Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ. նոր գաղափարներ են առաջարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնումը խթանելու ուղղությամբ

Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ. նոր գաղափարներ են առաջարկվում Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխըմբռնումը խթանելու ուղղությամբ

Photo: www.president.am

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Արդեն մի քանի ամիս է, ինչ ղարաբաղյան կարգավորման մասին տեղեկություններում ոչ մի բառ չկա հակամարտության քաղաքական կարգավորման մասին: Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների կազանյան գագաթնաժողովից հետո, որտեղ կողմերը, ըստ էության, չկարողացան համաձայնության գալ կարգավորման սկզբունքների շուրջ, միջնորդները սկսեցին ավելի շատ խոսել ժողովուրդների միջև շփումների հաստատման, մարդասիրական խնդիրների լուծման և նույնիսկ տարածաշրջանային նախագծերի մասին: Հնարավոր է, որ դրա հետ էր կապված Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի այցը Հայաստան:

Եվրամիությունը մշակում է նոր նախագծեր` ուղղված հայերի և ադրբեջանցիների միջև վստահության քայլերի ընդլայնմանը: Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոչիյանչիչը հաղորդել է, որ 2 մլն եվրո բյուջեով առաջին ծրագիրն այժմ ավարտվում է, սակայն քննարկվում է հաջորդ նման ծրագրի հնարավորությունը:

ԱՄՆ-ը նույնպես կարևորում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական և հայկական համայնքների միջև շփումների կազմակերպումը, նոյեմբերի 28-ին հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: «Անհրաժեշտ է որքան հնարավոր է շատ շփումներ կազմակերպել հայերի և ադրբեջանցիների միջև, որովհետև այդ կերպ հնարավոր կլինի ընդհանուր լեզու գտնել»,- ասել է Բրայզան:

Քաղաքացիական հասարակության մակարդակով շփումներից զատ անցկացվում են ևս մի քանի գործընթացներ: Դիցուք, Ռուսաստանը նախաձեռնում է Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումները, որոնք արդեն տվել են իրենց արդյունքը: Մեկ տարի առաջ Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությամբ տեղի ունեցած Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Կովկասի մահմեդականների հոգևոր վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպումից հետո հնչեցվել է բոլոր գերիներին և զոհվածների դիակները վերադարձնելու կոչը: Եվ մի քանի ամիսների ընթացքում երկու կողմերն էլ դա արեցին:

Երևանում այս շաբաթ տեղի ունեցած երկու հոգևոր առաջնորդների հանդիպմանը նոր` դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու կոչ է հնչել: Պաշտոնական Բաքուն դեռ չի պատասխանել այս առաջարկին: Մինչ այդ պաշտոնական Երևանը վերահաստատել է դիպուկահարներին դուրս բերելու իր պատրաստակամությունը, սակայն ոչ միակողմանի:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը` միաժամանակ փաստելով, որ շփման գծում տեղի ունեցող միջադեպերը ցույց են տալիս, որ անհրաժեշտ են դրանց միջազգային հետաքննության մեխանիզմներ:

Մինչ այդ, Ղարաբաղում այդ այցերից առաջ սահմանի վրա լարվածությունը սրվեց: Հայկական բանակը հաղորդել է ադրբեջանական դիպուկահարների կրակոցից զոհված իր երկու զինվորների մասին: Ի պատասխան հայկական կողմը պատժիչ օպերացիայի է դիմել` հայտարարելով, որ մեկ շաբաթվա ընթացքում սպանվել կամ վիրավորվել է ադրբեջանցի 7 զինվոր: Ադրբեջանը հաստատել է միայն մեկ զոհի դեպքը: Հետաքրքիր է, որ այս տեղեկատվությունը առանձնապես չի անհանգստացրել ո´չ Ադրբեջանին, որտեղ այն պարզապես լռության մատնեցին, ո´չ էլ միջազգային կազմակերպություններին, որոնք կարծես ընդունեցին հայկական բանակի` պատժիչ գործողություններ իրականացնելու իրավունքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ մշտական խորհրդին են ներկայացրել գործունեության ամենամյա զեկույցը, որում կրկին հաստատել են, որ հարցը ռազմական լուծում չունի, և հավելյալ ջանքեր են ներկայացրել` բանակցային գործընթացի մթնոլորտը լավացնելու, հրադադարի ռեժիմի պահպանումն ամրապնդելու համար:
ԱրմենիաՆաուի էջերում