ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարները կոչ են անում Երևանին ու Բաքվին ավարտել աշխատանքը ղարաբաղյան խնդրի կարգավորման սկզբունքների շուրջ

ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարները կոչ են անում Երևանին ու Բաքվին ավարտել աշխատանքը ղարաբաղյան խնդրի կարգավորման սկզբունքների շուրջ

Photo: www.g8.gc.ca

Կանադայում անցկացվող Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները շաբաթ հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի մասին համատեղ հայտարարությամբ` հորդորելով հակամարտող կողմերին արագացնել աշխատանքը և առաջ ընթանալ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ:


Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին և Դմիտրի Մեդվեդևը կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին «կատարել հաջորդ քայլը և ավարտել աշխատանքը» կարգավորման հիմնարար սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կստեղծի անցնելու խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը:

Այս երեք երկրները գլխավորում են ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը հակամարտության կարգավորման միջնորդ կազմակերպությունն է:

Վերահաստատելով իրենց պատրաստակամությունը` «աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, երբ նրանք ամփոփում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարներն ասել են.

«Մենք կարևոր առաջընթաց ենք գնահատում այն փաստը, որ հակամարտության կողմերը որպես Ղարաբաղի հարցի երկարաժամկետ լուծման հիմք են ընդունում Հելսինկյան եզրափակիչ ակտի և 2009 թ. հուլիսի 10-ին Լ’Աքվիլայի գագաթնաժողովում մեր հայտարարության մեջ առաջարկված սկզբունքները: Հիշյալ սկզբունքները ներառում են Լեռնային Ղարաբաղը շրջապատող տարածքների վերադարձ, Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ, անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի հետագա որոշում իրավականորեն պարտավորեցնող կամարտահայտության միջոցով, ներքին տեղահանված անձանց և փախստականների` իրենց նախկին մշտական բնակության վայրերը վերադառնալու իրավունք, անվտանգության միջազգային երաշխիքներ, որոնք կներառեն խաղաղապահ գործողություն»:

«Այժմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պետք է կատարեն հաջորդ քայլը և ավարտեն աշխատանքը հիմնարար սկզբունքների վրա, ինչը հնարավորություն կստեղծի անցնելու խաղաղության համաձայնագրի նախապատրաստմանը: Մենք մեր նախարարներին և Մինսկի խմբի համանախագահներին հանձնարարում ենք ակտիվորեն աջակցել կողմերին առկա տարաձայնությունների հաղթահարման գործում՝ նախապատրաստվելով Ալմաթիում ԵԱՀԿ նախարարների ոչ ֆորմալ հանդիպման շրջանակում անցկացվելիք համատեղ հանդիպմանը»:

Հայերի և ադրբեջանցիների միջև Լեռնային Ղարաբաղի (հիմնականում էթնիկ հայկական շրջան) շուրջ հակամարտությունը սկսվել է 1988 թ. և վերածվել պատերազմի 1990-ականների սկզբին, երբ շրջանն ԽՍՀՄ փլուզվելուց հետո իրեն անկախ հռչակեց Բաքվից:

Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար կնքելուց հետո հաշվվում է, որ 1991-1994 թթ. պատերազմի ժամանակ զոհվել է ավելի քան 30000 մարդ: Հայաստանը շարունակում է վերահսկողության տակ պահել Լեռնային Ղարաբաղը, սակայն Ադրբեջանի հետ շփման գծում լարվածությունը պահպանվում է:

Երկու շաբաթ առաջ արձանագրվել է վերջին տարիներին տեղի ունեցած հրադադարի ամենակոպիտ խախտումը: Զոհվել է չորս հայ և մեկ ադրբեջանցի զինվոր, երբ ադրբեջանական զինուժը փորձել է գրավել Ղարաբաղի հյուսիսարևելյան դիրքերը: Հարձակումը տեղի է ունեցել Ռուսաստանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից (կողմերը քննարկել են հակամարտության շրջանի ապագան) անմիջապես հետո: Երևանը մեղադրել է Բաքվին խաղաղության գործընթացը խափանելու մեջ:

ԱրմենիաՆաուի էջերում