«Հայ Ձմեռ պապ-2008». մի աշխատանք լինի ու մի քիչ հույս…«Ամուսինս մահացավ 1998-ին: Փոքրս քսան օրական էր, երբ էդ դեպքն էղավ. ավտովթար` ամուսինս էլ մեքենայի մեջ»,- սկսում է Եղսիկն իր ընտանիքի դժվարին պատմությունը: 9-ամյա Արկադին արդեն սովորում է երկրորդ դասարանում: Նիհար է ու փոքրամարմին, դեմքը գունատ է: Թերսնման պատճառով տղան ֆիզիկական զարգացմամբ հասակակիցներից հետ է մնում: Ամուսնու մասին պատմելիս Եղսիկի աչքերը լցվում են, բայց մի ներքին ուժով ինքն իրեն տիրապետելով, Եղսիկը զսպում է արցունքներն ու շարունակում: 27 տարեկանում զոհված ամուսինը ժամանակին վարսավիրություն է սովորել, բայց ընտանիքը պահելու համար տարբեր շինարարական աշխատանքներ է կատարել: Եղսիկի ամսական եկամուտն ընդամենը 54.400 դրամ է (մոտ 180 դոլար): Սա «Փարոս» ծրագրով հասանելիք 23.000 դրամն է, երեխաների միակողմանի որբության 12.000 դրամ (մոտ 40 դոլար) նպաստը (բոլոր երեքի համար) և Եղսիկի ամսական 19.400 դրամ (մոտ 64 դոլար) աշխատավարձը: Վերջերս Եղսիկն աշխատանքի է ընդունվել Մեծամորի թիվ 3 մանկապարտեզում: Հագուստ գնելու հնարավորություն չունենալով` Եղսիկը գործի է դրել տատի իլիկը: «Գյուղից բուրդ եմ առնում, լվում, գզում, մանում, թել սարքում ու գործում: Էղել ա` «կաստյումչիկ» եմ գործել, ծախել: Բայց, դե, շատը էրեխեքիս եմ գործում` սվիտեր, ռետուզ, նասկի, ու տենց բաներին էլ փող չեմ տալիս»,- շարունակում Եղսիկը` կիսաքանդ պահարանից հանելով իլիկը:
Բնակարանը կոկիկ է, սակայն չքավորությունն իր գործն է անում: Պատերի մռայլ շագանակագույնը խոսում է բնակիչների փոխարեն: Այս ու այնտեղ`հնամաշ հագուստ, մաշված մեծ ու փոքր կոշիկների կույտ, դռները ճռռում են, կարծես էլ չեն դիմանում կյանքի դժվարություններին: Թե մինչև ամուսնու մահը և թե դժբախտ պատահարից յոթ տարի անց ընտանիքն ապրել է Եղսիկի հայրական տանը` Լեռնագոգում: Ամուսնու ծնողների ամուսնալուծությունից հետո սկեսրայրը երկրորդ անգամ ամուսնանալով` իր նոր ընտանիքով շարունակել է ապրել Բամբակաշատ գյուղի իրենց տանը, որտեղ ծնվել ու մեծացել էր Եղսիկի ամուսինը, սակայն որտեղ նրա ընտանիքի համար տեղ չկար: Ընտանեկան հանգամանքների բերումով տեղ չկար նաև Եղսիկի հայրական տանը: «Պարզապես էնտեղ [Բամբակաշատում] դժվար էր ապրելը. աշխատանքը շատ քիչ էր: Դե, մամայենց տունը փոքր չէր, բայց մամայիս տունն էր, ախպորս տունն էր: Մեկ ա, սենց թե նենց, մի տարի թե էրկու տարի, ես պտի դուրս գայի, որ ախպերս ամուսնանար: Դրա պատճառով էլ ախպերս էտքան մնաց` մինչև 40 տարեկան, իմ պատճառով չէր ամուսնանում: Դրա համար ասի` ավելի լավ ա` ես իմ ընտանիքը, դուք` ձեր ընտանիքը, հանգիստ ձեր համար ապրեք: Թե սենց մինչև ե՞րբ պետք ա մնանք: Մեկ ա, իմս չի»,- ասում է Եղսիկը: Գյուղից տեղափոխվելուց հետո Եղսիկի ընտանիքը միայն այս գարնանն է մշտական բնակության տեղեկանք ստացել, որի շնորհիվ հնարավոր է դարձել ձևակերպել աղքատության նպաստն ու երեխաների միակողմանի որբության թոշակը: Բայց Եղսիկի միակ ամենամեծ երազանքը եղել ու մնում է սեփական տուն ունենալը: «Պետք ա շատ փող ունենաս, որ տուն առնես, չէ՞: Ես չեմ պատկերացնում, ասենք, որ էնքան ունենամ, որ պալատ ունենամ: Էտի չեմ էլ ուզում: Ինձի մի անկյուն լինի, որ ես տան վարձ չտամ: Էրեխեքը իմանան, որ էտ մեր տունն ա: Մի մեխ էլ որ մեխեմ, իմանամ, որ իմն ա»: Եղսիկն իր ընտանիքի ապագան տեսնում է Մեծամորում, չի ուզում ուրիշ տեղ տեղափոխվել: «Հըլը որ էս ձև ա էթում, էս ձևով էլ նայում եմ, եսիմ: Ինձ թվում ա` ես Մեծամորից էլ ոչ մի տեղ չեմ էթա: Չեմ էլ ուզում էթամ: Ստեղ հանգիստ ա, լավ ա Մեծամորը: Ստեղ էլ ուզում եմ միշտ մնամ: Կարող ա ուրիշ տեղ աշխատանք ըլնի, էթամ ու գամ, ստեղից չտեղափոխվեմ: Չգիտեմ` կարող ա` Հոկտեմբերյան [այժմ` Արմավիր], կարող ա` Էրևան: Օրինակ` դեկտեմբերին մտածել էի, որ արձակուրդ տան, էթայի Էրևան, մի գործ ճարեի, բայց գնայի-գայի, չմնայի ընդեղ: Մի քիչ նենց նորմալ փող ըլնի, որ ես կարանամ իմ նպատակներին հասնել», - ասում է Եղսիկը: - Ինձ էլ ուրիշ բան պետք չի»:
|
||||||||||||||||||||||||||||||
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.