Նոր մոտեցում. Ղարաբաղի նախագահն առաջարկում է վերանայել բանակցային գործընթացի ձևաչափը

Նոր մոտեցում. Ղարաբաղի նախագահն առաջարկում է վերանայել բանակցային գործընթացի ձևաչափը

Ֆոտոլուր

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն առաջարկում է բանակցությունները սկսել նոր հիմքի վրա:

Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը հակամարտության կարգավորման նոր առաջարկ է արել: Փետրվարի 16-ին ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպումից հետո նա հայտարարեց, որ առաջարկել է տարածքային ամբողջականության հարցերի քննարկումը տեղափոխել իրավական հարթություն, իսկ քաղաքական բանակցությունների ընթացքում քննարկել այլ հարցեր:

Սահակյանը չմասնավորեց իր առաջարկության էությունը, սակայն նրա վարչակազմի տեղեկատվության վարչության ղեկավար Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ղարաբաղն առաջարկում է բանակցությունները սկսել նոր հիմքի վրա:

Թեև ղարաբաղյան հակամարտության հիմքում 1991 թվականից անկախություն հռչակած Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումն է, 1993-ից սկսված բանակցություններում առանցքային է դարձել տարածքների պատկանելության հարցը:

Ադրբեջանը պնդում է, որ խախտված է իր տարածքային ամբողջականությունը և հրաժարվում է քննարկել որևէ հարց` առանց հողերի վերադարձման: Հայկական կողմը պնդում է, որ տարածքները լոկ հակամարտության հետևանք են, և այդ հարցը կարելի է կարգավորել միայն Ղարաբաղի կարգավիճակը որոշելուց հետո: Ադրբեջանի պահանջն ընկած է ԵԱՀԿ Մինսկի խմբի հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների հիմքում: Հայաստանը դեռևս չի պատասխանել` արդյոք ընդունո՞ւմ է նորացված Մադրիդյան սկզբունքները` որպես բանակցությունների հիմք:

Տարածքների պատկանելության հարցը կարող է քննարկվել ՄԱԿ-ի միջազգային դատարանում: Սակայն այդ դատարանի վճիռը իրավաբանական ուժ չունի:

Չորեքշաբթի` փետրվարի 17-ին, երբ Կոսովոն տոնում էր անկախության երկրորդ տարեդարձը, Սերբիայի արտգործնախարար Վուկ Երեմիչը հայտարարեց, թե Բելգրադն ակնկալում է, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը Կոսովոյի անկախության հռչակումն անօրինական կճանաչի: Դատարանի որոշումը սպասվում է գարնանը: Սերբիայի արտգործնախարարն ընդգծեց, որ դատարանի վճռից հետո Բելգրադն «ամեն ինչ կանի երկխոսությունը վերսկսելու համար, որպեսզի բոլոր կողմերի համար ընդունելի լուծում գտնի»: Սակայն Կոսովոյի անկախությունը, առանց միջազգային դատարանի վճռի, ճանաչել են արդեն 65 երկիր, այդ թվում` ԱՄՆ-ն և Եվրամիության 20 երկիր:
ԱրմենիաՆաուի էջերում