Ֆրանսիայում դեռևս ավարտված չէ. ՀՅԴ-ն իրազեկում է Ցեղասպանության ժխտման օրինագծի կարգավիճակի մասին

Ֆրանսիայում դեռևս ավարտված չէ. ՀՅԴ-ն իրազեկում է Ցեղասպանության ժխտման օրինագծի կարգավիճակի մասին

Ֆոտոլուր

ՀՅԴ-ն հայտարարություն է հրապարակել` մտահոգություն հայտնելով, որ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը ներկայումս Ֆրանսիայում օրենքի ուժ չունի, քանի որ Սենատի քվեարկությունից ավելի քան մեկ շաբաթ անց դեռևս չի ստորագրվել:

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին կարող էր ստորագրել և օրենքի վերածել Ցեղասպանության (այդ թվում` Հայոց) ժխտումը քրեականացնող օրինագիծը, սակայն նա նախընտրել է սպասել մինչև իր իրավասության 15-օրյա ժամկետի ավարտը, ինչն էլ հնարավորություն է տվել, որ օրինագծի ընդդիմախոսները դիմեն Սահմանադրական խորհուրդ։

Սահմանադրական խորհուրդը կարող է ընդունել երեք հնարավորոր որոշումներից մեկը.

1. Օրինագիծը համապատասխանում է Սահմանադրությանը: Այս դեպքում հանրապետության նախագահի ստորագրությունից հետո այն կդառնա օրենք:

2. Օրինագիծն ինչ-որ մասով կամ մասերով չի համապատասխանում Սահմանադրությանը: Այս դեպքում օրինագիծը կվերադարձվի Ազգային ժողով` այն բարեփոխելու և Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: Այս տարբերակը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ մեկ ամսից Ազգային ժողովը կմեկնի արձակուրդ, որպեսզի նախապատրաստվի նախագահական ընտրություններին:

3. Օրինագիծն ամբողջությամբ հակասահմանադրական է: Այս դեպքում օրինագիծն այլևս չի քննարկվի և օրենքի ուժ չի ստանա, եթե հանրապետության նախագահը չպնդի, որ հարցը դարձյալ մտնի Ազգային ժողով։
«Այսօրվանից սկսած` մեկ ամսվա ընթացքում, մինչև Սահմանադրական խորհրդի որոշում կայացնելը, նախագահ Սարկոզին չի կարող ստորագրել օրենքը»:
ԱրմենիաՆաուի էջերում