Խաչատրյաններ. 15 մետր և հավատ
Աշխարհի բան ու գործից անտեղյակ Տաթևում մարդիկ ապրում են իրենց հոգսերով ու խնդիրներով` աշնանացանը կհասցնե՞ն, թե՞ ոչ, անասնակերը կհերիքի՞ այս ձմեռ, թե՞ պակասություն կանի, եղանակը դեռ երկա՞ր տաք կմնա… ու ամեն ինչի պատասխանը վերջանում է հարցով: «Ապրում են, էլի, յոլա են գնում: Դե, ի՞նչ անեն, իրենց էլ էս ա բախտ վիճակվել: Բայց ասեմ` լավն էն ա, որ վերջին տարիներին էլ գյուղը չեն լքում»,- ասում է գյուղապետն ու ցույց տալիս Խաչատրյանների խրճիթ տանող ճանապարհը: Գյուղում ամեն ինչ այնքան գեղեցիկ է, որ չեն վախեցնում նույնիսկ ցեխոտ փողոցները, որտեղ կոշիկներդ մոռանում են քաղաքի բարեկեցության մասին: Նեղլիկ գյուղական փողոցները` երկարավուն պատշգամբով ինքնատիպ տներով, փոխարինում են մեկը մյուսին: Գյուղի լռությունը խախտում է ինչ-որ տեղ փայտ ջարդող կացնի ձայնը: Ես գնում եմ այդ ուղղությամբ, դեռ չեմ մտել բակ, բայց հասկանում եմ, որ այստեղ է ապրում իմ որոնած ընտանիքը: Միջին տարիքի տղամարդն ուժեղ հարվածներով փայտը երկու կես է անում: Հետո ուղղում է ծռված գլխարկը, գլուխը վեր բարձրացնում, նկատում իմ հայացքը, ժպտում ու ներս հրավիրում: Ժպիտին պատասխանում եմ ժպիտով, որի մեջ նաև բարև կա, ու ներս մտնում: Տղամարդն ընդառաջ է գալիս: Ես համառոտ բացատրում եմ այցիս նպատակն ու փորձում ներս գնալ: Զգում եմ, որ խուսափում է ներս հրավիրելուց, բայց ես փորձում եմ ամեն ինչ մեղմացել, նա տեղի է տալիս, ու ներս ենք մտնում: Ներսում` հենց դռան մոտ, Չարժոկի կինը` 49-ամյա Գրետան, թասի մեջ լցված ամաններն է լվանում: Գետնին դրված է պարկով ալյուր, մի քանի գլուխ կաղամբ: Մի քայլ էլ եմ անում դեպի առաջ, դեռ տեղ կա ոտքս դնելու: Վառարանը կրակից շիկացել է, շիկնել են նաև Գրետայի այտերը, նա ամաչում է հյուր ընդունել: «Ես անհարմար եմ զգում, բայց մեր ապրուստն էս ա»,- ասում է 57-ամյա Չարժոկը: Հողից հատակ, հողից պատեր, գերաններով կապված առաստաղ, որի վրա դարձյալ հող է լցված: Պատերը զարդարում են թելի վրա շարված կարմիր տաքդեղի ու սխտորի համեստ շարուկները: Դուռը նման է հաստ ստվարաթղթի: Չորս մահճակալները խնամքով ծածկված են ծածկոցներով: Չքավորության կողքին մաքրություն է տիրում: «Դե, սա իմ պապական տան թոնրատունն է եղել ժամանակին, հայրական տունս էլ քիչ այն կողմ է: Բայց ես ամուսնացա ու այնտեղից դուրս եկա, եղբայրս է այնտեղ ապրում ընտանիքով,- ասում է Չարժոկը, իսկ հետո` փորձելով իրենց կացարանն արդարացնել, ասում է: - Դե, մեր պապերը ժամանակին մի բան իմացել են, որ թոնրատներում են ապրել, հողե հատակին, ու դրա համար էլ այդքան առողջ են եղել»: Չարժոկի 14-ամյա որդին` Դավիթը, դպրոցում է, իսկ մյուսը` 16-ամյա Նավասարդը` այգում, բայց տուն չի մտնում, անգամ մոր կանչելուց հետո: «Գիտի, որ տանն օտար մարդ կա, ամաչում է ներս գալ: Անգամ ընկերներին