Անկախություն և ճանաչում. Ստեփանակերտի միջազգային համաժողովում քննարկվել են Ղարաբաղի պետականության հեռանկարները

Անկախություն և ճանաչում. Ստեփանակերտի միջազգային համաժողովում քննարկվել են Ղարաբաղի պետականության հեռանկարները

Ֆոտոլուր

Անցյալ շաբաթավերջին Ստեփանակերտում ավարտվեց «ԼՂՀ անկախության 20-ամյակ. իրողություններ և հեռանկարներ» երկօրյա միջազգային համաժողովը` նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 20-ամյակին, որի աշխատանքներին մասնակցեցին Հայաստանից և Ղարաբաղից պատգամավորներ, քաղաքագետներ, Ռուսաստանի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Հունաստանի, Հոլանդիայի փորձագիտական հանրության ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա պաշտոնական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Համաժողովի գլխավոր ուղերձը դարձավ «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, հայտնի ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հայտարարությունը. «Ես համաձայն չեմ, որ ինչքան երկար պետությունն անկախ է, այնքան անկախության համար ավելի շատ օբյեկտիվ փաստարկներ ունի: Անիմաստ է աշխարհից անկախության ճանաչում պահանջել այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղի անկախությունը չի ճանաչում Հայաստանը»:

Ի պատասխան` ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ Հայաստանի նպատակը Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչումն է: «Եթե Հայաստանի միակողմանի ճանաչումը կօգնի այդ գործընթացին, ապա մենք կանենք դա, բայց ամեն ինչ իր ժամանակին կարվի»:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի խոսքով` ժամանակակից աշխարհը չի հուշում համակեցության այնպիսի կարգ, որով Լեռնային Ղարաբաղը կարող է հաշտ ապրել Ադրբեջանի կազմում: «Անհամատեղելիները չեն համատեղվում: Արևմուտքն ու Արևելքը համատեղելի չեն, և այսօր դրանց միջև սահմանն անցնում է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև սահմանով»,- ասել է ղարաբաղցի պատգամավորը:
Համաժողովն անցկացվել է քաղաքական սկանդալի ֆոնին, որն ավելի վաղ առաջացրել էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հարցազրույցը Աթենքում լույս տեսնող «Հայաստան» շաբաթաթերթին: Պատասխանելով հայկական կողմի` զիջումների գնալու պատրաստակամության մասին հարցին` Բակո Սահակյանն ասել է, որ խոսքը միակողմանի զիջումների մասին չէ: Սահակյանն ընդգծել է` որևէ անգամ, որևէ քաղաքական գործիչ, հատկապես Հայաստանի քաղաքական գործիչները իրենց տեսակետները հայտնելիս չեն ասել, որ զիջումների կգնան: Խոսքը փոխզիջումների մասին է, և ամեն ինչ կարվի առանց հայկական կողմի շահերին վնասելու:

Սա սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ների էջերում բուռն քննարկումների տեղիք է տվել: Հայ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը հայտարարել է, որ Ղարաբաղի նախագահն ընդհանրապես չպետք է խոսի հնարավոր զիջումներից: «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանը քննադատական հոդվածով է հանդես եկել, որում Բակո Սահակյանին անվանել է «հանձնվողականության լոկոմոտիվ»:

Արցախի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը նույնպես կարծում է, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ ԼՂՀ-ն չպետք է քննարկեն տարածքների հարցը։ «Հայկական կողմերը չպետք է տեղի տան պաշտոնական Բաքվին, որը հաճախակի վկայակոչում է Ադրբեջանի Հանրապետության, իբրև թե, «միջազգայնորեն ճանաչված սահմանների» ճանաչումը: Թեև Ադրբեջանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվել է 20 տարի առաջ, միայն վերջերս է որոշվել ռուս-ադրբեջանական սահմանը, սակայն մինչ օրս շարունակվում է վրաց-ադրբեջանական սահմանի, ադրբեջանա-իրանական ծովային սահմանի սահմանագծումը, որոշված չէ նաև հենց Կասպից ծովի կարգավիճակը: Իսկ Ադրբեջանի և ԼՂՀ-ի, Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև սահմանների ճշտումն ընդհանրապես չի էլ սկսվել այդ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ընդգծել է նա:
ԱրմենիաՆաուի էջերում