«Հայ Ձմեռ պապի» հաջողության պատմություն. հաստատակամություն

Կարապետյան տղաների դեմքերը դեռևս մանկական են, սակայն աչքերում մանկություն արդեն չկա: Գոյատևման պայքարը, որ նրանք մղում են, երևում է նրանց հուսահատ հայացքում, որ միայն իրենք կարող են լիովին հասկանալ: Ընտանեկան ողբերգության ստվերը կախված է Կարապետյանների տան վրա. ընտանիքի հայրը` 46-ամյա Գագիկ Կարապետյանը, հոգեկան խանգարման պահին երեխաների աչքի առաջ սպանել է նրանց մորը` 36-ամյա Լուսինեին, և ինքն էլ որոշ ժամանակ անց մահացել է հոգեբուժարանում: Եվ այժմ որբացած ընտանիքը մաքառում է կյանքի դժվարին ճանապարհին` հոգեպես ու ֆինանսապես:

Այդուհանդերձ, տղաները հույսեր են կապում ապագայի հետ: «Ամեն ինչ լավ կլինի»,- ասում էր 13-ամյա Ռուբեն Կարապետյանը «ԱրմենիաՆաուին» տված առաջին հարցազրույցում: 2006 թ. հոկտեմբերի 4-ին «Հայ Ձմեռ պապ» ծրագիրն այցելեց Ռուբենին ու նրա երկու եղբայրներին` 15-ամյա Վրեժ և 11-ամյա Հայկ Կարապետյաններին Սիսիանի շրջանի Դարբաս գյուղի նրանց խարխուլ տանը:

Ընտանիքի գլխավորի դերը ստանձնած Վրեժը, որը ժամանակին ջանասեր աշակերտ էր, հոգսերով ծանրաբեռնված լինելու պատժառով դժվարանում էր դասերը պատրաստել: Ծնողների մահվանից հետո Վրեժն ու միջնեկ եղբայրը` Ռուբենը, թողնելով հայրական կիսակառույց տունը, տեղափոխվել են պապի ավերակված տուն, որտեղ ապրում են 83-ամյա տատի` Արշալույս Կարապետյանի և անկողնուն գամված նրա ամուսնու` 86-ամյա Ռուբեն Կարապետյանի հետ: Փոքր եղբայրը` Հայկը, սովորում է Սիսիանի թիվ մեկ հատուկ գիշերօթիկ դպրոցում: Ամեն աստծո օր ընտանիքն ապրում է իր ողբերգությունը, որին գումարվում է օրվա հաց վաստակելու հոգսը:

«Ես ո՞նց կարամ էրեխեքին պահեմ, երբ էլ ոչ մի միջոց չունեմ,- լաց էր լինում Արշալույս տատը: - Մենակ գիտեմ` երբ ա ցերեկ, երբ ա գիշեր»: «ԱրմենիաՆաուի» հետ առաջին հանդիպման ժամանակ նա ասում էր, որ իր «երեք երեխաները չեն դիմացել կյանքի դժվարություններին... Նրանց տունը հիմա լքված է: Ոչ մեկը չի հոգում մեր մասին, հազիվ եմ պահում իմ փոքրիկ որբերին»:

«Հայ Ձմեռ պապ» ծրագրի միջոցով Կարապետյանների ընտանիքի հուսահատ վիճակին արձագանքեցին երևանցի մի խումբ դպրոցականներ` իրենց տնօրեն Անահիտ Բախշյանի հետ, որն այժմ ԱԺ պատգամավոր է: «[Մեր դպրոցին] «Հայ Ձմեռ պապ» ծրագրի ներկայացրած բոլոր պատմություններից այս երեխաներն ամենաանօգնականն էին,- բացատրում է Անահիտ Բախշյանը: - Այս երեխաների ճակատագիրը լուրջ մտահոգություն էր առաջացնում... [սակայն] սա ընդամենը մեկ կաթիլ է ծովում»:

«Հայ Ձմեռ պապի» ֆիլմերը դիտելուց հետո Բախշյանի աշակերտները, այդ թվում` Գայանե Քյասինյանն ու Ժորա Իսպիրյանը, որոշեցին դրամահավաք կազմակերպել Վրեժի ու նրա ընտանիքի համար: Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցի աշակերտները սկսեցին այն գումարով, որն արդեն գոյացել էր Չարլզ Դիքենսի գործերից մեկի բարեգործական բեմադրության ժամանակ: «Միայն պատկերացրեք այդ պայմանները»,- ասում է Գայանեն Կարապետյանների խարխուլ, կիսակառույց տան մասին` առանց խմելու ջրի ու արտաքին աշխարհի հետ որևէ կապի:

2007 թ. մարտի 17-ին «Հայ Ձմեռ պապը», տիկին Բախշյանի, Գայանեի, Ժորայի ու մի քանի այլ աշակերտների հետ յոթժամյա ճանապարհ կտրելով, այցելեց Վրեժին ու նրա ընտանիքին: Երեխաները Վրեժին հանձնեցին նրա անունով մի տուփ, որ երկու ամիս պահել էին դպրոցում` դրամ հավաքելով 15-ամյա պատանու համար: Տուփում, որ գնահատման ու զարմանքի մեծացող ժպիտով բացում էր Վրեժը, աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները հավաքել էին 103.640 դրամ (մոտ 310 դոլար):

