«Հայ Ձմեռ պապ-2008». մի անհաջող քայլ ու մի ամբողջ կյանք` ապաքինվելու կամ զղջալու համարՀուլիսի 7-ին, երբ Քելբաջարում գտնվող զորամասի «վերկացին» մնացել էր 1-2 ժամ, Գարիկը որոշեց վերջ տալ իր կյանքին: Ընտանիքի անդամներն ասում են, որ հրամանատարի` նախորդ օրվա սպառնալիքների ազդեցության տակ, ուղղված ոչ միայն անձամբ իրեն, այլև իր ընտանիքի անդամներին, Գարիկը վեր է կացել ժամը 5-ի մոտ, գնացել է զորամասի էլեկտրական ենթակայան ու փորձել ինքնասպանություն գործել` բռնելով բարձր լարման էլեկտրական լարերը: Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում ուշքի գալուց առաջ Գարիկը հինգ օր անգիտակից վիճակում էր: Նա պատմում է, որ մի քանի ամիս հոգեբանական ճնշման ու ծեծի է ենթարկվել գումարտակի հրամանատարի կողմից: (Ընտանիքի անդամները չեն ցանկանում ավելի մանրամասն խոսել միջադեպի մասին, քանի որ զինդատախազությունը գործ է հարուցել, և այն նախաքննության փուլում է:) Ըստ զինդատախազության` հրամանատարն այժմ ձերբակալված է: Գարիկը կապի դասակի հրամանատար էր, կոչումով` ավագ: Այդ կոչմանն արժանացել էր, երբ Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետն ավարտելուց հետո (ֆիզիկոսի ու ծրագրավորողի մասնագիտությամբ) զորակոչվել էր բանակ ու վեց ամիս ծառայել Արտաշատի կապի ուսումնական զորամասում: (Ըստ նախկին ժամկետային ծառայողների` որոշ զորամասերում ավագի կոչումը չի հարգվում ոչ շարքային զինվորների, ոչ էլ սպաների կողմից: Ավագներն ի պաշտոնե կրում են սպայի պատասխանատվություն, սակայն որոշ զորամասերի ներքին խոհանոցի համաձայն` սպաներն ավագներին թույլ չեն տալիս լիարժեք օգտվել իրենց վերադաս կարգավիճակից, իսկ զինվորները, իմանալով այդ մասին` օգտագործում են ի նպաստ իրենց` շատ դեպքերում անտեսելով ավագների հրահանգները` սպաներին լարելով ավագների դեմ:) Արդեն լրացել էր Գարիկի երկամյա ծառայության առաջին տարին: Ընտանիքին ուղարկած նամակներում ոչ մի ակնարկ չկա նրա առջև ծառացած դժվարությունների մասին: Գեղեցիկ ձեռագրով գրված նրա նամակները լի են հայրենիքին ծառայող երիտասարդի հպարտությամբ: Մայիսին ուղարկված վերջին նամակում, ինչպես և նախորդներում, գրել է. «Ինձ համար չանհանգստանաք, ամեն ինչ լավ կլինի: Կզորացրվեմ ու կգամ, որ ձեզ օգնական լինեմ»: Հիմա այս նամակները գանձ են, բայց և… «Սրանք ինձ համար սրբություն են,- ցույց տալով բանակային նամակները` ասում է մայրը` տիկին Գոհարը, ու բացատրում: - Ինչ պրոթեզավորում էլ արվի, ես հո գիտեմ, որ սրանք անկրկնելի տողեր են. իրա ձեռքով են գրված»: Միքայելյանների ընտանիքն Աշտարակում հայտնի է որպես համերաշխ, աշխատասեր և ընկերասեր հայկական օջախ: Նրանց հարազատներն ու Երևանի ընկերները սիրում են այս օջախում հավաքվել, քանի որ յուրաքանչյուր հավաք վերածվում է փոքրիկ տոնի: Միաքայելյանները հայտնի են նաև իրենց բարեգործությամբ. 1990-ականների սկզբին, երբ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առաջին անգամ Աշտարակում հանգանակություն էր կազմակերպել կարիքավոր ընտանիքների համար, Միքայելյանները ոսկե մատանի նվիրաբերեցին հիմնադրամին: Գոհարն ասում է, որ ավանդույթի պես միշտ ճանապարհել է ծառայության մեկնող իր աշակերտներին, իսկ (հին ավանդույթի համաձայն) փետրվարի 23-ին` խորհրդային բանակի օրվա կապակցությամբ` քաղցրավենիքներով ծանրոցներ ուղարկել: «Բոլորին հարազատ որդուս պես եմ սիրել: Իսկ Գարիկը ցախ էր ջարդում, և միասին տանում էինք դպրոց վառարանը վառելու, որ դասերին երեխաները չմրսեն»: Գարիկի հայրը` Գուրգենը, մեխանիկ է, սակայն դուրս է եկել աշխատանքից, որ տղային թև ու թիկունք լինի: Իսկ 18-ամյա քույրը` Վարյան, այս տարի ընդունվել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի նկարչության բաժին: «Այնպես ստացվեց, որ Գարիկի դեպքը զուգադիպեց Վարյայի ընդունելության քննությունների օրերի հետ, և աղջիկս հրաժարվում էր քննության գնալ: Ասում էր`ես չեմ կարող ձեռքերով նկարել, երբ եղբայրս ձեռքերը կորցրել է»,- պատմում է մայրը: Եվ այսօր Միքայելյանները թերթում են իրենց կյանքի էջերը` կարծես, փորձելով հասկանալ, թե ինչու ճակատագիրն իրենց այսպես դաժանորեն պատժեց: Միաժամանակ փորձում են առաջ նայել:
«Միակ սփոփանքս այն է, որ որդիս ողջ է»,- ասում է Գոհարը: «Բայց եկեք հետ չնայենք,- ասում է Գարիկի հայրը: - Եկեք առաջ նայենք: Այսօր մեր միակ նպատակն է Գարիկին տեսնել այնպես, ինչպես տեսնում էինք բանակ գնալուց առաջ»: «Հայ Ձմեռ պապ» հիմնադրամը քաջ գիտակցում է այն նուրբ հարցերը, որոնք առնչվում են այս դեպքին` լինի դա բանակում ենթադրաբար կատարված հանցագործությունը, թե ինքնասպանությանն առնչվող բարոյական հարցերը: Սակայն մեզ նաև շատերի նման հայտնի է, որ այսօր ծառայությունը հայոց բանակում նման է բանտարկության շատ երիտասարդների համար, որոնք զորակոչվում են միայն, որպեսզի ենթարկվեն զինակիցների հալածանքներին, որոնց հետ պետք է Կողք կողքի կռվեն: Հանուն մի երիտասարդի, որն ահավոր սխալ է գործել, սակայն որի առջև դեռ ապրելու մի ամբողջ կյանք կա, մենք հորդորում ենք «ԱրմենիաՆաուի» ընթերցողներին` աջակցել Գարիկի պրոթեզավորման հարցը լուծելու ջանքերին:
|
||||||||||||||||||||||||||||||
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.