Տունն այնտեղ է, որտեղ սիրտն է. Արմենը Ֆրանսիայից և Քրիստինեն Ռումինիայից իրենց երջանկությունը գտան Ղարաբաղում

Տունն այնտեղ է, որտեղ սիրտն է. Արմենը Ֆրանսիայից և Քրիստինեն Ռումինիայից իրենց երջանկությունը գտան Ղարաբաղում

Photo: Naira Hayrumyan/ArmeniaNow.com

Շուշիում ապրելն ասես իրականացած երազանք լինի…

Կիրակի Շուշիում հրաշալի հարսանիք է տեղի ունեցել` Օլիվեր Ռաքեջյանը Ֆրանսիայից և Քրիստինե Մանյանը Ռումինիայից որոշել են ամուսնանալ և ապրել Ղարաբաղում: Օլիվերը, որ Ղարաբաղում ավելի շատ հայտնի է Արմեն անունով, հարսանիքին հրավիրել էր իր այն ընկերներին, որոնց հետ ծանոթացել է վերջին 5 տարում Ղարաբաղում բնակվելիս:


Զույգը հրաժարվել էև ավանդական հարսանեկան հանդերձանքից` սպիտակ զգեստից ու բաճկոնից, հարսն և փեսան հագել էին հայկական ազգային տարազ: Սակայն սա հարսանիքի ամենահետաքրքիր պահը չէր: Ամենանշանակալին այն էր, որ երկու մարդ հեռավոր երկրներից, որոնք նույնիսկ սահման չունեն Ղարաբաղի հետ, իրենց տունն ու երջանկությունը գտան:

Հարսն ու փեսան ավանդական տարազով` Շուշիում պսակադրության արարողության ժամանակ:


32-ամյա Արմենը և Քրիստինեն ծանոթացել են «Ֆեյսբուքի» միջոցով: Քրիստինեն հայուհի է և շատ էր ցանկանում գալ Ղարաբաղ, ինչն էլ արեց` եկավ ու մնաց: Այժմ Արմենի հետ միասին փորձում են Շուշիում փոքր տեղեկատվական կենտրոն ստեղծել զբոսաշրջիկների և հնարավոր ներդրողների համար:

«Սփյուռքում երազում են Շուշիում ապրել: Այժմ ես ապրում եմ երազում»,- ասում է Արմենը: Նա ծնվել է Մարսելում: 2000 թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ առաջին անգամ իմացել է իր արմատների մասին և հայկական համայնքում զբաղվել բարեգործական ու մշակութային գործունեությամբ: Սովորել է Արևելյան ժողովուրդների և լեզուների ինստիտուտում, ուսանել իրավագիտություն:

Շուշի է եկել 2004 թ.: Նախ տուրիստական գործակալություն է բացել` համատեղելով անշարժ գույքի գործակալության հետ: Սակայն բիզնեսը չի հաջողվել, մասամբ Ղարաբաղի ծանր քաղաքական իրավիճակի պատճառով` շատ մեծ են ներդրումային ռիսկերը: Իսկ սովորական շուկայական օրենքներով այստեղ քչերին է հաջողվում աշխատել` ոչ մեծ ղարաբաղյան «գործարար շրջանակներում» ամեն ինչ արդեն վաղուց բաշխված է, և նոր մարդու համար դժվար է իր տեղը գտնել:

Սակայն Արմենը չի նահանջում: Նա փորձում է իր ուժերը այն ոլորտներում, որոնք դեռ կոշտ բաշխման չեն ենթարկվել: Նա ստեղծել է shoushi.nk.am կայքը, որում զետեղված է Արցախ այցելելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը: Այժմ Արմենը զբաղվում է «Աղավնի» կազմակերպության ստեղծմամբ, որը կաշխատի երեք ուղղությամբ` օտարերկրացի ներդրողներին տեղեկատվություն տրամադրելով, բարեգործական միջոցներ հայթայթելով և արտաքին աշխարհ-Արցախ մշակութային կապեր ստեղծելով: Արմենը հոդվածներ է գրում ֆրանսիական Les Nouvelles d'Armenie Magazine-ի համար:

Վերջերս կազմակերպել էր ֆրանսիացի նկարիչ Դոմինիկ Լանդուչիի նկարների ցուցահանդեսը Արցախում: Այժմ պատրաստում է Ազոխի քարանձավի (ԼՂՀ Հադրութի շրջան) հնագույն ցուցադրանմուշների ֆոտոցուցահանդես, որը կցուցադրվի Ֆրանսիայի թանգարաններից մեկում:

Սակայն ամենակարևորն այն է, որ նա ընտանիք է կազմել Ղարաբաղում: Սա արդեն երկրորդ սփյուռքահայ ընտանիքն է, որն իր երջանկությունը գտել է Ղարաբաղի հողում: Առաջին զույգը Արմոնդ Թահմուզյանը (Իրան) և Արտեմիս Գրիգորյանը (Ավստրալիա) էր: Այսօր նրանք մեծացնում են իրենց երկու դստրիկներին և ասում, որ իրենց երեխաները դաստիարակվում են որպես հայ: Սակայն հիմնականում սփյուռքահայերը գերադասում են ամուսնանալ ղարաբաղցի աղջիկների հետ, որոնց հետո տանում են իրենց երկիր:

Արմենին ու Քրիստինեին շնորհավորեցին ոչ միայն շուշեցիները, այլև նրանց բոլոր ընկերները սոցիալական ցանցերից: Նրանց շարքում քիչ չեն նրանք, որոնք Արմենի կանչով գեթ մեկ անգամ եղել են Ղարաբաղում: Նրանցից շատերն ապրել են Արմենի փոքրիկ բնակարանում, որի հյուրընկալ դուռը Քրիստինեի գալուց հետո էլ միշտ բաց է:
ԱրմենիաՆաուի էջերում