Հաագայից Կոսովո, Կոսովոյից Ղարաբաղ. Ստեփանակերտի առաջին դեմքերը խոսում են միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին

Հաագայից Կոսովո, Կոսովոյից Ղարաբաղ. Ստեփանակերտի առաջին դեմքերը խոսում են միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին

Ֆոտոլուր

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում հուլիսի 23-ին կայացած մամլո ասուլիսում

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից Կոսովոյի մասին որոշումն ընդունելուց հետո հաջորդ օրը` հուլիսի 23-ին, Ղարաբաղում համազգային հանրահավաք պետք է անցկացվեր: Մարդիկ արդեն պատրաստվում էին դուրս գալու փողոցներ, Երևանից Ստեփանակերտ էր ժամանել լրագրողների մեծ խումբ, սակայն հանրահավաքը, առանց բացատրության, չեղյալ էր հայտարարվել:

Հանրահավաքի փոխարեն Ստեփանակերտում տեղի են ունեցել ԼՂՀ նախագահի և խորհրդարանական երեք կուսակցությունների խմբակցությունների ղեկավարների մամուլի ասուլիսները: Երկրի ղեկավարությունն ընդունել է, որ Կոսովոյի առանձնացման օրինականության մասին ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը ղարաբաղյան պայքարում անկախություն ճանաչման ուղենիշը կդառնա: Ընդ որում, քաղաքական ուժերն ընդգծել են, որ Ղարաբաղը չի պատրաստվում դատարան դիմել ինքնորոշման իր իրավունքը ճանաչելու համար. Ղարաբաղում կարծում են, որ արդեն իրացրել են այդ իրավունքը, տառապել են, նվաճել այն, և մնում է միայն ճանաչել երկրի անկախությունը:

ԱՄՆ-ը և Եվրամիությունն պաշտպանել են ՄԱԿ-ի դատարանի որոշումը, դեմ է հանդես եկել Ռուսաստանը: Ընդ որում, ոչ ոք չի վիճարկում որոշման ճիշտ լինելը, պարզապես բոլորն ասում են, որ այն դեռևս չճանաչված երկրների համար կարող է բացել «Պանդորայի տուփը»: Հուլիսի 22-ին ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին, պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հաագայի որոշումը կարո՞ղ է տարածվել մյուս համանման դեպքերի վրա և ազգայնական շարժումներ առաջացնել Եվրոպայի մնացյալ մասում, ասել է. «Ո´չ, կարճ կպատասխանեմ` ո´չ»:

«Կարելի է նշել ՌԴ արտգործնախարարության արտահայտած արդարացի փաստարկները, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի քննարկել Կոսովոյի միակողմանի հռչակած անկախության իրավազորության հարցը, չի անդրադարձել նման ինքնահռչակման հնարավոր հետևանքներին, և միջազգային դատարանն այդպես էլ չհայտարարեց` Կոսովոն պետությո՞ւն է, թե՞ ոչ»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլհան Պոլուխովը:

Այդուհանդերձ, մամուլի ասուլիսի ժամանակ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ անկախ Կոսովոյի ճանաչումից, Ղարաբաղը կշարունակի իր անկախության միջազգային ճանաչման ջանքերը:

Նախագահ Սահակյանը հավաստիացրել է, որ Ղարաբաղի դիրքորոշումն այս տարիների ընթացքում չի փոխվել` Արցախի անկախությունը և անվտանգությունը սակարկության առարկա չեն կարող լինել: «Մենք ԼՂՀ վերջնական կարգավիճակը չենք դիտում նախկին ԼՂԻՄ տարածքների շրջանակներում»,- ասել է նա:

Նախագահը նաև հայտարարել է, որ ՀՀ-ի կողմից Ղարաբաղի ճանաչումը չպետք է ինքնանպատակ լինի: «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանի կարծիքով` Հայաստանի խորհրդարանը կարող է հիմք ընդունել միջազգային դատարանի որոշումը և սկսել ԼՂՀ ճանաչման գործընթացը:

Ղարաբաղում համոզված են, որ անհրաժեշտ է փոխել Ադրբեջանի հետ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցությունների ձևաչափը, և Ղարաբաղը պետք է միանա դրանց` որպես լիիրավ կողմ: Ղարաբաղի խորհրդարանական «Ժողովրդավարություն» խմբակցության անդամ Վահրամ Աթանեսյանն ասում է, որ այս պահից սկսած Ղարաբաղը կարող է ավելի մեծ հիմնավորմամբ պնդել բանակցություններին իր մասնակցությունը:

Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հայտարարել է. «Ղարաբաղը պետք է լինի բանակցող կողմ, իսկ Հայաստանը պետք է մասնակցի բանակցություններին հստակ որոշված իրավաբանական շրջանակներում` որպես Ղարաբաղի անկախության և անվտանգության երաշխավոր»:

ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Հայաստանը լավ հիմքեր ունի բանակցություններ սկսելու Պրիշտինայի հետ` Կոսովոյի անկախությունը Երևանի կողմից ճանաչելու և Պրիշտինայի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու կապակցությամբ: «Անցած երկու տարում Կոսովոյի ճանաչման հարցում Հայաստանի ցուցաբերած զսպվածությունը շոշափելի արդյունք չի տվել, այն դեպքում, երբ Սերբիան հաջողությամբ զարգացրել է իր հարաբերություններն այն երկրների հետ, որոնք առաջինն են ճանաչել Կոսովոյի անկախությունը (Թուրքիա, ԱՄՆ, Եվրամիության երկրներ)»,- ասել է Մայիլյանը:

ԼՂՀ արտգործնախարարությունն էլ իր հերթին հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է, որ «Արցախի ժողովրդի` իր սեփական պետությունն ունենալու և կառուցելու, ինչպես նաև սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը, անկասկած, կճանաչվի միջազգային հանրության կողմից, քանի որ այն լիովին իրականացվել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան և հանդիսանում է արդար ու տառապյալ նվաճում»:
ԱրմենիաՆաուի էջերում