Անցյալն ու ներկան. ազատագրված Շուշիում տարեց զույգը մաքառում է գոյատևելու համար
Փոքրիկ սենյակի անկյունում մահճակալում պառկած, կաթետերներով միացված Լիպարիտ պապիկը` չնայած իր այդ վիճակին, փորձում է, հին սովորության համաձայն, հյուրին դիմավորել սիրած բանաստեղծական տողերի արտասանությամբ, սակայն տանջող ցավը նույնիսկ խոսելու ուժն է խլել... 80-ամյա Լիպարիտ պապիկի և 75-ամյա Նորա տատիկի ընտանիքը մեկն է Շուշիի այն բազմաթիվ ընտանիքներից, որոնք կիսել են քաղաքի ու էթնիկ զտումներից մազապուրծ եղած իրենց սերնդի ծանր ճակատագիրը: Նրանք 1988 թվականին Բաքվից բռնի տեղահանվածներից են: Դեռևս Բաքվում ապրելու «այն անհոգ» տարիներին անբուժելի հիվանդությունից մահանում է նրանց դեռահաս տղան` այդպիսով խաչ քաշելով անհոգ տարիների վրա: Շուշիում դժվարությամբ հաստատվելուց հետո սկսվում է Արցախյան պատերազմը, և նրանց երկու որդիները կամավոր միանում են պաշտպանության ուժերին: «Մեկն ամուսնացած էր, երկու երեխա ուներ, իսկ մյուսը` ոչ: Մի օր երկուսով որոշեցին, որ գնում են հայրենիքը պաշտպանելու»,- պատմում է Նորա տատիկն ու լռում` երևի չցանկանալով շարունակել ողբերգական պատմությունը. երկու որդիները երկու տարվա ընթացքում բազմաթիվ անգամ վիրավորվելուց հետո զոհվում են` թողնելով ծնողներին միայնակ: Պատերազմի ժամանակ Լիպարիտը Ստեփանակերտի հիվանդանոցներում կամավոր օգնում էր վիրավոր զինվորներին «ինչով կարող էր»: Այժմ նրան օգնում է կինը, որը, ի տարբերություն իրեն` դեռ ոտքի վրա է: «Ամեն անգամ գրկում եմ, զուգարան տանում կամ իջեցնում բակ, որպեսզի տաքսիով հիվանդանոց տանեմ` շատ հաճախ մոռանալով, որ ես էլ եմ վատ, թույլ»,- պատմում է Նորան: Ծերունիներն ապրում են առանց օգնության: Երկու թոռները նրանց հետ հազվադեպ են հանդիպում. «Միայն մեկն է գալիս, էն էլ` փող խնդրելու` աղքատ են»: Նորան ու Լիպարիտն ապրում են 53.000 դրամ թոշակով, որից 20.000-ը տալիս են դեղորայքին: Սակայն Նորան չի բողոքում փողի պակասից, ասում է` մի կերպ հերիքում է. նույնիսկ ամեն առավոտ կարողանում է ամուսնու համար թթվասեր ու հյութ գնել: Նրանց երեք սենյականոց բնակարանի լույսերը վառվում են միայն մութը լրիվ ընկնելուց հետո` խնայելով էլեկտրաէներգիան: Խոհանոց հիշեցնող սենյակում կախված ճերմակ սրբիչներն են միայն խոսում տանտիրուհու մասին, մնացած եղած-չեղածը չքավորության ապացույց են: Բաղնիքը «տեղափոխված» է պատշգամբ, «որովհետև փայտի վառարանն այնտեղ է հնարավոր լինում վառել», եթե, իհարկե, փայտ է լինում: Նորա տատիկն ասում է, որ այս տարվա լողանալու համար դեռ մի քանի կտոր փայտ կա: Երեք սենյականոց բնակարանի մի սենյակում Լիպարիտ պապիկն է պառկած, իսկ մյուսում` կնոջ անկողինն ու գրադարանն է, որտեղ նա «օրական երկու ժամ կարողանում է առանձին լինել ու հանրագիտարան թերթել»: «Առավոտից մինչև ուշ գիշեր ամուսինս երեխայի պես լացում է: Ցավին չի դիմանում: Նրա լացի ձայնից նույնիսկ հարևաններն են նեղվում, բողոքում: Ես էլ մի կերպ եմ դիմանում, բայց ի՞նչ անեմ: Տղաներիս կորցնելուց հետո սիրտս քար է դառել: Ես նրանից բացի ոչ ոք չունեմ...»: Չորս տարի շարունակ ամուսնուն խնամելուց հետո կնոջ մոտ արյան հետ կապված լուրջ խնդիրներ են առաջացել, իսկ վերջերս էլ սկլերոզ է հայտնաբերվել: «Վախենում եմ բժշկի գնալ, որովհետև պիտի ասեն` բուժվի,- խոստովանում է Նորա տատիկն ու ավելացնում: - Ես որ գնամ բուժվելու, ո՞վ ա էս մարդուն տիրություն անելու»: «Զարմանում եմ, թե այդքան ցավ տեսած մարդիկ ոնց են պահպանել իրենց բարությունն ու ժպիտը»,- ասում է հարևանությամբ ապրող Ջուլյան: «Այն տարիներին, երբ երջանիկ ու բազմանդամ ընտանիք ունեի` աթեիստ էի: Իսկ այսօր միակ հույսս Աստված է: Հավատում եմ, որ ինձ չի մոռանա, ու ամուսինս` թեկուզ դեղերով, բայց մի օր ոտքի կկանգնի»,- ասում է Նորա տատիկը: Ուրիշ ոչինչ Նորա տատիկը չի ուզում: Հա, մեկ էլ մի քիչ կարողանա փող խնայել` փայտ ձեռք բերելու համար, որ «գոնե շաբաթը մի անգամ` տասը րոպեում արագ լողանա»: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.