Արդարության պահ. Ֆրանսիայի Սենատում այսօր քվեարկության կդրվի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Արդարության պահ. Ֆրանսիայի Սենատում այսօր քվեարկության կդրվի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը

Ֆոտոլուր

Հունվարի 23-ը Ֆրանսիայում արդեն կոչվել է արդարության պահ, օր, երբ այդ երկրի Սենատը կքննարկի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու հարցը, ի թիվս որոնց` 1915 թ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության:


Շաբաթ օրը Փարիզում հազարավոր թուրքեր էին հավաքվել` հանդես գալու ընդդեմ օրենքի ընդունման: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակներ են փոխանակել, որոնցից հետևում է, որ Ֆրանսիան տեղին չի համարում օրենքի ընդունման հետ կապված Թուրքիայի սպառնալիքները:

Ֆրանսիայի Սենատի պատգամավոր, օրինագծի հեղինակ Վալերի Բուայեն Nouvelles d’Arménie կայքում հոդված է հրապարակել, որում նշում է, որ «օրինագիծը ոչ մի դեպքում հուշային չէ, ինչը կարող է խոչընդոտել պատմաբանների աշխատանքը»:

«Ազգային ժողովի քվեարկությանը հաջորդած արձագանքները հիանալի ցուցադրում են, թե որքան լայն տարածում ունի այսօր Ֆրանսիայում ժխտումը: Թուրքիայի իշխանությունները չեն հարգում ոչինչ, նույնիսկ Ֆրանսիայի ինքնիշխանությունը: Խոսքը մեր հանրապետության ներքին գործերին շատ լուրջ միջամտության մասին է` դիվանագիտական հարաբերությունները խզելու հոխորտանքով կամ, ավելի վատ` մեր ձեռնարկությունների դեմ պատասխան տնտեսական միջոցներով»,- հավելել է նա:

Թուրքիան Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ է և Եվրամիության հետ կապված է Մաքսային միության մասին համաձայնագրով: Այս երկու իրավաբանական պարտավորությունները ներառում են ոչ խտրական վերաբերմունք Եվրամիության ընկերությունների նկատմամբ` պատժամիջոցների սպառնալիքի ներքո:

Տարբեր երկրներում փորձագետները գնահատում են օրինագիծը` որպես Թուրքիայի իշխանության վրա ճնշում գործադրելու գործիք: Մեկը դրանում տեսնում է Թուրքիային հակաիրանական կոալիցիայի մեջ ներգրավելու նպատակ, մեկ ուրիշն ասում է, թե ճնշումն ուղղված է Էրդողանի կառավարության դեմ, որն ակտիվորեն առաջ է քաշում արևմտյան հանրության ծրագրերի մեջ չմտնող նեոօսմանիզմի քաղաքականությունը:

Այսպես թե այնպես, ճնշումն ակներև է: Այն կրկնապատկվել է հունվարի 17-ին` 5 տարի առաջ սպանված Թուրքիայի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի գործով դատավճռից հետո: Առանց պատվիրատուների, միայն սպանություն կատարողներին պատժելը վրդովվեցնող արձագանք է առաջացրել ողջ աշխարհում: Գրեթե բոլոր ազդեցիկ միջազգային կառույցների` ԵԱՀԿ-ի, Եվրահանձնաժողովի, ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչները նշել են, որ պետք է բացահայտվի պատվիրատուն: Սակայն, քանի որ նույնիսկ թուրքական ԶԼՄ-ներում նշվում է, որ պատվիրատուն Թուրքիայի իշխանություններն են, ակնհայտ է, որ Հրանտ Դինքի գործը հերթական ճնշումն է դառնում Էրդողանի համար:

Եթե Ֆրանսիայի Սենատը մերժի օրինագիծը, ապա, հավանաբար, դա կնշանակի, որ Թուրքիան ընդունել է իրեն առաջադրված պայմանները:

ԱրմենիաՆաուի էջերում