Ղուկասյանները. «Ինչքան էլ աշխատենք, չի հերիքում»
Ղուկասյանների բազմանդամ ընտանիքը, սակայն, խորդանոց գնալու հարկ չունի. նրանք վառարանն իրենց խոհանոց-միջանցքից ընդամենը տեղափոխելու են հյուրասենյակ-ննջարան: Ամռանը վառարանը վառում են` ճաշ եփելու համար, ձմռանը` ճաշ եփելու ու տաքանալու: Երկու սենյականոց բնակարանը մրոտված է աթարի ծխից, որը միակ վառելիքն է: Գյուղի խնդիրներն ավելի խիստ են արտահայտված 40-ամյա Հրանտի ու 37-ամյա Գոհարի ընտանիքում: Տարվա մեծ մասը վաստակի հնարավորություն չունեն, ապրում են 1988 թ. երկրաշարժից հետո վթարային դարձած, երբեք կոսմետիկ վերանորոգում չտեսած պատերի ներսում: Տան ավագները` 18-ամյա Գուրգենն ու 17-ամյա Գարիկը, ապագա չեն տեսնում գյուղում, սպասում են` գնան բանակ, գան, որ գյուղի երիտասարդների մեծ մասի նման լքեն այն: Դպրոցականներ 15-ամյա Աստղիկի, 11-ամյա Գևորգի ու 6 տարեկան երկվորյակներ Աննայի ու Արմինեի միակ հետաքրքրությունը դասերն ու հեռուստացույցն են, որ գնել են տոկոսով վերցրած գումարով: Տուն չունենալու հիմնական պատճառը Հրանտի փախստական լինելն է: Բաղրամյան գյուղում ապրող քրոջ տուն հյուր էր եկել, երբ պատերազմը սկսվեց, և չկարողացավ վերադառնալ տուն: Հանդիպեց Գոհարին, և նրանք ամուսնացան, երբ ինքը 21, իսկ Գոհարը 18 տարեկան էր: Այդ ընթացքում Հրանտը ռազմական ջոկատում վարորդ է աշխատում, բայց վթարի ժամանակ վնասելով աչքը` զրկվում է աշխատանքից: Առանց աշխատանքի ու տան երիտասարդի ընտանիքը ստիպված տեղափոխվում է Շիրակի մարզի Ծաղկուտ գյուղ, որտեղ այն ժամանակ դեռ 5 անդամից բաղկացած ընտանիքի հայրը կոլխոզում կրկին վարորդ է աշխատում: «Սկզբում, որ նոր էինք ամուսնացել, աշխատանք կար, էսքան երեխա չունեինք, յոլա էինք գնում: Ժամանակի հետ պայմանները վատացան, երեխաները շատացան...»,- պատմում է Հրանտը: Վրա է հասնում հաջորդ ձախորդությունը: «Մեծ տղաներս 4 ու 5 տարեկան էին, երբ հիվանդացան պոչկեքից: Մի քանի ամիս հիվանդանոցում էինք: Էլ հետ չդառանք Ծաղկուտ, ընդեղ ձմեռը ճամփեքը փակվում էին: Մենք էն պայմանով, որ Ամասիան ու հիվանդանոցը մոտիկ են, էկանք ստեղ, որ հանկարծ ցավեր սկսվեն, կամ ազոտը բարձրանա, արագ հասցնենք հիվանդանոց»,- հաջորդ ձախորդության պատմությունն է անում Գոհարը: Ծաղկուտից տեղափոխվել են Արեգնադեմ 1996 թ.: «Սկզբից որ էկել էինք, ապրում էինք Քնար տատի տանը. համ իրան էինք խնամում, համ էլ ապրում էինք: Մարդը Ռուսաստան էր, որ եկավ, կնգան պիտի տաներ, տունը ծախեց, մենք էլ էկանք ստեղ ապրենք,- շարունակում է Գոհարը: - Բայց, դե, մի տեղ է մերը, սաղ իրար գլխու քնում ենք, իրար գլխու հելնում»: Ապրում են 8 հոգով երկու սենյակում. ավագ տղաները քնում են չտաքացվող սենյակում, մնացած 6 հոգով` երկվորյակներն ու Գևորգը միասին, Աստղիկն ու ամուսիններով, քանի որ արդեն մեծ է, առանձին, վառարանով հյուրասենյակում: Այն առաստաղ չունի, մրոտված պատերն ու տանիքի մրոտված գերանները տեղ-տեղ փակում են հին ու նոր ծածկոցներով: Բայց այդ տունն էլ իրենց չի պատկանում, համայնքի սեփականությունն է: Անցյալ տարի գյուղապետ Աղունիկ Հազրյանը համայնքի սեփականություն հանդիսացող մի ուրիշ տուն է հատկացրել նրանց, որ տեղափոխվեն: «Որ խոսում էինք տան մասին, ու Աստղիկն իմացավ` ինքը ջոկ սենյակ ա