Կոսովոյի ազդեցությունը. Երևանում և Ստեփանակերտում պատգամավորները քննարկում են Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավոր ժամկետները

Կոսովոյի ազդեցությունը. Երևանում և Ստեփանակերտում պատգամավորները քննարկում են Հայաստանի կողմից Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավոր ժամկետները

Ֆոտոլուր

Այս շաբաթ Ղարաբաղի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Երևանի իրենց գործընկերների հետ

Հայաստանը և Ղարաբաղը սկսում են նոր քաղաքականություն իրականացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, և, դատելով վերջին հայտարարություններից, կարելի է ենթադրել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման գործընթացը սկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այս շաբաթ Երևան էր ժամանել Ղարաբաղի խորհրդարանական պատվիրակությունը` փոխխոսնակ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում Թովմասյանը կարծիք է հայտնել, թե ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման նախադեպը կարող է նպաստել նաև ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացին:

Վաղուց է խոսվել այն մասին, որ բանակցային գործընթացը պետք է բաժանել Ղարաբաղի միջազգային ճանաչումից: Սակայն Հաագայի դատարանի կողմից Կոսովոյի մասին որոշումը գործընթացի մեկնարկի խթան դարձավ: Ամենայն հավանականությամբ, հայկական կողմը որոշել է օգտագործել խորհրդարանական կապերը և «համոզել» բարեկամական երկրներին ճանաչել ԼՂՀ-ն:

Այդուհանդերձ, գլխավոր հարցը մնում է. արդյոք Հայաստանը կճանաչի՞ ԼՂՀ անկախությունը: Մինչ օրս Հայաստանի իշխանությունները նպատակահարմար չեն համարել ԼՂՀ անկախության միակողմանի ճանաչումը, թեև երկու երկրների (Հայաստան և Ղարաբաղ) միջև կնքվել են մի շարք միջխորհրդարանական, միջկառավարական պայմանագրեր, Հայաստանը Ղարաբաղին միջպետական վարկ է տրամադրում, Ղարաբաղի բանակում տեսչական այցեր է կատարում և նրա փոխարեն բանակցություններ վարում: Հայաստանի կողմից Ղարաբաղի չճանաչումը ՀՀ իշխանությունները բացատրում են այն փաստով, որ դա կարող է Ադրբեջանին կտրուկ քայլերի դրդել:

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է, որ Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը, իհարկե, կհեշտացնի աշխարհի մյուս երկրների համար ճանաչման գործընթացը: «Սա չի նշանակում, թե Հայաստանը դա պետք է հենց այսօր անի, սակայն չի նշանակում նաև, որ Հայաստանն այս ուղղությամբ ոչ մի քայլ չպետք է ձեռնարկի»,- ընդգծել է Մանոյանը:

Նա նաև նշել է, որ եթե ղարաբաղյան կարգավորման բանակցությունները փակուղի մտնեն, Հայաստանի առաջին քայլը պետք է լինի ԼՂՀ ճանաչումը, իսկ եթե բանը հասնի ադրբեջանական ագրեսիային, ապա պետք է բարձրացնել նաև վերամիավորման մասին հարցը:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը հայտարարել է, որ Հայաստանը կարող է սկսել ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը, եթե ԵԱՀԿ Մինսկի խումբը սպառի իր ողջ ռեսուրսները: Նիկոյանի կարծիքով` այսօր քաղաքական տեսանկյունից Հայաստանի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումն աննպատակահարմար է:

ՄԱԿ-ի միջազգային դատարանի ընդունած որոշումից հետո Հայաստանը լրիվ հիմքեր ունի Պրիշտինայի հետ բանակցություններ սկսել` Երևանի կողմից Կոսովոյի անկախությունը ճանաչելու և Պրիշտինայի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման առնչությամբ: ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանի խոսքով` տվյալ փուլում Կոսովոյի և նրա դաշնակիցների առջև խնդիր կա դրված` անհապաղ ավելացնել ՄԱԿ-ի այն անդամ երկրների թիվը, որոնք ճանաչել են այս նախկին սերբական ինքնավար շրջանի պետականությունը:

«Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը, բայց միայն արտասահմանում համապատասխան նախապատրաստական աշխատանքներ տանելուց հետո: Խնդիրն այն է, որ մենք չենք տեսնում այս ուղղությամբ անհրաժեշտ դիվանագիտական աշխուժություն, և Արցախի միջազգային ճանաչումը դեռ չի դարձել սփյուռքի լոբբիստական կառույցների համար առաջնահերթ խնդիր»,- կարծում է Մայիլյանը:
ԱրմենիաՆաուի էջերում