Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանն ասել է, որ Թուրքիան չի շտապում տնտեսական պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ, քանի որ Սենատի ընդունած «Հայոց ցեղասպանությունը» ժխտումը քրեորեն պատժելու մասին օրինագիծը դեռևս Փարիզի վերջնական որոշումը չէ:
Թուրքիան իրոք սահմանափակվել է առայժմ ցուցադրական քայլերով, ցույց տալով, թե ինչ կարող է անել, եթե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ստորագրի օրենքը:
Ֆրանսիայի Սենատում օրինագծի ընդունումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, հրաժարվելով Բրյուսել կատարելիք այցելությունից, մեկնել է Մոսկվա, որտեղ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Նախ` հայտարարվել է, որ առաջիկա 5 տարիներին Ռուսաստանի և Թուրքիայի ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 100 մլրդ դոլար նիշի: Ապա նա ասել է, որ Թուրքիան Իրանին հարվածելու պլացդարմ չի դառնա: Իսկ մինչ այդ Մոսկվա այցելած Թուրքիայի պետնախարար Սիրինօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան Ռուսաստանի հետ միասին հանդես է գալիս Սիրիայի գործերին չմիջամտելու կոչով: Բացի այդ, ընդունվել է Ռուսաստանի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների աննախադեպ համատեղ հայտարարություն ղարաբաղյան խնդրի հարցով:
Թուրքիան, այդպիսով, փորձում էր ցույց տալ, որ իր վրա ճնշումը շարունակելու դեպքում նա դաշինք կկազմի Ռուսաստանի և Իրանի հետ` հրաժարվելով Արևմուտքի հետ համագործակցությունից: Սակայն, հավանաբար, Արևմուտքին դա էլ չի վախեցրել, փորձագետները նույնիսկ չեն բացառում, որ Ֆրանսիան միտումնավոր է դրդում Թուրքիային կտրուկ քայլերի, որպեսզի հրաժարվի նրա դաշնակցային ծառայություններից:
Հավանաբար, Թուրքիան նույնպես հասկանում է, որ լինելով մահմեդական երկիր և միաժամանակ ՆԱՏՕ-ի անդամ` երբեմն չի բավարարում արևմտյան հանրությանը: Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագիծն ընդունելով` Սարկոզին, որը նախագահության երկրորդ շրջանում է, հուսով է ստանալու ոչ միայն հայ ընտրողների, այլև իսլամոֆոբիայից տառապող և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ հանդես եկող ծայրահեղ աջ շրջանակների աջակցությունը, հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն:
Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու օրինագծի ընդունումը, Իսրայելի Կնեսետում այդ հարցի քննարկման գործընթացը և Գերմանիայի խորհրդարանում համապատասխան օրենքի ընդունման հավանականությունը ցուցադրում են, որ 1915 թ. Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության հանցագործության ընդունման միջազգային գործընթացը անհնար է կասեցնել, հայտարարել է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:
Իսրայելի Կնեսետում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քննարկումներ են անցկացվել: Իսկ օրերս նաև գերմանացի խորհրդարանականը հայտարարել է, որ շուտով Բունդեստագում կարող են այդ թեմայով քննարկումներ սկսվել:
«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը նույնպես կարծում է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչման գնացքը շարժվել է տեղից, և այն կանգնեցնելն անհնար է»: Նրա խոսքով` իրադարձությունը փոխել է Թուրքիայի շուրջ իրականությունը և այդ երկրի նկատմամբ Եվրոպայի վերաբերմունքը:
ՌԴ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի հետազոտական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Զախարովը նշել է. «Ֆրանսիայի որոշումից հետո այլևս ոչ ոք չի կարող ասել, թե Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները միայն հայկական կողմի տեսակետն են, ինչպես փորձում էին անել Թուրքիան և Ադրբեջանը»: Նա հավելել է, որ ազդեցիկ երկրներից մեկի կողմից նման օրինագծի ընդունումը անխուսափելիորեն առաջ կբերի Հայոց ցեղասպանության ճանաչման ալիք:
Աշխարհում իսկապես սկսեցին ակտիվ խոսել Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը` պատասխանելով ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակի հարցին` Ֆրանսիայի Սենատի ընդունած Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի մասին հարցին: «Այս հարցի առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ է: Հայերի հետ սարսափելի բաներ են տեղի ունեցել: Կարևոր է հայտարարել այդ մասին, սակայն մենք պետք է ապրենք ներկայով»,- ասել է նա` հավելելով, որ Մեծ Բրիտանիայում ընդունվել է օրենք, որը թույլ է տալիս հետապնդել ռազմական հանցագործություններ կատարած անձանց:
Ֆրանսիայի Սենատում օրինագծի ընդունումը ոգևորեց նաև ամերիկահայ լոբբիստական խմբերին, որոնց մոտ լավատեսական հույսեր արթնացան ԱՄՆ-ում Ցեղասպանության բանաձևի առնչությամբ: Այդ խմբերից ամենախոշորի` Ամերիկայի հայ դատի հանձնախմբի (ԱՆԿԱ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս շաբաթ ավելի վաղ կրկին հորդորել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` հավատարիմ մնալ իր խոստմանը` ճանաչելու Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի զանգվածային ջարդերն ու տեղահանությունները որպես ցեղասպանություն:
«Ֆրանսիայի Սենատի համարձակ քվեարկությունն Ատլանտյան օվկիանոսը հատող լույս էր` ուղղված ամերիկացի քաղաքական գործիչներին, որոնք արդեն երկար ժամանակ Անկարային թույլատրում են խոչընդոտել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ասել է Համբարյանը:
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.