ունենալու, ուրախությանը չափ չկար»,- պատմում է Գոհարը: Բայց Աստղիկի ուրախությունը իսկապես իրականություն դեռ չի դարձել, քանի որ տունը վերանորոգման կարիք ունի` հատակի ու պատուհանների փայտերը փտած են: Տունը երկու սենյակ է եղել, սակայն միջնապատը խարխուլ է եղել, և այն քանդել են: Հիմա այն մի մեծ սենյակ է, որը պետք է բաժանել 3-4 փոքր սենյակների: «Շատ բան ենք ուզում, օրինակ, տան դիմացի քարից փայտանոցը շատ լավն է, փող ունենանք, պատենք, միացնենք տանը, շատ սիրուն, մեծ տուն կունենանք, համ էլ բոլորին սենյակներ կլինեն: Էրեխեքս ներկա դրությամբ հասունացած են, էրեխա է, բանակ գնաց-եկավ, մի տարի հետո` մյուսն է իրա հետևից, աղջիկներս էլ արդեն մեծ են, բայց ջոկ սենյակ չունին: Ոչ ուտելու տեղն ա հասկանալի, ոչ քնելու տեղը, ոչ նստելու տեղը»,- երազանքների ու իրականության մեջ է Գոհարը: Վերջերս Հրանտը հարևաններից հին, բայց պիտանի մի քանի պատուհան է վերցրել, տեղադրել. «Սրանք մարդիկ գոմի պատուհան են դնում, բայց մենք ճար չունենք, եթե ներկենք, լավ կլինի, բայց պոլերն էլ են փտած, ուզում եմ քանդեմ, վերանորոգեմ, հնարավորություն չկա: Ուրիշները շինանյութ ունեն, բայց մարդ չկա, որ իրանց տունը սարքի, իսկ իմ ձեռից ամեն ինչ գալիս ա, բայց շինանյութ չունեմ, որ այս տունը վերանորոգեմ ու էրեխեքիս հանեմ էն տնից»: Որպես փախստական Հրանտը դիմում է գրել պետությունից տուն ստանալու համար, բայց դեռ ոչինչ չի ստացել. «Մենք էն մարդիկ չենք, որ գնանք մարզպետարան դիմենք, պատգամավորներին, ասում են` հերթի մեջ եմ, սպասում եմ»: «Սաղ կյանքիս միակ երազանքն ա եղել տուն ունենալ,- ասում է նա, - բայց, դե, էրեխիս աչքը ինձ շատ է ցավ պատճառում: Ասում են` կրնան ակնոցով դզեն, ես չեմ փորձել: Գնացի Ղուկասյան, ասեցին` տարեք Երևան, Երևանի էլ հալ չունենք»: Աննային Երևան աչքի բժշկի տանելու համար մի հոգին առնվազն 4,000 դրամ (մոտ 12 դոլար) պետք է ծախսի ճանապարհին: Բայց ընտանիքի ծախսերի մեջ այդ 4,000 դրամը ոչ մի կերպ չի մտնում: Ընտանիքի ամսական նպաստը 47,500 դրամ (մոտ 115 դոլար) է: Ամռանն ավելի հեշտ է. գնում են խոտ հնձելու` 15-20 օրում մոտ 35,000 դրամ աշխատելով: Մասուրը մեկ կամ երկու շաբաթ են հավաքում` սեպտեմբերի վերջին: Այս տարի բերքը քիչ է եղել` 2,5 պարկ, մոտ 60 կգ, վաճառել են 80-150 դրամով կամ փոխանակել պոմիդորով ու կարտոֆիլով, վաստակել են ընդամենը 6000 դրամ: Կարտոֆիլը ցանում են տնամերձում, Գոհարը հուսով է, որ այս տարվա ցանածը այս ձմեռը կհանի: «Գազար ու կաղամբ էլ էի ցանել, բայց ոչ մեկը չծլավ»,- կարծես ձախորդությունների պատմությունն է շարունակում նա: «Ինչքան էլ աշխատենք` չի հերիքում: Ո՞նց կարող ա հերիքել, 4 երեխաները դպրոցական են, մենակ իրանց համար տետր-գրիչ առնելով որ մնա, չի հերիքի»,- սրտնեղում է Հրանտը: 18-ամյա Գուրգենը պատրաստվում է բանակ գնալ, բայց չգիտի` ինչ է անելու վերադարձին. «Չեմ կարող ասել` ինչ կլինի: Ստեղ պայմաններն էնպիսին են, որ պետք էլ չէ մնալ, ստեղ տեղ չէ, էլի, ոչ աշխատանք կա, ոչ ապրելաձև կա, ավելի ճիշտը` էն թարափներն էրթաս, որ մարդն ընդեղ գործ կրնա գտնել: Ստեղ հեչ բան էլ չես կրնա յոլա երթաս, թե չէ, որ գործ եղնի, գյուղում ավելի լավ է, կուզեմ ստեղ մնամ»: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.