Ղարաբաղ. միջազգային միջնորդները նոր թափ են հաղորդում բանակցային գործընթացին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ձախից), Ռոբերտ Բրադտկեն և Բեռնար Ֆասիեն: Անցյալ շաբաթվա վերջին Հարավային Կովկասի երկու երկրներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղ այցից հետո երկուշաբթի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ռուսաստանցի Իգոր Պոպովը, ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն և ամերիկացի Ռոբերտ Բրադտկեն, որոնք միասին համանախագահում են Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, հրապարակել են հայտարարություն (http://www.osce.org/item/45202.html): Նրանց այցերը համընկան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային ուղևորության հետ, որի շրջանակներում նա այցելեց Երևան և Բաքու, որտեղ խոսեց նաև ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հետագա ճակատագրի և տարածաշրջանային այլ հարցերի մասին: Հունիսի 26-ին Կանադայում անցկացվող Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները կրկին հանդես էին եկել Լեռնային Ղարաբաղի մասին համատեղ հայտարարությամբ` հորդորելով հակամարտող կողմերին արագացնել աշխատանքը և առաջ ընթանալ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Հուլիսի 5-ի հայտարարության մեջ Մինսկի խմբի համանախագահներն ասել են, որ հորդորել են կողմերին «կառուցողական փոխզիջման մթնոլորտում առաջ շարժվել` ավարտելու հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, ինչը թույլ կտա նախագծելու խաղաղության պայմանագիրը»: Նրանք նաև կոչ են արել կողմերին «խստորեն հետևել 1994 թ. ստորագրված հրադադարի մասին համաձայնագրին և շփման գծում զսպվածություն ցուցաբերել»: Երևանում, Բաքվում և Ստեփանակերտում իրենց քննարկումների մանրամասները ներկայացնելով` համանախագահներն առանց մանրամասնելու ասել են, որ իրենց այցի ընթացքում «կողմերին ներկայացրել են նաև ԼՂ հարակից շրջաններում այս աշնանը առաքելություն նախաձեռնելու իրենց ծրագիրը, որը տեսականորեն ընդունվել է»: ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարների վերջերս արած հայտարարության «խաղաղության ուղերձը» ընդգծվել է նաև Քլինթոնի դիվանագիտական այցով, որի շրջանակներում պետքարտուղարն այցելել է հինգ երկիր, այդ թվում` Հայաստան և Ադրբեջան ու հանդիպումներ ունեցել այդ երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ: «Մենք պատրաստ ենք օգնելու երկու երկրներին` Հայաստանին և Ադրբեջանին հասնելու և կյանքի կոչելու խաղաղության համաձայնագիրը: Գիտենք, հեշտ չի լինելու: Սակայն կարծում ենք, որ սա անհրաժեշտ հիմք է անվտանգ և ծաղկուն ապագա ունենալու համար»,- կիրակի Երևանում ասել է Քլինթոնը: Խնդրի կարգավորման հիմնարար սկզբունքները վերաբերում են այն դրույթներին, որոնք ներառված են այսպես կոչված Մադրիդյան սկզբունքներում, որոնք Հայաստանին և Ադրբեջանին են առաջարկվել 2007 թ. և վերաբերում են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված շրջանակային համաձայնագրի մշակմանը: Մադրիդյան սկզբունքները ենթադրում են հայկական զորքերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից, որոնք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության ներքո, խաղաղապահ ուժերի տեղակայում, փախստականների վերադարձ և Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ` հետագայում տարածքի վերջնական իրավական կարգավիճակի հնարավոր որոշմամբ: Մեծ մասամբ հայաբնակ Լեռանային Ղարաբաղի շուրջ հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտությունը սկսվել է 1988 թ. և վերաճել պատերազմի 1990-ականների սկզբին, երբ Խորհրդային Միության փլուզմանը զուգընթաց Ղարաբաղը հայտարարեց Բաքվից անկախանալու մասին: 1991-94 թթ. պատերազմը, որին երկու կողմից զոհ գնաց ավելի քան 30 000 մարդ, ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարով: Հայերը շարունակում են իրենց ձեռքում պահել Լեռնային Ղարաբաղի վերահսկողությունը, սակայն Ադրբեջանի հետ շփման գծում լարվածությունը շարունակվում է: Հրադադարի խախտման վերջին ամենալուրջ դեպքը գրանցվել է անցյալ ամիս: Միջադեպը, որի հետևանքով չորս հայ և մեկ ադրբեջանցի զինծառայող է զոհվել, վտանգեց բանակցային գործընթացը և ռազմական գործողությունների վերսկսման իրական սպառնալիք ստեղծեց: Իրենց վերջին «մաքոքային» դիվանագիտությունից հետո համանախագահները հույս են հայտնել, թե պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպումը կանցկացվի հուլիսի 16-17-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում` ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական գագաթնաժողովի շրջանակներում: |
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.