«Ղ-տելեկոմ». ընկերությունը խոստանում է վերանայել գնային քաղաքականությունը և իջեցնել գները Ղարաբաղում

«Ղ-տելեկոմ». ընկերությունը խոստանում է վերանայել գնային քաղաքականությունը և իջեցնել գները Ղարաբաղում


Ղարաբաղում հուլիսն սկսվել է «Ղարաբաղ-տելեկոմի»` Ղարաբաղում բջջային և ինտերնետ կապի միակ օպերատորի գնային քաղաքականության և կապի որակի դեմ դժգոհությամբ:


Լիբանանյան կապիտալով ընկերությունը, որի գործադիր տնօրենը Ռալֆ Յիրիկյանն է («ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գործադիր տնօրեն), Ղարաբաղի կապի շուկա է մուտք գործել 2002 թ. : Ընկերությանը բաժին էին հասել մի քանի տասնյակ հազար ֆիքսված համարներ, հին ավտոմատ հեռախոսակայան, խորհրդային հեռախոսավարուհիներ, ինչպես նաև կապի շուկայում մենաշնորհ: Այդ ժամանակից ընկերությունն ավելի քան 38 մլն դոլար է ներդրել` Ղարաբաղում հայտնվել է բջջային կապ, և այսօր 140 հազար բնակչության 60 հազարն օգտվում են բջջային հեռախոսից:

Սակայն «Ղ-տելեկոմի» աշխատանքային պայմանագիրը կնքվել է անհասկանալի և շուկայականից հեռու պայմաններում: Ընկերության սեփականատեր լիբանանցի Պիեր Ֆատուշը գործի մեջ բավական մեծ միջոցներ է դրել, սակայն այն տարիների Ղարաբաղի իշխանությունների հետ նրա պայմանագրի պայմանների մասին ոչինչ հայտնի չէ: Որքա՞ն է կառավարության մասնաբաժինը կամ առանձին անդամների շահաբաժինը` հայտնի չէ: Միայն լուրեր կան, որ պայմանագիրը ստորագրել են այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանը և վարչապետ Անուշավան Դանիելյանը: Նաև հայտնի է, որ կառավարությունն արդեն 8 տարի է, չնայած մենաշնորհին, ինչ փորձում է չմիջամտել «Ղ-տելեկոմի» գործերին և նրա գնային քաղաքականությանը:

Հուլիսի 11-ին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և «Ղ-տելեկոմի» գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հաստատվել է նման պայմանագրի առկայության փաստը: Ղարաբաղի վարչապետը հաստատել է, որ պայմանագիրը գոյություն ունի, սակայն «մենք չենք հրապարակի այն` ելնելով քաղաքական նկատառումներից»:

Մամուլի ասուլիսն անցկացվել է այն բանից հետո, երբ Ղարաբաղի երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել սոցիալական ցանցերում: Ֆեյսբուքում բացվել է «Ո´չ թալանին» էջ, որին միացել են կապի որակից դժգոհող համացանցից օգտվողները: Ղարաբաղում կապն իսկապես վատ է, և Յիրիկյանը կապում է դա նրա հետ, որ «Ղ-տելեկոմը» ստիպված է ինտերնետ գնել արբանյակից, ինչը բավական թանկ է, քանի որ Ղարաբաղը դեռ չճանաչված պետություն է: Ղարաբաղում նաև անլար ինտերնետ չկա: Իսկ բջջային կապի գները միջինը երկու անգամ բարձր են, քան Հայաստանում:

Յիրիկյանը խոստանում է, որ շուտով Ղարաբաղում կիջեցվեն գները, կբարձրացվի կապի որակը, և կհայտնվի անլար ինտերնետ:

Կարծես թե ամեն ինչ հիանալի է, սակայն մի հարց մնում է չպարզված. ո՞վ և ի՞նչ իրավունքով է աստղաբաշխական եկամուտներ ստանում «Ղ-տելեկոմից»: Ռալֆ Յիրիկյանը պնդում է, որ «Ղ-տելեկոմի» բաժնետեր չէ, պայմանագիր չի ստորագրել և աշխատում է հասարակական հիմունքներով` աշխատավարձ չստանալով: Բացի այդ, Յիրիկյանը եկամտի մի մասը տրամադրում է բարեգործական նպատակներին:

Ղարաբաղում համարում են, որ թեպետ բողոքի ակցիան հիմնավորված է, սակայն դրա հիմնական թիրախը Յիրիկյանն է: Ասում են, թե նա նույնիսկ մտադիր էր հրաժարական տալ: Ընկերության աշխատակիցներն ամսվա սկզբին բողոքի ակցիա են անցկացրել` պահանջելով թույլ չտալ Յիրիկյանի հրաժարականը, որը մեծ հարգանք և սեր է վայելում: Հենց նա է Ղարաբաղում բիզնեսի մշակույթ մտցրել, նա է սահմանել ընկերության սոցիալական պատասխանատվության համակարգը:

Վարչապետ Արա Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենք Յիրիկյանի դեմ ոչինչ չունեն, պարզապես «Ղ-տելեկոմը» պետք է վերանայի գնային քաղաքականությունը և բարձրացնի կապի որակը: Սակայն, նա չի հերքել այն լուրերը, որ ֆրանսիական «Օրանժը» կարող է հայտնվել Ղարաբաղի շուկայում: Վարչապետն ուղղակի ասել է, որ չճանաչված ԼՂՀ-ի համար դա քաղաքականապես շատ դժվար կլինի:

ԱրմենիաՆաուի էջերում