Ղարաբաղի հարցը Մյունխենում. Մոսկվան առաջընթաց է արձանագրում հայ-ադրբեջանական բանակցություններում
«Մենք փորձում ենք օգնել հայերին և ադրբեջանցիներին ընդհանուր ըմբռնման հասնելու հարցում»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը շաբաթ օրը տեղի ունեցած Մյունխենի Անվտանգության համաժողովի ժամանակ: «Սա, անշուշտ, շատ դժվար հարց է, բայց տեղաշարժ կա… Փոխըմբռնումն ավելանում է, և այն հարցերի թիվը, որոնք պետք է լուծեն բարձրաստիճան պաշտոնյաները, կրճատվում է, և մենք փորձում ենք օգնել»,- հավելել է Լավրովը` ըստ ԶԼՄ-ների հաղորդագրության (Monsters and Critics.com): Դեռ անցյալ ամիս ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հյուրընկալել էր Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին` բանակցելու Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, որից հետո բանակցող կողմերը «ընդհանուր ըմբռնման են հասել» ղարաբաղյան հակամարտության կարգավորման գլխավոր փաստաթղթի պրեամբուլայի (նախաբանի) վերաբերյալ, որը հայտնի է որպես Մադրիդյան սկզբունքներ, և միջազգային միջնորդները` Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան, հուսով են, որ այդ պրեամբուլան ձգձգված ղարաբաղյան հակամարտության հարցում խաղաղ շրջանակային համաձայնագիր կդառնա: Այդուհանդերձ, Սոչիի բանակցություններից առաջ և հետո Բաքվի պաշտոնյաներն հոխորտում են, որ եթե Երևանը չհամաձայնի Լեռնային Ղարաբաղի հարցում կարևոր զիջումների գնալ, ապա հակամարտությունը լուծելու նպատակով Ադրբեջանը կարող է զենքի դիմել: Միևնույն ժամանակ Հայաստանի իշխանությունները անտեսում են հարևանի ռազմատենչ հռետորաբանությունը` նշելով, որ հայկական բանակը կարող է դիմակայել յուրաքանչյուր ռազմական ագրեսիայի, և որ Բաքվի ցանկացած գործողություն աղետալի հետևանքներ կունենա հենց նրա համար: Հայ պաշտոնյաները նաև հորդորում են Թուրքիային` չշաղկապել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Լեռնային Ղարաբաղի բանակցություններում առաջընթացի հետ: Այս բանավոր «պատերազմների» և, հավանաբար, տարածաշրջանում տիրող ընդհանուր իրավիճակի խորը վերլուծության հիման վրա` ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիս Ս. Բլերը փետրվարի 2-ին Սենատի հետախուզության հարցերի հանձնախմբում անցկացված բաց լսումների ժամանակ հայտարարեց, որ Կովկասում տիրող դրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վիճելի հարցի շուրջ պատերազմական գործողությունների բռնկման հնարավոր ազդակ կարող է դառնալ: Ավելի վաղ, ԱՄՆ հետազոտական կենտրոններից մեկը` «Ստրեթֆորը», հանդես եկավ նման զգուշացնող վերլուծությամբ, թե ղարաբաղյան հակամարտությունը կարող է «դուրս գալ վերահսկողությունից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ռազմատենչ հայտարարությունների պատճառով»: Միևնույն ժամանակ, շաբաթավերջին անցկացված Մյունխենի Անվտանգության համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձել է հիմնավորումներ գտնել, թե ինչու է իր կառավարությունը Լեռնային Ղարաբաղի հարցն արագ լուծելու նպատակով ճնշումներ գործադրում միջազգային հանրության վրա, ի թիվս որոնց` ԵԱՀԿ Մինսկի խմբի: Էներգետիկ ոլորտին վերաբերող քննարկումների ժամանակ իր դիտարկումներում Ալիևն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ տարածաշրջանային անվտանգությանն ու զարգացմանը ներկայացնող «գլխավոր սպառնալիքն է»: Նավթային մագնատ երկրի նախագահը շարունակել է պնդել, որ վերջին 2 տասնամյակում հայկական զորքերի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում խաթարել է «տարածաշրջանային լիակատար համագործակցությունը» և կարող է «վնասել Բաքվի հետագա էներգետիկ նախագծերին»: Մինչ այդ, դարձյալ Մյունխենում ՌԴ արտգործնախարար Լավրովը կրկնել է ողջ կովկասյան տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու Մոսկվայի պատրաստակամությունը: «Բոլոր մարդիկ, որոնք դարեր շարունակ ապրել և ապրելու են այնտեղ, պետք է ապրեն խաղաղության մեջ`միմյանց հետ համագործակցելով և ազատ շփվելով»:
Other Articles in Ղարաբաղ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 2 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.