Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանձնաժողովի հայտարարությունը

Ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանձնաժողովի հայտարարությունը


Կասկածելի քարոզչական դիվիդենդներ ստանալու նպատակով Ադրբեջանի իշխանությունները շարունակում են շահարկել ռազմագերիների մարդասիրական խնդիրը` լկտիաբար մանիպուլյացիաների ենթարկելով ադրբեջանական գերության մեջ հայտնված հայազգի քաղաքացիներին:

Վերջին, առավել քան ակնառու օրինակ է ադրբեջանական կայքերում շրջանառվող տեսահոլովակը, որտեղ գործող անձինք հաստատում են «հայկական բանակում տիրող անտանելի պայմանների եւ Ադրբեջանում հարմարավետ կյանքի» մասին:

Անշուշտ, անգամ Ադրբեջանում գիտակցում են, որ նման «խոստովանությունները» տեղի հատուկ ծառայությունների գործունեության արդյունք են և մեղքն ուրիշի վրա բարդելու միանգամայն անհաջող փորձ:

Սակայն մտահոգության տեղիք է տալիս տվյալ երևույթի մեկ այլ կողմը: Ցինիկաբար օգտագործելով հայ ռազմագերիներին և, փաստորեն, նրանց ծաղրի առարկա դարձնելով` Ադրբեջանի իշխանությունները ոտնահարում են միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` Ժնևյան կոնվենցիաները, որոնք տվյալ կատեգորիայի անձանց հետ վարվելու որոշակի կանոններ են սահմանում:

Այս կապակցությամբ տեղին ենք համարում հիշեցնել, որ Ղարաբաղյան պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմն անընդհատ խախտել է Ժնևյան կոնվենցիաների կանոնները, մասնավորապես` հրաժարվելով ԼՂՀ իշխանություններին տեղեկություններ հաղորդել գերիների մասին, անտանելի պայմաններ ստեղծելով ռազմագերիների եւ պատանդների համար, նրանց ենթարկելով ծաղրի ու խոշտանգումների, ինչի արդյունքում նրանցից շատերը զոհվել են:

Միաժամանակ, արդեն 1992թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հայտարարել է Ժնևյան կոնվենցիաների լրացուցիչ արձանագրությունների լիակատար ճանաչման և դրանց դրույթները անպայմանորեն կատարելու մասին: ԼՂՀ իշխանությունների կողմից Ժնևյան կոնվենցիաներին անվերապահորեն հետևելը բազմիցս հաստատել են միջազգային իրավապաշտպան և մարդասիրական կազմակերպություններ, այդ թվում նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

Ելնելով վերոնշյալից` ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով ԼՂՀ պետական հանձնաժողովը խիստ քննադատում է պաշտոնական Բաքվի կողմից ռազմագերիների և պատանդների նման բացարձակ մարդասիրական խնդրի քաղաքականացումը:

Միաժամանակ, կոչ ենք անում շահագրգիռ միջազգային կառույցներին և առաջին հերթին Կարմիր խաչի միջազգային կոմիտեին համապատասխան կերպով արձագանքել ադրբեջանական կողմի նման գործողություններին և համառորեն խորհուրդ տալ հարգել մարդու տարրական իրավունքները:


Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար
ԱրմենիաՆաուի էջերում