Գարնանը հայ-ադրբեջանական շփման գծում դիպուկահարները կրկին ակտիվանում են

Գարնանը հայ-ադրբեջանական շփման գծում դիպուկահարները կրկին ակտիվանում են

Ֆոտոլուր

Հայ-ադրբեջանական սահման:

Արդեն 15-րդ տարին է, որ գարնան գալուստն աչքի է ընկնում հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում դիպուկահարների մահացու գործողությունների ակտիվացմամբ:

Սա կապված է սահմանամերձ շրջաններում գյուղատնտեսական աշխատանքներ սկսելու հետ, որոնց արդյունավետությունից էլ մեծ մասամբ կախված է տարվա բերքատվությունը և, համապատասխանաբար, մերձճակատային գոտու բնակչության նստակյացության աստիճանը:

Գարնանը դիպուկահարների կրակոցների հաճախացումը ռազմավարական ծրագիր է, որոնց նպատակը բնականոն գյուղատնտեսական աշխատանքները խոչընդոտելն է:

Դա հատկապես սրությամբ է զգացվում է Հայաստանի Տավուշի մարզում, որտեղ հիմնական գերիշխող բարձունքները գտնվում են ադրբեջանական բանակի վերահսկողության տակ և շատ հարմար դիրքեր են դիպուկահարների հատ-հատ կրակոցների համար:

Վերջին տարիներին հենց դաշտում ադրբեջանցի դիպուկահարները սպանել են Կոթի և Բարեկամավան գյուղերի խաղաղ բնակիչների, այդ թվում` մի 15-ամյա հովվի:

Այս տարի Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղում գարնան առաջին օրը մթագնվեց: Այստեղ ադրբեջանցի դիպուկահարի զոհը դարձավ ՀՀ զինված ուժերի կրտսեր սերժանտ 29-ամյա Սարգիս Ոսկանյանը: Նա մահացու վիրավորվեց գլխի հատվածում:

Չինարի գյուղը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում` խորը գոգահովտում` շրջապատված բարձր լեռներով, որտեղ տեղակայված են ադրբեջանական զորամասերը: Մեկուկես տարի առաջ այս գյուղի անունը հաճախ էր հիշատակվում դիպուկահարների կրակոցների հետ կապված: 2008 թ. հունիսին դիպուկահարի գնդակից զոհվել էին գյուղի երկու խաղաղ բնակիչներ:

Անցյալ տարվա վերջին Բիշքեկում ԱՊՀ անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը իրազեկեց այս դեպքի մասին և նույնիսկ բանավեճի մեջ մտավ ադրբեջանցի պաշտոնակցի հետ:

Չինարիում հայազգի զինծառայողի սպանության մասին հաղորդումից անմիջապես հետո ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարեց, որ «Հայաստանն ու Ղարաբաղը հայտնել են պատրաստակամությունը` ամրապնդելու զինադադարի ռեժիմը և դուրս բերելու դիպուկահարներին, ինչը Ադրբեջանը դեռ չի արել»:

Դեռևս 2008 թ. դեկտեմբերին ԵԱՀԿ անդամ պետություների արտգործնախարարների Հելսինկյան կոնֆերանսի ընթացքում բարձրացվել են զինադադարի և դիպուկահարների դուրս բերմանն առնչվող հարցեր, որոնց հետագայում ևս անդրադարձներ եղան, այդ թվում` անցյալ տարի մայիսին հայ-ադրեբջանական զինադադարի 15-րդ տարեդարձին:

Մարտի 3-ին Երևանում Նալբանդյանը հայտարարեց, որ «հենց Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունն է խոչընդոտում ղարաբաղյան խնդրի կարգավորումը»:

Նա նշեց, որ «ադրբեջանական կողմից ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման գործոն է դարձել և հենց այդ գործոնն էլ արգելակում է դրա լուծումը»:

Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության հարցերի նախարար Միգել Անգել Մորատինոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Նալբանդյանը նաև նշեց, որ 1988 թ. փետրվարի 28-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի հայերի ջարդերն առաջինն էին Ադրբեջանում հայերի նկատմամբ կիրառվող էթնիկ զտումներից:

ՀՀ արտգործնախարարն իր տարակուսանքը հայտնեց` կապված Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության և ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակի տեսանկյան հետ:

«Համոզված եմ` նման բաներ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄՄՀՊԻ) չեն սովորեցնում»,- ասաց Նալբանդյանը` ակնհայտորեն ակնարկելով Իլհամ Ալիևին, որը ՄՄՀՊԻ շրջանավարտ է:
ԱրմենիաՆաուի էջերում