Քննությունների շրջան. առաջին ծանոթությունը բուհերին հիասթափեցնում է շատ հայ ուսանողների

Քննությունների շրջան. առաջին ծանոթությունը բուհերին հիասթափեցնում է շատ հայ ուսանողների


Այս տարի դժվար է քննություն հանձնելը…

Այս տարվա դիմորդների ճնշող մեծամասնությունն ու նրանց ծնողները զայրացած ու զարմացած էին իրենց ցածր արդյունքներից հայոց լեզվի և հայ գրականության քննությունից: Քննությունները գրեթե բոլորի համար ավելի բարդ էին, քան նրանք ակնկալում էին: Բացի այդ, ավարտական և միասնական քննությունների առաջին շաբաթն ամփոփելուց հետո պարզ դարձավ, որ հայ դիմորդների մեծ մասն ավելի բարձր միավորներ է ստանում օտար լեզվից, քան մայրենի լեզվից:

Քննությունները սկսվել են հունիսի 2-ին և կավարտվեն հունիսի 23-ին, որոնց ընթացքում միասնական ընդունելության քննություն կհանձնի մոտ 19.000 դիմորդ:

Հայոց լեզվի և գրականության միասնական քննության արդյունքները ցույց տվեցին, որ միասնական քննություն հանձնած 12.000 դիմորդների 65 տոկոսը (7800 դիմորդ) ստացել է 7,5-13,25 միավոր, իսկ առավելագույն` 20 միավոր ստացել է ընդամենը 12 դիմորդ: Իսկ անգլերենի քննություն հանձնած 8000 դիմորդից առավելագույն 20 միավոր ստացել են 100-ը:

Կրթության և գիտության նորանշանակ նախարար Արմեն Աշոտյանը կիսում է դիմորդների մտահոգությունը:

«Այո, դրանք բարդ են եղել բոլորի համար,- ասում է նախարարը: - Բոլոր քննություն հանձնողներն այդ առումով եղել են հավասար պայմաններում ու, հաշվի առնելով անբավարարների տոկոսը, կարող ենք ասել, որ շրջանավարտների մեծ մասն առաջադրանքները հաջողությամբ հաղթահարել է։ Մրցակցային դաշտը նրանց բոլորի համար պահպանվել է, պարզապես այն տեղափոխվել է ավելի փոքր միավորների դաշտ»:

Աշոտյանը, որը նաև հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահն է, ասում է, թե օտար լեզվի բարձր միավորների պատճառը թեստերի ավելի դյուրին և մատչելի լինելն է:

«Բացի այդ, դիմորդներն ավելի լավ են պատրաստվել այս քննությանը: Կա տեղեկատվություն, որ որոշ քննակենտրոններում շրջանառվել են հուշաթղթեր»,- ասաց նախարարը: - Տասնյակից ավելի հուշաթղթեր են առգրավվել, որոնք ունեն տարբեր ձեռագրեր և տարբեր ձևի են»:

Ըստ քննական կանոնների` հուշաթուղթ օգտագործած դիմորդներին պետք է դուրս հանեն սենյակից և նկատողություն անեն: Հիմնականում, սակայն, հուշաթուղթը առգրավելուց հետո կարգազանցներին թույլ են տալիս շարունակել քննությունը:

Հայոց լեզու և հայ գրականությունից 13,75 միավոր ստացած դիմորդ Անժելա Սարգսյանն ասում է, որ թեստում այնպիսի հարցեր են ընդգրկած եղել, որոնք չեն եղել ոչ հայոց լեզվի կամ գրականության դպրոցական դասագրքում, ոչ էլ դիմորդների համար նախատեսված ուղեցույց-թեստերում:

«Ահավոր բարդ էր, ես պարապելու ժամանակ թեստերից 17-20 միավոր էի ստանում, իսկ իմ գնահատականը մեծ ցնցում էր ինձ համար, չէի սպասում, որ այդքան բարդ կլիներ»,- ասում է 16-ամյա Անժելան:

Միասնական քննություններ Հայաստանում անցկացվում են 2007 թվականից: Կրթական համակարգի բարեփոխման ծրագրի շրջանակներում երեք տարի առաջ կրթության և գիտության նախարարությունը որոշեց ամռանը բուհերում ընդունելության քննություններ անցկացնելու փոխարեն անցկացնել կենտրոնացված քննություններ ավարտական քննությունների հետ միասին: Դրանց նպատակը բուհ ընդունվելու նպատակով դիմորդների քննություն հանձնելու գործընթացի կազմակերպումը հեշտացնելն է և քննությունների ընթացքում արմատացած կոռուպցիոն ռիսկերը բացառելը:

Սակայն շատերը կարծում են, որ նոր համակարգը միայն ավելի է վատացրել վիճակը:
Երևանի թիվ 100 դպրոցի տնօրեն Արեգա Օհանյանն ասում է, որ դպրոցի 50 շրջանավարտներից 32-ը հայոց լեզվից միասնական քննություն են հանձնել:

«Այդ քննությունից հետո երեխաները դպրոց վերադարձան ահավոր խեղճացած, կոտրված»,- ասում է Օհանյանը:

Օհանյանը, որին ևս անհանգստացրել է հայոց լեզվի և մաթեմատիկայի թեստերի բարդությունը, ասում է, թե իր համար անհասկանալի է թեստ կազմողների նպատակը:

«Ինչո՞ւ են ուզում անպայման խեղճացնել երեխաներին, չէ՞ որ դպրոցի նպատակը բացարձակ գիտելիքներ ապահովելը չէ, այդ դեպքում էլ ինչո՞ւ են բուհում ուսումը շարունակում: Իսկ այդ թեստերը դիմորդից բացարձակ գիտելիք են պահանջում:
Թեստերում այնպիսի հարցեր կան, որոնք դասագրքերում շատ մակերեսորեն են ներկայացված` մեկ կամ երկու նախադասությամբ: Իսկ թեստում այդ կարգի հարցերին պահանջում են խորությամբ պատասխանել»,- ասում է Օհանյանը:

Նույն դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աստղիկ Պապյանն ասում է, որ այս տարի քննությունները 3-4 անգամ ավելի դժվար էին, քան անցյալ տարի: Պապյանը ` ուսուցչության իր 15 տարվա ստաժով, ասում է, որ այդ քննությունից ինքը հազիվ 18 միավոր ստանար:

«Այդ թեստը նույնիսկ ինձ համար էր դժվար,- ասում է Պապյանը: - Գրականության հարցերին պատասխանելու համար պետք է բացարձակ հիշողություն ունենաս, որ հիշես շատ փոքր մանրամասներ: Այս տարի փոխել են նաև հայոց լեզվի հարցերը: Եթե նախկինում պահանջը գտնել էր, թե որն (բառը, նախադասությունը և այլն) է սխալ, որտեղ է սխալը, ապա այս տարի պետք է հաշվեին, թե քանիսում սխալ կա: Ասենք` 16 բառից պետք է հաշվի ու գտնի սխալ բառերը, եթե մեկը չհաշվի, ապա առաջադրանքի միավորը կկորցնի: Եկեք չմոռանանք, որ սրանք 16 տարեկան պատանիներ են, քննության ժամանակ շատ լարված են և կարող են շփոթվել: Երեք ժամում հնարավոր չէ այդքան հաշվել»:

ԿԳ նախարարը համաձայն է, որ նոր քննական համակարգը դեռ բարեփոխման կարիք ունի, քանի որ կրթական բարեփոխումները դեռ չեն ավարտվել:
ԱրմենիաՆաուի էջերում