«Երկու տարվա մեջ սա իմ առաջին երջանիկ օրն է: Հավատս չի գալիս, որ ինչ-որ մեկն այդքան ճանապարհ է կտրել մեր ընտանիքին օգնելու համար»,- ասաց Արշալույս տատը «Հայ Ձմեռ պապի» ու Բախշյանի աշակերտների մասին: Հավաքած փողից բացի դպրոցականները Կարապետյանների համար բերել էին այնքան անհրաժեշտ պահածոներ, հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ, անկողնային պարագաներ ու սպիտակեղեն, թեյնիկ ու Աստվածաշունչ: Արշալույս տատի առօրյա հոգսերը թեթևացնելու համար տիկին Բախշյանը նրան լվացքի մեքենա նվիրեց. առաջ տատիկը, անկախ եղանակից, տղաների հագուստը լվանում էր բակում` թիթեղյա դույլի մեջ: Այժմ հնամաշ հագուստով ու սև գոգնոցով այս վտիտ կնոջ կնճռոտ դեմքին միշտ ժպիտ կա: «Աշխարհն ինձ համար մթնել էր, իսկ դուք լույս բերեցիք իմ երեխաներին»,- ասում է նա երախտագիտությամբ:

«Հայ Ձմեռ պապն» ապահովել է տղաներին ոչ միայն կայուն ֆինանսական աջակցությամբ (վերջերս ընտանիքը 10 հավ է ստացել), այլև մշտական բարեկամությամբ ու կապերով: Վրեժը բջջային հեռախոս է ստացել, որով կապ է պահպանում «Հայ Ձմեռ պապի», տիկին Բախշյանի և իր նոր ընկերների հետ: Նա արդեն ինքնուրույն հոգացել է նաև տանը հեռախոս անցկացնելու մասին` բարեկամների ու ազգականների հետ կապ պահպանելու համար:

Սակայն ամենաթանկ ու ամենացանկալի նվերը կրթությունը շարունակելու հնարավորությունն էր: Երբ «Հայ Ձմեռ պապն» առաջին անգամ այցելեց Վրեժին ու նրա ընտանիքը, տղան ասաց, որ սիրում է պատմություն առարկան, սակայն երբ նրան հարցրին` կուզենար արդյոք այդ մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ստանալ, ասաց. «Շատ կուզենայի, բայց չեմ կարող, որովհետև պետք է հոգամ փոքր եղբայրներիս ու ընտանիքիս հոգսերը... Անելիքներն այնքան շատ են, որ կրթության հնարավորություն չի մնում»:

Վրեժի ազնիվ նվիրումն իր ընտանիքին մեծ տպավորություն գործեց «Հայ Ձմեռ պապ» ծրագրի վրա, և դրա շնորհիվ այժմ «Հայ Ձմեռ պապը» ֆինանսավորում է Վրեժի կրթությունը: Ծրագիրը վարձել է կրկնուսույցներ` նախապատրաստելու նրան բուհական քննություններին: Նա ցանկանում է իրավաբան դառնալ: «Հիմա, որ ինձ օգնում են պատրաստվելու, ես փորձում եմ ավելի շատ բան հասցնել,- ասում է Վրեժը: - [«Հայ Ձմեռ պապը»] նաև օգնել է եղբորս, որը շուտով մեկնելու է Հնդկաստան սովորելու»,- ավելացնում է նա: Համագործակցելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ` «Հայ Ձմեռ պապը» առաջարկել է, որ 13-ամյա Ռուբենը սովորելու մեկնի Կալկաթայի հայկական Մարդասիրական ճեմարան:

Արշալույս տատին ու Ռուբեն պապին «Հայ Ձմեռ պապը» համակել է իրենց թոռների ապագայի ու սեփական կյանքի բարելավման նոր հույսերով: ««Հայ Ձմեռ պապը», իհարկե, փոխել է նրանց կյանքը,- հավատացնում է Վրեժը: - Երբ մեզ ֆինանսական օգնություն են ցույց տալիս, դա նշանակում է ֆինանսական օգնություն նրանց: Տատիկս լվացքը ձեռքով էր անում, իսկ հիմա լվացքի մեքենա ունենք... [իսկ] պապիկին ձմեռվա հագուստ են նվիրել»:

«ԱրմենիաՆաուից» ստացած օգնությունը հենց այն էր, ինչ ակնկալում էինք,- ասում է Վրեժը թեթևության զգացումով: - Ոչ մի ուրիշ ճանապարհով այդ օգնությունը ստանալ չէինք կարող: Չեմ պատկերացնում, [թե ինչ էինք անելու], եթե այդ օգնությունը չլիներ»:

Սոսկ գոյատևելուց Կարապետյան տղաներն այժմ պատրաստ են հաստատակամորեն հետամուտ լինելու կյանքում իրենց առաջ դրված նպատակներին, օգտվելու նոր հնարավորություններից: Վրեժը պայծառ աչքերով ասում է. «Դա շատ կարևոր է, քանի որ երբ եղբայրներս երջանիկ են, ես էլ եմ երջանիկ, և այժմ, իհարկե, կարող եմ կենտրոնանալ ուսման վրա և ինձ ավելի ազատ զգալ...»:

Չնայած Դարբասում ապրած ողբերգությանը` Վրեժն իր տարիքին ոչ բնորոշ հասունությամբ ասում է. «Ես դեռ չեմ մտածել [իմ ապագայի] մասին կամ թե ուր եմ գնալու, բայց... հայրենի հողս չեմ մոռանա... Հարազատ հողը, հարազատ օդը բոլորին են ձգում»:

Ինչպես էլ կյանքը դասավորվի, Վրեժը նոր հեռանկար է տեսնում իր և եղբայրների համար, ապագա, որտեղ հույս կա: Դրա համար «ես շատ երախտապարտ ու շնորհակալ եմ [«Հայ Ձմեռ պապի» ցույց տված] օգնության համար: Մենք այդ օգնությունը շատ բարձր ենք գնահատում»:

ԱրմենիաՆաուի էջերում