Ֆոտոլուր
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն
Ադրբեջանական ANS Press լրատվական գործակալության համաձայն`ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն ԲիԲիՍի-ին տված հարցազրույցում ասել է, որ համանախագահների համար մարտահրավեր է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հաճախակի հանդիպումներ կազմակերպելը:
Ըստ հաղորդագրության` համանախագահը համեմատել է բանակցային գործընթացը հեծանիվի հետ, որից «կընկնես, եթե կանգ առնես»:
«Անհրաժեշտ է չկենտրոնանալ բանակցությունների ներկայիս փուլի խոչընդոտների վրա, կողմերը պետք է փորձեն առաջ նայել: Այս հարցում անհրաժեշտ է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դերը: Նրան աճող դերակատարությունն ապացուցվեց վերջերս Կանադայում արված հայտարարությամբ և պետքարտուղար Քլինթոնի վերջին այցով, երբ նա մի հիանալի միտք արտահայտեց` ասելով, որ «խաղաղության տանող վերջին քայլերը երբեմն ամենադժվարն են լինում»,- ասել է Բրադտկեն` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության մասին նոր մոտեցում մշակե՞լ է:
Նա նշել է, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան սկզբունքների վրա. «Նրանք ընդունում են վեց տարրերը, որոնք երկու անգամ ներկայացրել են Օբաման, Սարկոզին ու Մեդվեդևը: Դրանք են` Լեռնային Ղարաբաղի միջանկյալ և վերջնական կարգավիճակը, օկուպացված տարածքների վերադարձը, Հայաստան-Ղարաբաղ հաղորդակցության միջանցքի բացումը, փախստականների և բռնի տեղահանվածների վերադարձը և խաղաղության ապահովումը»:
«Ներկա փուլում համանախագահները պետք է համապատասխանեցնեն այս տարրերը Հելսինկյան սկզբունքներին, ապա դրանք ներառեն շրջանակային համաձայնագրում և կարգավորման վերջնական բանակցությունները կառուցեն այս հիմքերի վրա: Մենք ներկայումս կարևոր և ամենադժվար փուլում ենք»,- հավելել է Բրադտկեն:
Ըստ «ԲիԲիՍի»-ի ադրբեջանական ծառայությանը` Բրադտկեի տված հարցազրույցի` Ադրբեջանի և Հայաստանի նախագահները խաղաղության հասնելու քաղաքական կամք են հանդես բերել. «Կարևոր հարցը նախագահների հաճախակի հանդիպումներ կազմակերպելն է: Սա դժվար հարց է մեզ համար: Նախագահներից յուրաքանչյուրը ասում է, որ ինքը խաղաղություն է ցանկանում, իսկ հակառակ կողմը` ոչ»:
«Սակայն ես համոզված եմ, որ նախագահները հակված են հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ փնտրելու»,- հավելել է նա:
Բրադտկեն, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի և ռուսաստանցի նրա պաշտոնակիցներն անցյալ շաբաթ այցելել էին տարածաշրջան, որը համընկավ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` Հարավային Կովկասի երկրներ այցի հետ:
Իրենց այցելությունների ընթացքում միջնորդները և ԱՄՆ պետքարտուղարը կարևորել են անցյալ ամիս Մեծ ութնյակի գագաթնաժողովի ընթացքում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների կոչը` «արագացնել և ավարտին հասցնել հակամարտության Հիմնարար սկզբունքների վրա աշխատանքը` խաղաղության համաձայնագիրը նախապատրաստելու համար»:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.