Վերլուծություն. նոր ակնկալիքներ ղարաբաղյան կարգավորման հարցում

Վերլուծություն. նոր ակնկալիքներ ղարաբաղյան կարգավորման հարցում

Ֆոտոլուր

The Azeri president favors all conditions except status of Karabakh

Ղարաբաղյան կարգավորման հարցում այսպես կոչված աշնանային ակնկալիքներ են հայտնվել` աշնանը սպասվում է Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, իսկ օգոստոսին` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը Երևան, որը, ինչպես գրում են ԶԼՄ-ները, պետք է ղարաբաղյան կարգավորման նոր առաջարկներ բերի:


Այն, որ մինչև աշուն ղարաբաղյան կարգավորման հարցում առաջընթաց է ակնկալվում, օրերս հայտարարել էր նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Ըստ նրա` ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումից հետո հնարավոր կլինի անդրադառնալ հայ-թուրքական սահմանի բացմանը: Ընդ որում, Թուրքիայի արտգործնախարարությունը ցուցադրաբար խնդրանքով դիմել է սահմանամերձ Կարս և Իգդիր շրջանների տեղական իշխանության մարմիններին` սահմանի հնարավոր բացման նախահաշիվ ներկայացնել:

Հիմնականում գերտերությունները համակարծիք են Հայաստանի դիրքորոշմանը, ըստ որի` Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առանց նախապայմանների: Թեպետ կարծես համընդհանուր կարծիք կա, թե Հարավային Կովկասում այլ խնդիրների լուծումը միայն կնպաստի տարածաշրջանում ավելի երկարատև խաղաղության ու կայունության հաստատմանը:

Վերջերս նման դիրքորոշում հնչել է պետդեպարտամենտի` հուլիսի 6-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, երբ հարցին, թե արդյոք պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ադրբեջանում քննարկե՞լ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ Բաքվի դիրքորոշումը` ելնելով ղարաբաղյան հակամարտության լուծման հեռանկարից, պետդեպարտամենտի գործող խոսնակ Մարկ Թոները պատասխանել է, որ «երկու հարցերն էլ` հայ-թուրքական հարաբերությունների հաստատումը և ղարաբաղյան կարգավորումը, փոխբացառող չեն, այլ փոխլրացնող են»:

Ղարաբաղյան կարգավորման մեջ գերտերությունների ակտիվացումը հարց է առաջացնում. կփոխվի՞ արդյոք Ղարաբաղի ստատուս քվոն: Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Մանվել Սարգսյանը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային բաղադրիչը փոխվել է, և պետք է հասկանալ` ի´նչ ակնկալել նման փոփոխություններից:

Հայ փորձագետների խոսքով` մոտ ապագայում կարգավորումը չի բացառվում: Ընդ որում, մինչ օրս պարզ չէ, թե ինչ սխեմայով է այն իրականացվելու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 6-ի իր ելույթում խոսել է ԼՂԻՄ-ին հարակից շրջանները վերադարձնելու և Հայաստան-Լեռնային Ղաղաբաղ միջանցք բացելու մասին: Նման ելույթից հետո փորձագետներն խոսում են, թե Ալիևը կարծես հաշտվել է Ղարաբաղի կորցնելու հետ և փորձում է իր հասարակությանը նախապատրաստել դրան:

«Առաջին` «օկուպացիոն» ուժերը դուրս են բերվում Լեռնային Ղարաբաղի շուրջ բոլոր շրջաններից: Հինգ շրջաններն անմիջապես են ազատվում, իսկ երկուսը` Քելբաջարը և Լաչինը` որոշ ժամանակ անց: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ճանապարհ կգործի, այսինքն` միջանցք: Լեռնային Ղարաբաղի վարչական սահմանին պետք է խաղաղապահ ուժեր տեղակայվեն»,- հայտարարել է Ալիևը:

Նրա խոսքով` քննարկվում է Լեռնային Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրելու հարցը:

Հայկական կողմը պնդում է, որ որպես խաղաղության համաձայնագրի առաջին քայլ սահմանվի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Իսկ Ալիևի հայտարարությունները, որոնցում նա կարգավիճակը որոշելուն վերջին տեղն է հատկացնում` առաջին պլան մղելով տարածքներն ու փախստականներին, հակասում է հայկական կողմի դիրքորոշմանը: Այդ իսկ պատճառով ՀՀ արտգործնախարարությունը խոսում է Բաքվի կողմից բանակցությունները խափանելու մասին:

«Փորձելով հետ կանգնել Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից` Ադրբեջանի ղեկավարությունը թոզ է փչում իր իսկ ժողովրդի աչքին` նենգափոխելով բանակցությունների և ձեռք բերված համաձայնությունների էությունը, ի թիվս որոնց` մոտ տասն օր անց Ալմաթիում հնարավոր հնգակողմ հանդիպումը»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Մանվել Սարգսյանն ընդգծել է, որ ի տարբերություն նախագահների` Լ’Ակվիլայի հայտարարության, Մուսկոկում արված իրենց հայտարարության մեջ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները տարածքները վերադարձնելու բավական մշուշոտ ձևակերպում են տվել` չնշելով, թե կոնկրետ ո՞ւմ պետք է վերադարձվեն «օկուպացված տարածքները»:

«Այս ձևակերպման մեջ հասցեատիրոջ բացակայությունը տարբեր մեկնաբանությունների հնարավորություն է տալիս. օրինակ` ո՞ւմ պետք է վերադարձվեն դրանք, կամ էլ ո՞ր տարածքները պետք է լինեն, դա կարող է լինել Շահումյանը, Մարտակերտի մի մասը և Ադրբեջանի կողմից օկուպացված այլ տարածքներ»,- ամփոփել է նա:

ԱրմենիաՆաուի էջերում