Դիվանագիտական վրեժ. ադրբեջանցի կինոդրամատուրգը հրաժարվում է Ֆրանսիայի շքանշանից` ի նշան բողոքի ցեղասպանության մասին օրինագծի ընդունման

Դիվանագիտական վրեժ. ադրբեջանցի կինոդրամատուրգը հրաժարվում է Ֆրանսիայի շքանշանից` ի նշան բողոքի ցեղասպանության մասին օրինագծի ընդունման

Photo: www.wikipedia.org

Ռուստամ Իբրահիմբեկովը

Հունվարի 24-ին` Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից մեկ օր անց, ադրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել է Ֆրանսիայի արվեստի շքանշանից հրաժարվելու և «Ադրբեջան-Ֆրանսիա» մշակութային կապերի ընկերության նախագահի պաշտոնից հեռանալու մասին:

«Տեղի է ունեցել մի իրադարձություն` ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի խորհրդարանի որոշման ընդունումը, որը հարուցել է Ֆրանսիան` իր փառավոր ժողովրդավարական ավանդույթներով սիրող բոլոր մարդկանց ցավն ու տարակուսանքը: Նոր օրենքի հակաթուրքական ուղղվածությունն ակնհայտ է»,- հայտարարել է Իբրահիմբեկովը:

Միևնույն ժամանակ, նա կարծում է, որ «այդ որոշման գերին են դառնում թյուրքական աշխարհի բոլոր ներկայացուցիչները, և ես` որպես Ադրբեջանի քաղաքացի, հայտարարում եմ, որ ստեղծված իրավիճակում չեմ կարող չհրաժարվել Ֆրանսիայի մշակույթի և գրականության շքանշանից և դադարեցնում եմ իմ գործունեությունը` որպես «Ադրբեջան-Ֆրանսիա» մշակութային կապերի ընկերության նախագահ»:

Դեռ 2009 թ. հունվարին Մոսկվայում բնակվող Ռուստամ Իբրահիմբեկովը հայտարարել էր. «Ես չեմ վախենում հայերից: Մենք ներեցինք նրանց 1920 թ., ադրբեջանցիների ցեղասպանությունը, ներում ենք Ղարաբաղում իրականացված կոտորածը… Միևնույն ժամանակ ես դեմ եմ բոլոր հայերին հանդիմանելու մտքին: Նրանց մեջ շատ լավ մարդիկ կան, սակայն նրանք վախենում են ճշմարտությունն ասելուց, քանի որ հայերը ազգ չեն, նրանք կազմակերպություն են»:

Ադրբեջանցի հայտնի մշակութային գործչի հայտարարությունը կասկածի տակ է դնում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Սոչիի հայտարարության կետի գործնական իրականացման հեռանկարը, որում կա նաև մի դրույթ, որը վերաբերում է «ժողովրդական դիվանագիտության» զարգացման անհրաժեշտությանը` հայ և ադրբեջանցի մշակութային շրջանակների ներկայացուցիչների միջև շփումների միջոցով:

Իբրահիմբեկովի հայտարարությունը հնչել է Սոչիում ընդունված հայտարարությունից մեկ օր անց, որում նշվում էր, որ «Ադրբեջանի և Հայաստանի նախագահները իրենց պատրաստակամությունը հայտնեցին նպաստելու մտավորականության, գիտական և հասարակական շրջանակների ներկայացուցիչների միջև հետագա երկխոսության հաստատմանը»:

«Երկխոսություն հաստատելու» այս ուղղությունը «նոր» չէ: Առաջին նման շփումները եղել են դեռ մի քանի տարի առաջ: Օրինակ` 2007 թ. հունիսին, երբ հայտնի հայ և ադրբեջանցի գործիչների խումբը մեկ օրվա ընթացքում այցելեց Երևան, Բաքու և Ստեփանակերտ, ինչը հասարակություններում ոչ միանշանակ արձագանք ստացավ:

2009 թ. հուլիսին Ռուսաստանում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները` կոմպոզիտորներ Արմեն Սմբատյանն ու Փոլադ Բյուլբյուլօղլին եղան Ստեփանակերտում, ինչպես նաև հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Իսկ արդեն մի քանի ամիս անց նույն այդ Փոլադ Բյուլբյուլօղլին հայտարարեց, որ ժամանակն է «ազատագրել օկուպացված տարածքները ցանկացած ճանապարհով, և յուրաքանչյուր ադրբեջանցի պետք է պատրաստ լինի դրան»:

«Եթե Ադրբեջանը ռազմական գործողություններ սկսի, ապա ոչ ոք իրավունք չի ունենա միջամտելու այդ հակամարտությանը, որովհետև Ադրբեջանը կպատերազմի իր տարածքում»,- ասել է երաժիշտ-դիվանագետը` հավելելով, որ միայն դրանից հետո արվեստագետները կկարողանան այցելել ազատագրված Ղարաբաղ:

Այսպիսով, Իբհրահիմբեկովի հայտարարությունից և «ժողովրդական դիվանագիտության» մի քանի ոչ այնքան արդյունավետ փորձերից պարզ է դառնում, որ խիստ վաղաժամ է այդ հանդիպումների արդյունավետության մասին խոսելը: Ավելին` հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Նիզամի Ջաֆարովը վերջերս նշել էր. «Հայերն օգտագործում են ժողովրդական դիվանագիտությունը սեփական նպատակների համար: Սակայն Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչները տեղյակ են հայերի իրական մտադրությունների մասին, այդ պատճառով էլ չեն վստահի հայերի հայտարարություններին»:
ԱրմենիաՆաուի էջերում