ԼՂՀ ընտրություններ 2010. Ղարաբաղի առաջիկա ընտրություններում ընդդիմություն չի լինի

ԼՂՀ ընտրություններ 2010. Ղարաբաղի առաջիկա ընտրություններում ընդդիմություն չի լինի

Ֆոտոլուր

ԼՂՀ հերթական խորհրդարանական ընտրությունները ընդդիմության բացարձակ բացակայությամբ կտարբերվեն նախորդ չորս ընտրություններից, որոնք նախկինում անցկացվել են հայկական պետությունում`1991 թ. Բաքվից անկախանալուց և իր առաջին օրենսդիր մարմինը ստեղծելուց հետո: Մայիսի 23-ին Ղարաբաղում կանցկացվեն հերթական խորհրդարանական ընտրություններ:

Շատերը Ղարաբաղում արդարացնում են ընդդիմության բացակայությունը ռազմական դրությամբ, որում հանրապետությունը շարունակում է ապրել մոտ 16 տարի այն բանից հետո, երբ զինադադար կնքեց Ադրբեջանի հետ: Ղարաբաղը նաև ազգային համերաշխության կարիք ունի, մինչդեռ ընդդիմության գործառույթը, շատերի կարծիքով, միայն հասարակության պառակտումն է և արտաքի ուժերի շահերին ծառայելը:

Արցախի իշխող` Ժողովրդավարական կուսակցության նախագահ, Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանը կոչ է անում ղարաբաղցի հայերին արհեստականորեն չբաժանել ժողովրդին «յուրայինների և օտարների»:

«2007 թ. նախագահի ընտրությունները ցույց տվեցին, որ մեր ժողովուրդը ավելի շատ համերաշխության կարիք ունի» ,- ասել է խոսնակը: Ըստ նրա տեղակալ, «Ազատ հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Ռուդիկ Հյուսնունցի` Արցախյան շարժումը ընդդիմություն չունի, իսկ քանի դեռ շարժման խնդիրները հրատապ են Ղարաբաղում, ընդդիմությունն այստեղ անելիք չունի:

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը հայտարարում է, որ երբ երկրի առաջ գոյատևելու և սոցիալական պետություն կառուցելու խնդիր կա դրված, ընդդիմություն հասկացությունն իր դասական իմաստով կորցնում է իմաստը: Դաշնակցությունը միակ կուսակցությունն է Ղարաբաղում, որն իրեն «կառուցողական ընդդիմություն» է հռչակել:

Ղարաբաղի խորհրդարանում 33 պատգամավոր կա, ընդ որում, 22-ն ընտրվել են համամասնական ցուցակով, 11-ը` միամանդատ ընտրատեղամասից: Այժմ խորհրդարանում ներկայացված է չորս կուսակցություն` Արցախի ժողովրդավարական կուսակցությունը (ԱԺԿ), «Ազատ հայրենիքը», ՀՅԴ-ն (1 պատգամավոր) և «Շարժում 88»-ը (1 պատգամավոր): Սկզբում ԱԺԿ-ն 15 մանդատ ուներ, «Ազատ հայրենիքը»` 12, սակայն մեկ տարի առաջ ԱԺԿ խմբակցությունից նոր խումբ առանձնացավ` «Արցախատունը»:

Ներկայիս խորհրդարանում ընդդիմությունը միայն Գեղամ Բաղդասարյանն է, որն ընտրվել է «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքից, սակայն հետո դարձել է անկախ պատգամավոր:

Ինչպիսի՞ն կլինի ուժերի դասավորությունը նոր խորհրդարանում: Այս հարցի պատասխանը Ղարաբաղում շատերին է հետաքրքրում:

ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը, որը 2007 թ. նախագահի ընտրություններում ներկայիս նախագահ Բակո Սահակյանի գլխավոր մրցակիցն էր, հայտարարել է, թե չի պատրաստվում մասնակցելու ընտրություններին:

«Գործադիր իշխանությունը ուժեղ լծակներ ունի խորհրդարանի ձևավորման գործընթացում: Այդ պատճառով, նույնիսկ խորհրդարանում մեծամասնություն կազմելով, մեզ հազիվ թե հաջողվի իրականացնել մեր բարեփոխումների ծրագիրը: Առավելևս դժվար է բարեփոխումներ անցկացնել այն դեպքում, երբ խորհրդարանում փոքրամասնություն ես, դե իսկ ես էլ երբեք ընդդիմադիր չեմ եղել, ավելի շուտ բարեփոխումների ակտիվ կողմնակից եմ եղել»,- նշել է Մայիլյանը:

«Նոր խորհրդարանում, ինչպես և ներկայիս խորհրդարանում, չի արտացոլվի ԼՀՂ ողջ քաղաքական սպեկտրի դիրքորոշումը: Փոխարենը` չմասնակցելով` մենք թույլ չենք տա բարդութավորված պաշտոնյաներին և տարատեսակ «գործիչներին» զբաղվելու ընտրական օրենսգրքի զանգվածային խախտումներով հօգուտ իշխանամետ թեկնածուների և կուսակցությունների»,- նշել է նա:

Վերջերս խորհրդարանը փոփոխություններ ու լրացումներ է կատարել ընտրական օրենսգրքում, որի համաձայն`կուսակցությունների համար անցողիկ շեմը նվազել է 10 տոկոսից մինչև 6 տոկոս, իսկ քաղաքական դաշինքների համար` 15-ից 8 տոկոս: Սա դեպի խորհրդարան ճանապարհ կբացի որոշ փոքր կուսակցությունների, ինչպիսին, ասենք` կոմունիստական, կամ Մուրադ Պետրոսյանի «Բարոյական վերածնունդի» կամ էլ Կարեն Օհանջանյանի «Սոցիալական անկախության» պես գաճաճ կուսակցությունների համար: Արդեն հայտնվել է նոր Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն, որը ևս ձգտում է խորհրդարան մտնել: Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Հրանտ Մելքումյանը հայտարարել է, որ խորհրդարանում պակասում են ձախ ուժերը:

Սակայն, ամեն դեպքում, խաղադրույքը կդրվի միամանդատ ընտրատեղամասերի վրա: Նույն այդ ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն` փոխվել է համամասնական և մեծամասնական տեղերի դասավորությունը` 22:11-ը դարձել է 17:16: Հավանաբար, նախընտրական պայքարն ընթանալու է զուտ անձնական հարթության վրա`նախագահը կփորձի խորհրդարան անցկացնել իրեն հավատարիմ մարդկանց: Սակայն ժողովրդի շրջանում արդեն խոսում են, որ ներկայիս ընտրություններն Արցախի պատմության մեջ կարող են ամենագորշը և կանխատեսելին լինել:
ԱրմենիաՆաուի էջերում