Այսօր` սեպտեմբերի 2-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տոնում են անկախության հռչակման 19-րդ տարեդարձը, որի միջոցառումներն անցկացվում են հանրապետության միջազգային ճանաչման թեմայի արդիականացման պայմաններում:
1991 թ. սեպտեմբերին 2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նիստում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակագիրը: Իսկ մեկ ամսից` հոկտեմբերի 5-ին, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման մասին» օրինագիծը կքննարկվի Հայաստանի Ազգային ժողովում:
Հոկտեմբերի 5-ի քննարկումների արդյունքները դժվար է կանխատեսել: Խորհրդարանը կարող է հերթական անգամ մերժել նախագիծը, սակայն, մի շարք ազդեցիկ պատգամավորների հայտարարություններից դատելով, քննարկումը հնարավոր է: Իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է նախաձեռնի ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը: Նույնն ասում է նաև ՀՅԴ-ն: Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ կուսակցությունը լոբբիստական ջանքերը կուղղորդի Արցախի անկախության ճանաչմանը:
(Ղարաբաղի անկախության օրվա առթիվ հինգշաբթի երեկոյան Դաշնակցությունը միջոցառում է կազմակերպել Երևանում:)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԼՂՀ անկախության տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձում հայտարարել է. «Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը կարող է ունենալ միայն մեկ լուծում, և այդ լուծումը Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունն է»:
ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը «ԱրմենիաՆաուին» տված հարցազրույցում ասել է, որ Արցախի միջազգային ճանաչման թեմայի արդիականացումը և ՀՀ-ԼՂՀ փոխհարաբերություններին նոր որակ հաղորդելը կարելի է ողջունել:
Ընթացիկ տարվա ապրիլին Խորհուրդը դիմել է հայ ավանդական քաղաքական կուսակցություններին և հայկական սփյուռքի լոբբիստական կազմակերպություններին` ԼՂՀ միջազգային ճանաչման գործընթացը նախաձեռնելու կոչով:
«Ճանաչումը, ինչպես ցույց է տալիս Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի վերջին փորձը, հակամարտող գոտիներում զսպման և անվտանգության ապահովման իրական մեխանիզմ է,- կարծում է Մայիլյանը:- Ադրբեջանի ռազմական ռևանշից խուսափելու նպատակով գերտերությունները, որոնք շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ, պետք է ընդունեն ԼՂՀ անկախությունը` այդպիսով փակելով իրավիճակի ռազմական լուծումը»,- ընդգծել է ղարաբաղցի փորձագետը:
ԼՂՀ ղեկավարությունը և Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, այցելել է Շուշիի, ապա Ստեփանակերտի հուշահամալիրներ, հարգանքի տուրք մատուցել Ղարաբաղի ազգային-ազատագրական շարժման ընթացքում զոհվածների հիշատակին:
Իսկ երեկոյան Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում կեզրափակվի անկախության օրվա միջոցառումների շարքը:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.