Սուսերամարտելու սեր ունե՞ս. հայերի շրջանում կրկին արթնանում է հետաքրքրությունը «սառը զենքով ճատրակի» նկատմամբ
Երկար դադարից հետո Հայաստանում կրկին աշխուժանում է հետաքրքրությունը սուսերամարտի նկատմամբ, որը գեղագիտական արժեք է ստացել ֆիլմերում և ներկայացվել որպես ազնվականների առանձնաշնորհ:
Սուսերամարտը Հայաստանում սկսել է զարգանալ դեռևս անցյալ դարի կեսից, երբ թբիլիսցի Հրաչյա Գասպարյանը միավորեց հարավկովկասյան երկրում գործող բոլոր խմբակները: 1945 թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվեց սուսերամարտի առաջնություն: 70-ականներին Հայաստանը (Երևան,Գյումրի) արդեն ուներ տարբեր տարիքային թիմեր և օլիմպիական չեմպիոններ, որոնք հանդես էին գալիս Խորհրդային Միության հավաքականում: Սակայն 90-ականներին արքայական այս մարզաձևը ծանր անկում ապրեց, քանի որ նրանով զբաղվելու համար անհրաժեշտ էին բավական թանկ հանդերձանք և սարքավորումներ, որը գրեթե անհնար էր նորանկախ և տնտեսապես անկայուն երկրում: Վեջին չորս տարիներին սուսերամարտը կրկին վերելք է ապրում: Հայաստանում գործում է մի քանի սուսերամարտի դպրոց, մասնավորապես` Երևանում, այդ թվում` Նորագավիթում (մայրաքաղաքի ծայրամասերից մեկը), Բյուրեղավանում, ինչպես նաև Հայաստանի երկրորդ և երրորդ խոշոր քաղաքներում` Գյումրում և Վանաձորում: Ճկասուսերը, խոցասուսերն ու թրասուսերը այս մարզաձևի տարատեսակներն են: Տեխնիկապես և տակտիկապես բավական բարդ այս մարզաձևը պահանջում է ֆիզիկականից զատ նաև մտավոր ընդունակություններ` դրանով իսկ նմանվելով շախմատին: Ճարպկություն, ճկունություն, ազնվություն, արագ կողմնորոշվելու հմտություն` սրանք են որակյալ սուսերամարտիկի գրավականը: |
Ավելացնել նոր մեկնաբանություն