Ֆոտոլուր
Նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ռոբերտ Բրադտկեի (ԱՄՆ) և Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) այցը Ղարաբաղ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանում են. սեպտեմբերի 6-ին նրանք ժամանել են Բաքու, որտեղից կմեկնեն Լեռնային Ղարաբաղ, ապա սեպտեմբերի 9-ին` Երևան:
ԵԱՀԿ Մինսկի խումբը 1992 թ.-ից ի վեր զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ փնտրելով: Մինսկի խմբի համանախագահության կազմը սկզբում ռոտացիոն կարգով փոփոխվում էր, սակայն 1996 թ.-ից մշտական համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան: Այս ձևաչափը համարվում է լավագույնը և ընդունվում հակամարտության կողմերի կողմից:
Մինսկի խմբի 18 տարիների ջանքերը չեն հանգեցրել շոշափելի արդյունքների: Կողմերին ներկայացվել է չորս առաջարկություն, որոնք իրենց հայեցակարգով այնքան էլ չեն տարբերվում միմյանցից: Առաջարկությունների հիմքում ընկած էր նախկին ԼՂԻՄ-ի տարածքում Ղարաբաղի բնակչության համար ինքնորոշման հնարավորության գաղափարը, ղարաբաղյան ուժերի վերահսկողության տակ գտնվող Ադրբեջանի տարածքների վերադարձը, տեղահանվածների վերադարձը և խաղաղապահ ուժերի տեղակայումը: Սակայն ո´չ կողմերը, ո´չ էլ համանախագահները չեն կարողանում ընդհանուր համաձայնության գալ ո´չ շրջանների թվի, որոնք պետք է վերադարձվեն, ո´չ խաղաղապահ ուժերի կազմի, ո´չ էլ ԼՂՀ անկախության հանրաքվեի ժամկետների վերաբերյալ:
Համանախագահները պարբերաբար հրապարակել են հակամարտության կարգավորման ժամկետները` ձգձգված խնդիրն արագ լուծելու վճռականություն ցուցադրելով: Այս անգամ նույնպես համանախագահները վերջնական համաձայնության հասնելու ժամկետներ են սահմանել:
Այցի նախօրեին ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարությունում նշվում է, որ միջնորդները` ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն և ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադտկեն, մինչև ԵԱՀԿ գագաթնաժողովը մնացած մի քանի ամիսների ընթացքում առանձնակի ակտիվության են ակնկալում:
Սեպտեմբերի կեսին համանախագահները կմեկնեն Վաշինգտոն, այնուհետև` Նյու Յորք` ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի միջանցքներում կողմերի հետ աշխատելու համար:
Սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի կեսը համանախագահները կվերադառնան տարածաշրջան` տեղերում իրավիճակի գնահատման առաքելությամբ, դիտարկելու Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների հումանիտար իրավիճակը և քննարկելու ավելի վաղ կողմերի հետ համաձայնեցված սկզբունքները: Բարձր մակարդակի խումբը, որ կազմված է խորհրդականներից ու փորձագետներից, ներառյալ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչները, ուղեկցելու են համանախագահներին 2005-ից սկսած առաջին առաքելությանը: Դիտարկումների արդյունքում ստացված եզրակացությունները կներկայացվեն Վիեննայում: Ապա համանախագահները կպատրաստեն ամենամյա զեկույց ԵԱՀԿ Մշտական խորհրդի գործունեության մասին և ակտիվ կաշխատեն Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովի նախապատրաստման վրա:
«Ինտենսիվ գործունեության շրջանում համանախագահները կոչ են արել կողմերին պահպանել կրակի դադարեցման համաձայնագիրը և զսպվածություն դրսևորել տեղերում, որպեսզի հնարավոր ամեն ինչ արվի փոխզիջման ոգին ամրապնդելու համար, որ անհրաժեշտ է առաջընթացի հասնելու համար, ձեռնպահ մնալ բացասական բնույթի հրապարակային հայտարարություններից, ինչպես նաև քաղաքական համոզիչ կամք դրսևորել լուրջ երկխոսության համար: Համանախագահները վճռականապես դատապարտել են շփման գծում վերջին միջադեպերը, կրակի դադարեցման ռեժիմի ցանկացած խախտումները, ցավում են մարդկանց անօգուտ մահվան համար, ինչպես նաև հիշեցնում երկու երկրների ԱԳ նախարարների հայտարարությունն Ալմաթիում այն մասին, որ ուժի կիրառումը բարդացնում է իրավիճակը և կարող է հանգեցնել միայն տառապանքի, ավերածությունների և հակամարտության ու թշնամանքի շարունակմանը»,- ասվում է ԵԱՀԿ համանախագահների հայտարարության մեջ:
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.