Պայթյունավտանգ ամառ. Վերլուծաբանները քննարկում են խաղաղության և պատերազմի հեռանկարները Ղարաբաղում

Պայթյունավտանգ ամառ. Վերլուծաբանները քննարկում են խաղաղության և պատերազմի հեռանկարները Ղարաբաղում

Wikipedia

Արցախյան պատերազմին մասնակցած մարտական տանկը Ստեփանակերտի մատույցների մոտ վերածվել է հուշարձանի

Բազմաթիվ վերլուծաբաններ բացառում են լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության գոտում: Սակայն ոմանք ասում են, որ պատերազմի վտանգը երբեք չի վերանա, քանի դեռ փոխզիջումների վրա հիմնված լուծում չի գտնվել ձգձգվող հակամարտության համար:


Այս շաբաթ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարել է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ անկայուն տարածաշրջան:

Նա նշել է. «Չկարգավորված հակամարտությունները Հարավային Կովկասում թիվ մեկ սպառնալիքն են տարածաշրջանային կայունությանը, քանի որ ստատուս քվոն ինքնին անկայուն է և ահագնացման վտանգներ է պարունակում: Դա դրսևորվեց 2008 թ. օգոստոսին Վրաստանի պատերազմով: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն առանձնահատուկ մտահոգության առարկա է. շփման գծի երկայնքով վերստին տեղի են ունենում մահացու ելքով միջադեպեր: Ձգձգվող հակամարտությունները խոչընդոտում են նաև ԵՄ ջանքերը` ուղղված քաղաքական բարեփոխումներին և տնտեսական զարգացմանն իր արևելյան հարևանների հետ», - հայտարարել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

Քաղաքական շրջանակներում հաճախակի են դարձել հնչող կարծիքներն ու գնահատականները ԼՂՀ-ում պատերազմի սպառնալիքի վերսկսման մասին: Խնդրի շուրջ իր մտահոգությունն է հայտնում նաև միջազգային հանրությունը. Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացի միջնորդ երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները կողմերին կոչ են արել հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով`առաջնորդվելով Մադրիդյան սկզբունքներով:

(Փաստաթուղթն առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին է ներկայացվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից 2007 թ.: Այն ներկայումս դրված է բանակցային սեղանին:
Մադրիդյան սկզբունքները ենթադրում են հայկական զորքերի դուրս բերում Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներից, որոնք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության ներքո, խաղաղապահ ուժերի տեղակայում, փախստականների վերադարձ և Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ` հետագայում տարածքի վերջնական իրավական կարգավիճակի հնարավոր որոշմամբ:)

Երևանում լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ֊ գործերի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը նշել է, որ չի կարծում, թե ղարաբաղյան հակամարտության գոտում կվերսկսվեն լայնածավալ ռազմական գործողությունները:

«Թերևս, լինեն սադրանքներ, այդ թվում` վտանգավոր և մարդկային զոհերի հանգեցնող, ինչպես եղավ բոլորովին վերջերս, սակայն, իմ կարծիքով, [Ադրբեջանի նախագահ] Ալիևը չի հանդգնի վտանգել ինչպես սեփական, այնպես էլ Ադրբեջանի ճակատագիրն ու պատերազմ սկսել»,- ասել է Զատուլինը:

Անցյալ ամիս Ադրբեջանի զինված դիվերսիոն խումբ փորձել էր անցնել Ղարաբաղի հյուսիսարևելյան շրջանի հայկական դիրքերը: Դիվերսիոն գործողության հետևանքով չորս հայ զինծառայող է զոհվել և նույնքան էլ վիրավորներ են եղել: Ինչպես հաղորդվում է, մերձամարտի ընթացքում ադրեբջանական կողմը մեկ զոհ է տվել, որից հետո ղարաբաղյան ուժերին հաջողվել է կանխել թշնամու առաջխաղացումը հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և ստիպել նահանջել:

Գիշերային միջադեպը, որից ժամեր առաջ անցկացվում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցային գործընթացի առնչությամբ հերթական հանդիպումը, և որը պաշտոնական Երևանն անվանեց սադրանք, ցույց տվեց, որ հակամարտության գոտում 16 տարի շարունակվող հրադադարը փխրուն է:
1994 թ. Ռուսաստանի միջնորդությամբ կնքված հրադադարը վերջ դրեց մոտ երեք տարի շարունակված պատերազմական գործողություններին, որին երկու կողմից զոհ գնաց ավելի քան 30.000 մարդ: Դրանից հետո ղարաբաղյան ուժերն իրենց վերահսկողության տակ վերցրին հիմնականում հայերով բնակեցված նախկին ինքնավար մարզը, ինչպես նաև նրա հարակից ադրբեջանական յոթ շրջաններ` որպես անվտանգության գոտի:

Այս շաբաթ Լեռնային Ղարաբաղի նախկին ադրբեջանական համայնքի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է վերականգնի և կվերականգնի իր տարածքային ամբողջականությունը:

Նախագահ Ալիևն իր ելույթում նշել է, որ եթե Ադրբեջանը տեսնի, որ խաղաղ գործընթացն սպառել է իրեն, ապա նախապատվությունը կտա ռազմական ճանապարհին`պնդելով, թե միջազգային օրենքն իրենց տալիս է այդ իրավունքը:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ Ադրբեջանը պաշտոնապես չի հայտարարի և չի սկսի լայնածավալ հարձակում, քանի որ այդ դեպքում կհայտնվի տուժողի վիճակում թե´ ռազմական, թե´ նաև ներքաղաքական առումով:

«Ադրբեջանը դա կարող է անել, և սպասելի է, որ ամռան ամիսներին այդպիսի փորձեր լինեն: Հայկական բանակը պետք է պատրաստ լինի այդ հնարավոր «պատահական պատերազմին»,- այս շաբաթվա սկզբին կլոր սեղանի շուրջ քննարկման ժամանակ ասել է Կիրակոսյանը:

Մեկ այլ քաղաքագետ` «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին, ասել է, որ դրանցում առկա են որոշ մշուշոտ և ոչ հստակ ձևակերպումներ, որոնք Հայաստանի օգտին չեն, սակայն կարծում է, որ անգամ «բացասական առաջարկների դեպքում չպետք է դուրս գալ բանակցություններից»:

«Քանի որ բանակցություններից դուրս գալը կնշանակի պատերազմ: Մենք պետք է համախմբենք բոլոր ներքին ռեսուրսները, որպեսզի բանակցային գործընթացից քաղենք առավելագույնը»,- ասել է Սուրենյանցը:

Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ԵԱՀԿ նախարարական ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում, հավանաբար ավելի ընդարձակ ձևաչափով, կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Նման հանդիպման մասին անցյալ շաբաթ տարածաշրջան այցի շրջանակներում հայտարարել էին միջազգային միջնորդները:

ԱրմենիաՆաուի էջերում