Թեհրանն ասում է, որ ընդդիմանալու է Ղարաբաղում «ամերիկյան զինուժի» տեղակայմանը

Թեհրանն ասում է, որ ընդդիմանալու է Ղարաբաղում «ամերիկյան զինուժի» տեղակայմանը

Ֆոտոլուր

Իրանի Իսլամական Հանրապետության դիվանագետի խոսքով` Իրանը թույլ չի տա, որ ԱՄՆ-ի զորքեր տեղակայվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, որն անմիջապես սահմանակից է իր տարածքին:


Երևանում չորեքշաբթի անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանը հայտարարել է, որ Վաշինգտոնը ցանկանում է զորքեր տեղակայել Ֆիզուլիում (ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող յոթ շրջաններից մեկը): Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ը մտադիր է խաղաղապահ ուժերի անվան տակ զորք մտցնել տարածաշրջան:

Իրանը հաճախ է բարդ հարաբերություններ ունեցել Արևմուտքի և, հատկապես, ԱՄՆ-ի հետ` կապված իր միջուկային ծրագրի հետ, որը թե´ Վաշինգտոնի, թե´ նրա դաշնակիցների կարծիքով`սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի և աշխարհի խաղաղությանը: Այս ամսվա սկզբին ԱՄՆ-ն ավելացրել է Իրանի դեմ կիրառվող իր պատժամիջոցները` նշելով, որ անհանգստանում է վերջինիս միջուկային նկրտումներից, չնայած այն շարունակվող խոսակցություններին, որ մեկուսացված իսլամական հանրապետության դեմ ռազմական հարվածի հավանականությունը մեծ է:

Թեհրանը բազմիցս նշել է, որ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելու վերաբերյալ` հակամարտող կողմերի միջև հնարավոր խաղաղության համաձայնագրի դեպքում: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ միասին ԱՄՆ-ը հակամարտության միջնորդ երկրներից մեկն է:

«Իրանը հակամարտող երկրների հետ ընդհանուր սահման ունի, անհանգստացած է իր սեփական անվտանգության համար և թույլ չի տա ամերիկյան զորքերի տեղակայումը»,- ընդգծել է Սաղայիանը:

Իրանի դեսպանի հայտարարությունը հաջորդեց Լեռնային Ղարաբաղում վերջերս տեղի ունեցած հրադադարի խախտմանը, որում զոհվեցին 4 հայ և մեկ ադրբեջանցի զինվորներ: Հայաստանը դատապարտում է Ադրբեջանին շրջանում խաղաղություն հաստատելու միջազգային միջնորդների խաղաղարար ջանքերը խափանելու մեջ:

Հունիսի 18-ին Ղարաբաղի շփման գոտու հյուսիսարևելյան մասում տեղի ունեցած հարձակումները Սաղայիանը որակել է որպես տարածաշրջանից դուրս որոշ ուժերի սադրանքի հետևանք:

«Իրանը մշտապես այս կարծիքին է, որ ցանկացած հակամարտություն և բախում որևէ կերպ չեն նպաստելու որևէ երկրի և ժողովրդի»,- ասել է դեսպանը` հավելելով, որ Թեհրանը բացառում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի վերսկսման հավանականությունը:

Ըստ Սաղայիանի` Իրանը կարող է դրական դերակատարություն ունենալ տարածաշրջանում` հաշվի առնելով այն, որ Իրանը լավ հարաբերություններ ունի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հետ:

ԱրմենիաՆաուի էջերում