Ֆոտոլուր
Նախագահ Սարգսյանի հանդիպումը Սևանի ճամբարում հանգստացող «Միասին» երիտասարդական շարժման ներկայացուցիչների հետ:
Հայաստանը կրկին պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նոր առաջարկներն արվել են անցյալ ամիս երկու երկրների ղեկավարների վերջին բանակցությունների ընթացքում:
Ադրբեջանի պաշտոնյաները ժխտում են, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը անցյալ ամիս Հայաստանի ու Ադրբեջանի իր գործընկերներին հակամարտությունը լուծելու նոր առաջարկներ է ներկայացրել:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դադարեցրել է իր այցը Ռուսաստան այն բանից հետո, երբ հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Մեդվեդևի առաջնորդությամբ հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ղարաբաղում` հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում լարվածությունն աճել է, երբ ադրբեջանական զինված հետախուզական խմբավորումը ներխուժել է հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող Ղարաբաղի հյուսիսարևելյան դիրքեր, ինչի հետևանքով զոհեր են արձանագրվել: Այս միջադեպից հետո փխրուն հրադադարի խախտումներն ավելի հաճախակի են դարձել:
Խոսելով միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցությունների ընթացքի մասին` նախագահ Սերժ Սարգսյանն այս շաբաթ «Միասին» իշխանամետ երիտասարդական շարժման ներկայացուցիչներին ասել է (որոնք ճամբար են ստեղծել Սևանա լճի ափին), որ Ղարաբաղի վերաբերյալ վերջին առաջարկները ներկայացվել են կողմերին Մեդվեդևի նախաձեռնությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
«Այժմ Ադրբեջանը պետք է պատասխանի` ընդունո՞ւմ է արդյոք այդ առաջարկությունները որպես հիմք, թե՞ ոչ: Մնացածը, ինչ խոսում են այդ երկրի պաշտոնյաները` մեծ թե փոքր, զուտ ցանկությունների ոլորտից են կամ բանակցությունների նախկին փուլերի մասին իրենց պատկերացումներն են»,- ասել է Սարգսյանը:
«Այսօր մեկ խնդիր կա` ադրբեջանական կողմն ընդունո՞ւմ է արդյոք Մինսկի խմբի համանախագահների վերջին առաջարկությունները, թե՞ ոչ: Երբ Ադրբեջանը կասի, որ ընդունում է, այն ժամանակ կշարունակենք բանակցությունները: Եթե կասի` չի ընդունում, ուրեմն, այլ ելքեր, երևի, պետք է փնտրել»,- հավելել է նա:
«Մենք ասում ենք, որ խնդիրը պետք է լուծվի փոխզիջումների հիման վրա: Բայց կա կարևոր հանգամանք, որը մինչև չլուծվի, մնացած բոլոր քայլերը, բոլոր առաջարկությունները մեզ համար ընդունելի չեն»,- ընդգծել է նախագահը:
Անցյալ շաբաթ ԵԱՀԿ անդամ երկրների նախարարների հանդիպման շրջանակներում Ալմաթիում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները, Մինսկի խմբի համանախագահները էական առաջընթաց չեն արձանագրել հնգակողմ հանդիպման ավարտին:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.