Ըստ թուրքական Cihan լրատվական գործակալության` Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է ադրբեջանա-ղարաբաղյան ուժերի շփման գծում տեղի ունեցած բախումներին:
Չորեքշաբթի Կարս քաղաքում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Դավութօղլուն ասել է, որ այս հարցի կապակցությամբ Թուրքիան խորհրդատվություններ է անցկացնելու ադրբեջանական կողմի հետ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարը երեքշաբթի հայտարարել է, որ 3 հայ և 2 ադրբեջանցի զինվորներ են սպանվել Լեռնային Ղարաբաղի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով:
Ըստ Ստեփանակերտի ռազմական հրամանատարության` վիրավորվել է մեկ հայ զինվոր, իսկ ադրբեջանական կողմից կա առնվազն 7 վիրավոր կամ զոհ:
Երկու կողմերն էլ մեղադրում են միմյանց բախումները նախաձեռնելու մեջ:
«Կովկասում հնարավոր կլինի կայունություն հաստատել միայն այն ժամանակ, երբ ազատագրվեն ադրբեջանական հողերը: Թուրքիան բոլոր հնարավոր ջանքերը կգործադրի հրադադարի խախտումներին վերջ դնելու համար»,- հավելել է Դավութօղլուն:
1991-1994 թթ. պատերազմի ավարտին (գրանցելով 30000 զոհ) Բաքվից դե ֆակտո անկախություն ձեռք բերած Ղարաբաղի շուրջ լարվածությունն աճել է վերջին ամիսներին, երբ շրջանի կարգավիճակի վերաբերյալ բանակցություններում էական առաջընթաց չի գրանցվել:
Հայ և ադրբեջանական ուժերը հաճախ են մերձամարտում, և կրակահերթերն էլ հաճախակի են դարձել շփման գծում: Կողմերը պարբերաբար մեղադրում են միմյանց 1994 թ. Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված և այդ պահից ի վեր քիչ թե շատ պահպանված հրադադարի պայմանագիրը խախտելու մեջ:
Այս վերջին միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի` Ադրբեջան նախատեսված այցից 2 օր առաջ, որի ընթացքում ամենայն հավանականությամբ կքննարկվի նաև Ղարաբաղի հարցը:
(Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ` Ռուսաստանը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ գլխավորում է ձգձգված հակամարտության համար լուծում միջնորդելու միջազգային ջանքերը:)
Բացի այդ, այս ամսվա վերջին սպասվում է, որ ՄԱԿ-ը կքվեարկի Բաքվի առաջարկած «Ադրբեջանի օկուպացված տարածքներում մարդու իրավունքների իրավիճակի մասին» բանաձևը:
Տարբեր անուններով նման բանաձևեր, որոնք կոչ են անում «վերջ դնել հայկական օկուպացիային», նախկինում ընդունվել են, գլխավորապես, Իսլամական համաժողով կազմակերպությանն անդամակցող Ադրբեջանի եղբայրական մահմեդական երկրների աջակցությամբ: Այդուհանդերձ, հակամարտությանը միջնորդող գերտերությունները չեզոք դիրք են գրավել:
Հատկանշական է, որ սեպտեմբերին Թուրքիան ստանձնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.