Ի Տեր հանգչեց Տ. Ներսես արքեպիսկոպոս ՊոզապալյանըՍրբազան Հայրը սույն թվականի փետրվարի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական իր կացարանում իրեն ծանոթ անձնավորության կողմից կողոպուտի նպատակով ենթարկվել էր հարձակման, որի հետեւանքով ծանր վնասվածք էր ստացել եւ անգիտակից վիճակում փոխադրվել հիվանդանոց: Միջադեպից մինչ իր վախճանը Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը եղել է Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում բժիշկների հոգատար խնամքի ներքո: Սրբազան Հոր վախճանը մեծ կորուստ է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա հավատավոր զավակների համար: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Գերագույն հոգեւոր խորհուրդը եւ Հայ եկեղեցու հոգեւորականաց դասը աղոթարար սրտով սգում են Սրբազան Հոր մահը: Հանգուցյալ Սրբազանի աճյունը երկուշաբթի` հունիսի 29-ին, ժամը 17:00-ին, կդրվի Ս. Գայանե վանքում վերջին հրաժեշտի համար, ժամը 19:00-ին կկատարվի հոգեհանգստյան արարողություն: Երեքշաբթի` հունիսի 30-ին, ժամը 11:00-ին, Թեղենիքի իր իսկ կառուցած Սրբոց Նահատակաց եկեղեցում (Կոտայքի մարզ) կմատուցվի Ս. պատարագ, որի ընթացքում կկատարվի վերջին օծման եւ թաղման կարգը: Հավարտ Ս. պատարագի` եկեղեցու բակում տեղի կունենա Սրբազանի հուղարկավորության արարողությունը: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի: Կենսագրական Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը (ավազանի անունը` Հակոբ) ծնվել է 1937 թ. Կիլիկիայում՝ Գըրգխան ավանում, որտեղից 1939 թ. գաղթել է Բեյրութ։ Սովորել է Բեյրութի Նուբարյան հայկական վարժարանում, Անթիլիասի դպրեվանքում, այնուհետեւ Բեյրութի կենտրոնական բարձրագույն վարժարանում։ 1957 թ. ընտանիքով տեղափոխվել է հայրենիք։ Ուսումը շարունակել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում։ 1957 թ. Ս. Ստեփանոս Նախավկայի տոնին երանաշնորհ Տ. Հայկազուն արքեպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ ձեռնադրվել է սարկավագ։ 1960-1961 թթ. ուսանել է Ռուս ուղղափառ եկեղեցու Զագորսկի ակադեմիայում։ 1961 թ. Վազգեն Ա հայրապետի ձեռամբ ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Ներսես։ 1962 թ. Վազգեն Ա կաթողիկոսի կողմից ստացել է վարդապետական, ապա՝ 1965 թ.` ծայրագույն վարդապետության աստիճան։ 1963-1965 թթ. ուսանել է Անգլիայի Յորքշեր նահանգի Հարության քոլեջի աստվածաբանական բաժնում, որի ընթացքում մասնակցել է Քեմբրիջի համալսարանի անգլիական գրականության եւ մշակույթի ամառային դասընթացներին։ 1965-1969 թթ. վարել է Ս. Էջմիածնի հոգեւոր ճեմարանի տեսչի պաշտոն։ 1969-1970 թթ. ուսանել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Բոսսեի Էկումենիկ ինստիտուտում։ 1969-72 թթ. եղել է Շվեյցարիայի հայոց հոգեւոր հովիվ: 1973 թ. ընտրվել է Անգլիայի թեմի առաջնորդ։ 1974 թ. ձեռամբ Վազգեն Ա կաթողիկոսի ձեռնադրվել է եպիսկոպոս։ 1982 թ. Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսի կողմից հրավիրվել է Մայր Աթոռ եւ նշանակվել Մայր Աթոռի դիվանապետ: Եղել է նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ: 1983 թ. ընտրվել է Եկեղեցիներ համաշխարհային խորհրդի կենտրոնական կոմիտեի անդամ։ 1982-1995 թթ. հիմնել եւ ղեկավարել է Հայաստանի աստվածաշնչային ընկերությունը։ 1986 թ. ձեռամբ Վազգեն Ա կաթողիկոսի ստացել է արքության պատիվ։ 1991 թ. ի վեր Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի աստվածաշնչային ընկերության գործադիր կոմիտեի անդամ է։ 1993-2001 թթ. Ջինիշյան հիշատակի բարեգործական հիմնադրամի հիմնադիր մարմնի անդամ է եղել եւ ծառայել է որպես ատենապետ։ 1999 թ. ընտրվել է Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի իսկական անդամ։ 1999 թ. հուլիսի 4-ին ընտրվել է կաթողիկոսական տեղապահ եւ կազմակերպել է կաթողիկոսական ընտրությունները 1999 թ. հոկտեմբերի 27-ին։ 2000-2003 թթ. իր հոգեւոր գործունեության 40-ամյակի առիթով Կոտայքի շրջանի Թեղենիք գյուղում կառուցել է Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ իր ծնողների՝ Գրիգոր եւ Մաքրուհի Պոզապալյանների հիշատակին, որի առիթով Վեհափառ հայրապետի կողմից պարգեւատրվել է Հայ եկեղեցու բարձրագույն՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ շքանշանով։ Ներսես Սրբազանը հրատարակել է 10 անուն բանաստեղծական եւ քարոզխոսական գրքեր։ Դասախոսել է Գեւորգյան հոգեւոր ճեմարանում: 2000-2006 թթ. եղել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հրատարակչական մարմնի տնօրեն:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 3 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.