տուն չի բերում: Դե, տղա երեխա է` նեղվում է, էլի»,- ասում է մայրը: Խաչատրյանների ընտանիքն ապրում է Աստծուն ապավինելով: Ընտանեկան նպաստը հերիքում է ամսական մեկ պարկ ալյուրին, որն այսօր արժի 12.000 դրամ, էլեկտրաէներգիայի վարձին, ու մի քիչ էլ կարողանում են մակարոնեղեն ու շաքարավազ գնել խանութից: Գյուղապետ Մուրադ Սիմոնյանն ասում է, որ գյուղի համայնքի պահուստային ֆոնդից մի փոքր հողատարածք են հատկացրել Խաչատրյաններին, որ գոնե ձմեռվա կարտոֆիլ ունենան: Փոքր տնամերձ հողամասում էլ կաղամբ ու գազար են աճեցնում, մի քանի խնձորի ծառ կա ու վերջ: Չարժոկը չի մոռանում նշել նաև իրենց ունեցած միակ կովի մասին, որին աչքի լույսի պես են պահում: «Ի՞նչ են այսօր եփելու» հարցին Գրետան ուսերն է թոթվում, ասում է` կարտոֆիլը կա, լոբին կա, Աստված մեծ է, սոված հո չե՞ն մնա, յոլա կգնան: «Դե, գյուղի նման սնվում ենք, չենք բողոքում: Դե, միս էլ, թե ուժներս պատում ա, առնում` ուտում ենք, թե չէ` չենք ուտում»,- ավելացնում է Չարժոկը հպարտությամբ: Գյուղացիներն ասում են, որ Չարժոկն աշխատասեր մարդ է ու ամեն աշխատանք անում է, որ ընտանիքը պահի: Գյուղապետ Սիմոնյանն ասում է, որ նույնիսկ գերեզմանափորություն է անում` միայն թե երեխեքի վիզը ծուռ չթողնի: Խաչատրյաններն էլ, իրենց հերթին, շնորհակալ են գյուղացիներից: Գրետան ասում է, որ օգնում են` ով ինչով կարող է: «Հարևան Նորան, այ, իրա էշը տվել ա մեզ, իսկ մի էշը էսօր 40.000 դրամ ա: Դրանով գնում ենք, անտառից փետ-մետ բերում վառելու համար,- ասում է Գրետան: - Իսկ խանութներից էլ, դե, հա գրվում ենք` բերում: Դե, չի լինում, էլի, երեխա են, շոր են ուզում, դպրոց են գնում, հազար ու մի բան կա, մենակ հո ուտելով չի՞ վերջանում: Ապրեն, որ մեզ ըսենց պադերժկա են անում, թե չէ կորիլ դենք»: Չարժոկն անընդհատ ծխում է, բայց որքան էլ փորձում է ամեն ինչ կատակի տալ, չի կարողանում թաքցնել ընտանիքում տիրող թշվառությունը: Նա խոստովանում է, որ արդեն 18 տարի ապրում են այս խրճիթում, ու ինքն ամեն ինչ անում է, որ գոնե մի «երկու պատ սարքի» տղաների համար, բայց չի կարողանում: «Տղաներս էստեղ են ծնվել, մեծացել, հազիվ հասցրել եմ ուտելուն, կյանքը շատ ա բարդացել: Էս ա մեր վիճակը` ամառ-ձմեռ, քնել, լողանալ, ճաշել, մենք ենք ու էս 15 քառակուսի մետր տարածքը»,- ասում է նա: Ամուսիններով առողջությունից չեն բողոքում ու ասում են, որ իրենց պահուստային ֆոնդում միայն դա ունեն: Վերջում Չարժոկը չի մոռանում նաև ասել, որ «115 հատ ոտանավոր ունի գրած»: «Բայց, հեն ա` բոլորը քնեցրած են»,- ասում է նա: Գրում է 1970 թվականից: Նա արտասանում է մի քանիսը, ինքն իրեն գնահատում: Ու վերջում էլ ավելացնում. «Հավատն ա մարդու կյանքի ընկերը, հույսը: Եթե դա չլիներ, հիմա մենք վաղուց կորել էինք էս կյանքում»: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.