ԱՆԿԱ-ի ղեկավար. Ֆրասիայի Սենատի որոշումը` «Ատլանտյան օվկիանոսը հատող լույս»

ԱՆԿԱ-ի ղեկավար. Ֆրասիայի Սենատի որոշումը` «Ատլանտյան օվկիանոսը հատող լույս»

Photo: www.asbarez.com

Ամերիկայի ազդեցիկ հայկական լոբբիստական խմբերը ողջունել են երկուշաբթի երեկոյան Ֆրանսիայի Սենատի հավանությանն արժանացած օրինագիծը, որով քրեականացվում է 1915 թ. Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը:

Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՆԿԱ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը դրվատել է Ֆրանսիայի խիզախությունը` հորդորելով ԱՄՆ նախագահի Բարաք Օբամային հավատարիմ մնալ իր խոստմանը` ճանաչելու Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի զանգվածային ջարդերն ու տեղահանությունները որպես ցեղասպանություն:

«Ֆրանսիայի Սենատի համարձակ քվեարկությունն Ատլանտյան օվկիանոսը հատող լույս էր` ուղղված ամերիկացի քաղաքական գործիչներին, որոնք արդեն երկար ժամանակ Անկարային թույլատրում են խոչընդոտել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ըստ Asbarez.com-ի` ասել է Համբարյանը:

«Թուրքիայի նկատմամբ աճող միջազգային ճնշումները և ԱՄՆ 42 նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը վկայում են այն մասին, որ նախագահ Օբաման, որը թեկնածու եղած ժամանակ խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, օտար պետությանը թույլ է տվել խանգարել ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչել իբրև մարդկության դեմ հանցագործություն,- ասել է նա: - Մենք նախագահ Օբամային կոչ ենք անում հարգել իր տված խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին կոչ ենք անում քննարկման դնել Ցեղասպանության ճանաչման մասին 304 բանաձևը»:

Երկուշաբթի երեկոյան ավելի քան 7-ժամյա քվեարկությունից հետո Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ըստ Ֆրանսիայի նոր օրենքի, որը դեռ պետք է ստորագրվի նախագահի կողմից, Ֆրանսիայի ենթակայության տակ գտնվող ցանկացած ոք, որը կժխտի նույն երկրի կողմից ճանաչված որևէ ցեղասպանություն, կդատապարտվի մեկ տարվա ազատազրկման և կտուգանվի 45.000 եվրոյով (մոտ 58.000 դոլար):
ԱրմենիաՆաուի էջերում