախագահի ստորագրության (Ժակ Շիրակ) մակարդակով, ինչպես նաև արդեն գործող նախագահ Նիկոլա Սարկոզիի մտադրությունը` ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը ներառել Ռասիզմի և մարդատյատության դեմ պայքարի մասին շրջանակային համաձայնագրում և տարածել այն Եվրամիության բոլոր երկրներում (այնպես, ինչպես ԵՄ երկրներն ընդունեցին Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը` Ռասիզմի և մարդատյատության դեմ պայքարի շրջանակներում):

Սակայն չպետք է անտեսել հարցի բարոյական կողմը և ամեն ինչ հարմարեցնել բացառապես քաղաքական նպատակահարմարության տրամաբանությանը և սառը գործնական հաշվարկին: Ի վերջո, Ֆրանսիան հայերի համար ապրելու ամենահարմար երկրներից մեկն է, հնարավոր է`ամենահարմարը, որը մեծ թվով հայազգի երաժիշտների և նկարիչների, ռեժիսորների և դերասանների, քաղաքական գործիչների և գործարարների փայլուն համաստեղություն է տվել:

Եվ եթե ոչ թվով, ապա որակով սա իսկապես «էլիտար ընտրազանգված» է` ֆրանսիական ստեղծագործ և արարող ոգու անբաժանելի մասը, որն արդեն օբյեկտիվ բնության օրենքներով չի կարող (այս կամ այն չափով) չազդել ողջ ֆրանսիական էլիտայի դիրքորոշման և տրամադրության վրա:

ԱրմենիաՆաուի էջերում