Տանը, բայց ոչ միայնակ. Ռուսաստանում տնտեսական ճգնաժամի պատճառով ավելի շատ արտագնա աշխատողներ են մնում Հայաստանում
Եգանյանի խոսքով` այս տարի ավելի շատ սեզոնային աշխատողներ են մնացել Հայաստանում Նման շրջադարձը Հայաստանի աշխատանքային արտագաղթի միտումներում ենթադրում է, որ արտասահմանում հնարավորությունների նվազման պատճառով այս տարի ավելի շատ մարդ աշխատանք կփնտրի Հայաստանում: Հայաստանի միգրացիոն գործակալության ղեկավարն ասում է, որ վերջին տարիներին առաջին անգամ հանրապետությունից մեկնողների ու հանրապետություն ժամանողների դրական մնացորդ է գրանցվել մարտին, երբ արտագնա աշխատողները, որպես կանոն, վերադառնում են իրենց արտասահմանյան աշխատանքին` հայրենիքում կարճատև ձմեռային արձակուրդից հետո: «Միգրացիան շատ զգայուն երևույթ է,- ասում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: - Սոցիալական, տնտեսական և քաղաքական փոփոխվող գործընթացներն արտացոլվում են միգրացիոն երևույթների վրա: Բնականաբար, այնպիսի կատակլիզմը, ինչպիսին ներկայիս ճգնաժամն է, չէր կարող իր ազդեցությունը չունենալ»: Եգանյանի խոսքով` ճգնաժամի հետևանքներն իրենց մաշկի վրա առաջինը զգացին վաղ գարնանն արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք տուն էին վերադառնում ուշ աշնանը: Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողների մոտ 95 տոկոսն աշխատանք է փնտրում Ռուսաստանում, որից 60-70 տոկոսը` շինարարության ոլորտում: Ռուսաստանը hամարվում է ճգնաժամից առավել տուժած երկրներից, որտեղ այն արտահայտվում է անկմամբ շինարարության և այլ ոլորտներում, որոնք համալրվում էին արտագնա աշխատողներով: Հայաստանի միգրացիոն գործակալությունն իր գնահատականները տալիս է ըստ ուղևորահոսքերի մասին տեղեկությունների, որոնք ստացվում են սահմանակետերից: Եգանյանի հավաստմամբ` որպես կանոն, բացասական սալդոյի ամենամեծ թիվը գրանցվում է փետրվար-ապրիլ ամիսներին: Բացասական սալդոն` երբ մեկնողների թիվը գերազանցում է ժամանողների թվին, 2008-ին 2007-ի համեմատությամբ (փետրվար-մարտ ամիսներին), աճել էր 46 տոկոսով: Այս տարի գրանցվել է հակառակ միտումը` 2008-ի փետրվար-ապրիլ ամիսների համեմատ արձանագրվել է 56 տոկոս աճ` ասում է Եգանյանը: Այսպես` մարտին արձանագրվել է միգրացիայի դրական մնացորդ` 1200 մարդ թվաքանակով: Այս տարի գրեթե 70.000 մարդ արտագնա աշխատանքի չի մեկնել` համալրելով գործազուրկների բանակը: «Աշխատանքային արտագաղթի» նվազման լուրջ հետևանքներից մեկն էլ արտասահմանից Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալի կրճատումն է: (Պաշտոնական տվյալներով` 2009-ի հունվար-մայիս ամիսներին տրանսֆերտների ծավալը 2008-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 40 տոկոսով:) «Վերջին 5-6 տարիներին տրանսֆերտները տարեկան միջին հաշվով աճում էին 25 տոկոսով: Անցյալ տարվա չորրորդ եռամսյակում երրորդի համեմատ գրանցվեց 20 տոկոսից ավելի կրճատում: Մինչդեռ բոլորս էլ գիտենք, որ սովորաբար տարեվերջին ավելի շատ տրանսֆերտներ են գալիս Հայաստան,- ասում է Եգանյանը: - Արդեն չորրորդ եռամսյակում բանկային խողովակներով ֆիզիկական անձանց անունով փոխանցումները 530 մլն դոլարից նվազեցին 430-ի, այն դեպքում, երբ պետք է հասնեին, եթե նախորդ տարվա միտումը պահպանվեր, 700 մլն դոլարի»: Երևույթը շարունակվում է նաև այս տարի: Հունվարին փոխանցումները կրճատվել են 25, ապրիլին` 39 տոկոսով: Տրանսֆերտների 80 տոկոսը ստացվում է Ռուսաստանից: Ըստ միգրացիայի վարչության` այս տարի նվազել են նաև ուղևորահոսքերը, ի տարբերություն նախորդ տարիների, երբ գրանցվում էր կտրուկ աճ: «Այս տարի հոսքերը կրճատվել են 1-2 տոկոսով (7600 մարդ): Գուցե թիվը մեծ չէ, բայց երևույթի առումով խոսում է այն մասին, որ ավելի քիչ թվով մարդիկ հնարավորություն ունեն ուղևորություններ անելու: Սա ևս ճգնաժամի հետևանք է»,-ասում է Եգանյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Post a comment
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.