Սրտառուչ հրաժեշտ. Հայաստանը հրաժեշտ է տալիս Գոքորին ու Գարիկին

Սրտառուչ հրաժեշտ. Հայաստանը հրաժեշտ է տալիս Գոքորին ու Գարիկին


Հարյուրավոր մարդիկ էին հավաքվել` վերջին հրաժեշտը տալու

Երիտասարդներն ու տարեցներն ասում են, որ կկարոտեն «Գոքորին» ու «Գարիկին»
Ընտանիքի անդամները, ընկերներն ու բազմաթիվ երկրպագուները եկել էին Երևանի Դավիթաշեն համայնքի Սուրբ նահատակաց եկեղեցի` հրաժեշտ տալու երկուշաբթի ուշ երեկոյան ավտովթարի հետևանքով զոհված երկու սիրող դերասաններին:

35-ամյա Գեղամ Խանդիլյանին ու 36-ամյա Արամ Միսկարյանին, որոնք հայտնի են լայն հանրությանը «Շանթ» հեռուստաընկերության սիրված «Որոգայթ» քրեական սերիալում իրենց կերտած Գոքորի ու Գարիկի կերպարներով, հինգշաբթի ցերեկը հողին հանձնեցին Դավիթաշենի գերեզմանոցում:

Երրորդ անձը` 26-ամյա օպերատոր Էդգար Տեր-Ադամյանը, հիվանդանոցում է` նույն պատահարում ստացած բազմաթիվ վնասվածքներով: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի աշխատակից Սամվել Կարապետյանը հայտնեց «ԱրմենիաՆաուին», որ Տեր-Ադամյանն ունի գլխի, փայծաղի և լյարդի վնասվածքներ, դեռ ծանր վիճակում է, բայց գիտակցությունը տեղն է:

Ընդսմին` երկու զոհվածների գործընկերներն ու նվիրված երկրպագուներն իրենց ցավակցություններն արտահայտեցին և հիշեցին դրվագներ նրանց կյանքից էկրանին ու իրական կյանքում:

Սերիալում փոխգնդապետ Ավագյանի դերակատար Սամվել Կիրոյանն ասում է, որ Գեղամն ու Արամն իրական կյանքում նույնքան նվիրված էին իրենց ընկերներին, որքան սերիալում:

«Երկուսն էլ հումորով ու զարգացած մարդիկ էին, և հանդիսատեսը շատ էր սիրում նրանց: Մենք լավ ընկերներ էինք նկարահանման ընդմիջումներին: Նրանք, որ դերասան չէին, շատ էին սիրում դերասաններին»,- ասաց նա:

Կիրոյանի խոսքով` ֆիլմի պրոդյուսերները որոշել են, որ այդ կերպարների համար նոր դերասաններ չեն լինելու:

«Բայց «Որոգայթը» շարունակվելու է, ու մենք, որքան ապրենք ու ստեղծագործենք, այնքան հիշելու ենք նրանց: Որքան հիշենք, այնքան նրանք կապրեն»:

«Որոգայթի» գլխավոր դերակատար Հարություն Մովսիսյանը (Հովո) ասաց. «Ես տեսնում եմ իմ եղբայրներին, ովքեր հեռանում են մեզնից, բայց նրանք իրենց հոգու գեղեցկությամբ են հեռանում: Լավ մարդը միշտ էլ երևում է, դրա համար էլ ժողովուրդն այսպես ցավում է նրանց համար: Հայրենասեր, նվիրյալ ու սրտով տղերք էին, թող Աստված նրանց հոգիները լուսավորի, նրանք միշտ մեր կողքին են լինելու»:

72-ամյա հեռուստադիտող ու երկրպագու Սիլվա Աբրահամյանն ասում է, որ պրոֆեսիոնալ դերասան չլինելով` Գոքորն ու Գարիկը իսկական դերասաններից լավ էին խաղում: «Նրանց նմանը մեր պրոֆեսիոնալ դերասանների մեջ չկան»,- ասաց վշտաբեկ երկրպագուն:

Իսկ 14-ամյա Վրեժ Հարությունյանն ասաց. «Նրանք սովորեցնում էին` որն է ճիշտն ու սխալը իրենց կերպարների միջոցով: Ես ֆիլմն առանց նրանց չեմ պատկերացնում»:

Սգո օրերին «Շանթը» դադարեցրել է սերիալի ցուցադրումը, որը կվերսկսվի երկուշաբթի:
ԱրմենիաՆաուի էջերում