Ընդունվեց. Ֆրանսիայի Սենատը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը

Ընդունվեց. Ֆրանսիայի Սենատը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը

Screenshot: www.senat.fr

Երկուշաբթի Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց անցյալ դարի սկզբին օսմանյան թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստի ժխտման քրեականացմանը:


Խորհրդարանի վերին պալատի 348 սենատորների քվեարկությունն ավարտվեց 127:86 ձայների հարաբերակցությամբ` հօգուտ օրինագծի, որը հայտնվել էր միջազգային հանրության ուշադրության կենտրոնում և իրարամերժ կարծիքների տեղիք տվել` դեկտեմբերին խորհրդարանի ստորին պալատում հավանության արժանանալուց ի վեր: Սենատորները մինչև քվեարկության անցնելը (տեղական ժամանակով երկուշաբթի լույս երեքշաբթի` 01:30-ին, Փարիզի ժամանակով` 10:30-ին) 7 ժամ քննարկեցին օրինագիծը:

Ըստ նոր օրենքի` Ֆրանսիայի ենթակայության տակ գտնվող ցանկացած ոք, որը կժխտի նույն երկրի կողմից ճանաչված որևէ ցեղասպանություն, կդատապարտվի մեկ տարվա ազատազրկման և կտուգանվի 45.000 եվրոյով (մոտ 58.000 դոլար): Ընդունած օրենքը այժմ պետք է ստորագրի նախագահ Նիկոլա Սարկոզին, որի աջաթևյան UMP կուսակցությունն էր առաջ քաշել օրինագիծը, որը սատարում էին նաև սոցիալիստները:

Հազարավոր ֆրանսահայեր և թուրքեր քվեարկությունից առաջ Փարիզում` Սենատի շենքի մոտ, պիկետի էին դուրս եկել:

Ինչպես և ենթադրվում էր, Երևանը դրվատեց Ֆրանսիայի օրինագիծը, իսկ Անկարան ավելի վաղ զգուշացրել էր, որ կխստացնի Ֆրանսիայի հետ բոլոր կապերը, որոնք արդեն «սառեցված» էին դեկտեմբերի 22-ից ի վեր, երբ Ֆրանսիայի խորհրդարանականները հավանություն էին տվել օրինագծին:

Թուրքիայի «Անադոլու» պետական լրատվական գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն ասել է, որ իրենք նախապես որոշել են, թե ինչ քայլեր են ձեռնարկելու, եթե օրինագիծը վերջնականապես ընդունվի: «Ոչ ոք դրանում թող չկասկածի»,- նշել է Դավութօղլուն:

Մինչ այդ Ֆրանսիան փորձել է մեղմել Թուրքիայի զայրույթը: «Թուրքիան Ֆրանսիայի շատ կարևոր գործընկերը և դաշնակիցն է»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Բեռնար Վալերոն:

Ֆրանս-թուրքական հարաբերությունները մեկ անգամ արդեն հայտնվել են ճգնաժամում 2001 թվականին, երբ Փարիզում խորհրդարանականները ճանաչել են Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի զանգվածային կոտորածներն ու տեղահանությունները որպես ցեղասպանություն: Երկու երկրների միջև քաղաքական, առևտրային և ռազմական կապերը վերականգնվեցին կարճ ժամանակ անց, թեև որոշ տարաձայնություններ դեռևս առկա էին, այդ թվում` Ֆրանսիայի դեմ լինելը Թուրքիայի` Եվրամիության անդամակցությանը:

ԱրմենիաՆաուի էջերում