ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության մեկնաբանությունը


1988թ. փետրվարի վերջին Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները իրենց վայրագությամբ և դաժանությամբ ցնցեցին համաշխարհային հասարակայնությանը: Դրանք դարձան ողջ խորհրդային ժամանակաշրջանում ադրբեջանական իշխանությունների վարած հակահայկական քաղաքականության մարմնացումը:

Ցավոք, փետրվարի 27-ից 29-ը պետական ամենաբարձր մակարդակով Սումգայիթում կազմակերպված և իրականացված ջարդերը համարժեք քաղաքական և իրավաբանական գնահատական չստացան, իսկ կազմակերպիչներն ու գլխավոր իրագործողները ոչ միայն պատժից խուսափեցին, այլև առայսօր բարձր դիրքեր են գրավում Ադրբեջանում: ԽՍՀՄ պաշտոնական մարմինները շտապեցին տաբու դնել «սումգայիթ» թեմայի վրա` արհեստականորեն մասնատելով հայերի կոտորածը առանձին հանցագործությունների: Այլ կերպ ասած, իրականացված ցեղասպանությունը քողարկվեց, իսկ կազմակերպիչներն ու կատարողները պաշտոնական մակարդակով պաշտպանվեցին:

Սումգայիթի ցեղասպանությունը լռության մատնելու քաղաքականությունը հնարավոր դարձրեց Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների կողմից հանրապետության ամբողջ տարածքում էթնիկ զտումների իրականացումը, իսկ հետագայում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի դեմ լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի ծավալումը: Ջախջախիչ պարտություն կրելով իր սանձազերծած պատերազմում` պաշտոնական Բաքուն, այնուամենայնիվ, չի պատրաստվում դասեր քաղել ոչ հեռու անցյալից և այսօր էլ շարունակում է ուժեղացնել ռազմատենչ հռետորությունը:

Պաշտոնական Բաքվի` ճշմարտության աչքերին նայել չկամենալը միայն հեռացնում է Արցախի և Ադրբեջանի միջև վստահություն հաստատելու հեռանկարը, առանց ինչի անհնար է հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ու տարածաշրջանային այլ խնդիրների լուծմանը:


Ի գիտություն. Այս նյութը, ինչպես նաև այս խորագրի ներքո ներկայացվող «ԱրմենիաՆաուի» մյուս նյութերը հրապարակվում են անփոփոխ: «ԱրմենիաՆաուն» պատասխանատվություն չի կրում ճշգրտության և թարգմանության համար:
ԱրմենիաՆաուի էջերում