Նախաձեռնություն. Ղարաբաղը սկսում է միջազգային ճանաչում ձեռք բերելու լոբբինգը
«ԼՂՀ-ի ճանաչումը տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության լեգիտիմ մասը կդառնա` ապահովելով սեփական պաշտպանությունը»,- ասում է Մայիլյանը: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանին նախաձեռնությունն ուշացած է թվում: «Նախքան երկրի անկախության ճանաչման նպատակով արտասահանյան երկրների խորհրդարաններին դիմելը Ստեփանակերտը պետք է լուծի այդ հարցը Հայաստանի հետ»,- նշել է Մարտիրոսյանը: Հիշեցնենք, որ նրա կուսակցությունը երկու անգամ նախաձեռնել է ԼՂՀ ճանաչումը Հայաստանի կողմից, սակայն կառավարությունը մերժել է այդ նախաձեռնությունը: (Հայաստանի իշխանությունների կարծիքով` Ղարաբաղի ճանաչումն այս պահին նպատակահարմար չէ, քանզի դա կարող է անցանկալի միջազգային արձագանք ունենալ, ի թիվս որոնց` Հայաստանին կմեղադրեն «ագրեսոր» պետություն լինելու մեջ: Բացի այդ, նման որոշումը ներկայիս բանակցությունների գլխավոր կետերից մեկը` Ղարաբաղի կարգավիճակի հարցը, կվերածի վիճելի խնդրի` այդպիսով հետագա բանակցությունները դարձնելով անիմաստ և նոր պատերազմի հավանականությունն` ավելի շատ: Միևնույն ժամանակ, ըստ Հայաստանի` նման որոշումը կարող է լինել իր զինանոցի «վերջին փամփուշտը», եթե Ադրբեջանը որոշի խափանել բանակցությունները և ընտրի հարցը ռազմական ճանապարհով լուծել:) «ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը նշել է, որ ԼՂՀ-ն ճանաչելու հարցում պասիվության պատճառը Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի շրջանակներում խնդրի լուծման հույսն էր: «Այժմ, երբ ակնհայտ է, որ Մինսկի խմբի առաջարկությունները հակասում են Արցախի և Հայաստանի շահերին, երբ Արևմուտքը և Ռուսաստանը նոր պետություններ ճանաչելով ստեղծում են նախադեպեր` առանց հաշվի առնելու նախկին «մետրոպոլիաների» կարծիքը, և ապակայունացման սպառնալիքներ են հնչում Բաքվից, իսկ այժմ նաև` Անկարայից, ԼՂՀ ճանաչումը` որպես Ղարաբաղի անվտանգության ամրապնդման մեխանիզմ, բավական հրատապ է դարձել»,- ասել է Մասիս Մայիլյանը: Նրա կարծիքով` Հայաստանը պետք է շարունակի իր մասնակցությունը Մինսկի գրծընթացին, իսկ զուգահեռ պետք է նպատակաուղղված աշխատել Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ: «ԼՂՀ ճանաչումը անվտանգության տարածաշրջանային ճարտարապետության լեգիտիմ մասը կդառնա` հուսալիորեն ապահովելով սեփական պաշտպանությունը»,- կարծում է փորձագետը: Մայիլյանի կարծիքով` անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել ադրբեջանա-թուրքական ռազմական սպառնալիքը չեզոքացնելու համար: «Այստեղ կարող է լինել երկու տարբերակ. առաջին` հայկական կողմերին անվճար զենք ու ռազմական տեխնիկա տրամադրել` տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը պահպանելու համար, երկրորդ` ԼՂՀ միջազգային ճանաչումը և գործող «անվտանգության հովանոցներից» մեկի ներքո նրան հրավիրելը»,- ասել է Մասիս Մայիլյանը: Ազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանի կարծիքով` գոյություն ունի միակ լուծումը` իրողությունների միջազգային ճանաչումը: «Եթե իրողությունները ճանաչվում են, ապա հակամարտությունը լուծվում է: Հենց սրան պետք է ուղղված լինի Հայաստանի և ԼՂՀ-ի քաղաքականությունը»,- ասել է փորձագետը: 1991 թ., երբ Լեռնային Ղարաբաղն անկախություն հռչակեց Ադրբեջանից, հանրապետությունն այդպես էլ պաշտոնապես ճանաչում ձեռք չբերեց: 2006 թ. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ճանաչումը հնարավոր է, եթե ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Բաքվի հետ բանակցությունները փակուղի մտնեն: Մինչ բանակցությունները փակուղի են մտել, Հայաստանի իշխանությունները դժկամություն են ցուցաբերում Ղարաբաղի ճանաչման հարցում` հիմնականում հակամարտության շիկացում չհրահրելու համար: Ադրբեջանի ղեկավարությունը շարունակ նախազգուշացնում է, որ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել, եթե Հայաստանն ընտրի Ղարաբաղի անկախությունը դե յուրե ճանաչելու ուղին: |
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.