Ղարաբաղը` ուշադրության կիզակետում. մինչ Սարգսյանը մեկնում է Մոսկվա` Ալիևի հետ հանդիպելու, Հայաստանում աճում է ընդդիմությունը մադրիդյան սկզբունքներինԱնցյալ շաբաթ հակամարտության կարգավորման միջազգային միջնորդական առաքելության համանախագահող երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի առաջնորդները հորդորեցին Սարգսյանին ու Ալիևին «լուծել մնացած մի քանի տարաձայնությունները և ավարտուն տեսքի բերել Հիմնարար սկզբունքների վերաբերյալ իրենց համաձայնությունը, որով կուրվագծվի համապարփակ կարգավորման ընդհանուր պատկերը»: Սակայն Սարգսյանը Հայաստանում բախվեց առնվազն երկու կուսակցությունների ընդդիմությանը, որոնք պահանջում են փոխել քաղաքականությունը Ղարաբաղի հարցում: Հայ հեղափոխական դաշնակցությունն այս շաբաթվա սկզբին պահանջեց արտգործնախարարի հրաժարականը: Նաև ակնարկեց, որ Ղարաբաղի հարցում քաղաքականությունը չփոխելու պարագայում կարող է պահանջել արդեն Սարգսյանի հրաժարականը: Դաշնակցությունը նաև պահանջում է, որ Սարգսյանը չստորագրի որևէ փաստաթուղթ, որը հիմնված կլինի Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Մինսկի խմբի առաջարկած կարգավորման այսպես կոչված մադրիդյան սկզբունքների վրա: Մասնավորապես, այս սկզբունքները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից ղարաբաղի հայկական ուժերի դուրսբերում, որոնք ներկայումս վերահսկում են այդ տարածքները որպես բուֆերային գոտի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի անորոշ ժամանակով հետաձգված կարգավիճակ, որը պետք է որոշվի ապագայում` «պարտադիր ուժ ունեցող կամքի արտահայտման միջոցով»: «Նախագահը դեռևս հնարավորություն ունի կտրուկ փոխելու իրավիճակը և, ինչն ամենակարևորն է, չստորագրելու առաջարկված փաստաթուղթը»,- ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հինգշաբթի տեղի ունեցած մամուլի ասուլիսում: Հայաստանի խորհրդարանի մեկ այլ ընդդիմադիր կուսակցություն` «Ժառանգությունը», նույնպես հորդորում է Սարգսյանին` իր խորհրդարանական խմբակցության առաջատար անդամի միջոցով, չստորագրել այսպես կոչված մադրիդյան սկզբունքների վրա հիմնված որևէ փաստաթուղթ: Բացի այդ, Ղարաբաղի ութ կուսակցություններ, այդ թվում` տեղի Դաշնակցությունը, հինգշաբթի հանդես եկան հայտարարությամբ` կոչ անելով ավելի մեծ դերակատարում ապահովել Ստեփանակերտին Ադրբեջանի հետ ընթացող բանակցություններում և դատապարտելով միջազգային հանրության կողմից չճանաչված հանրապետության անվտանգությունը վտանգելու բոլոր փորձերը: Հայտարարության մեջ նշված է, որ առանց Ստեփանակերտի մասնակցության հակամարտությունը լուծելու բոլոր ջանքերը «դատապարտված են ձախողման»: Հայտարարությունն արտացոլեց Ղարաբաղի հասարակության և, մասնավորապես, ղեկավարության մտահոգությունը, որը շաբաթվա սկզբին նման պահանջներ բարձրաձայնեց իր արտգործնախարարության միջոցով: Ընդսմին, չորեքշաբթի նախագահ Սարգսյանը շեշտեց, որ հուլիսի 17-18-ին իր մոսկովյան երկօրյա աշխատանքային այցի ընթացքում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվելու: Իսկ հինգշաբթի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մեկնեց Ղարաբաղ, որտեղ հավաստիացրեց տեղի իշխանություններին, որ «Հայաստանը չի կարող անտեսել Ղարաբաղի կարծիքը»: «Հայաստանը չի կարող կնքել որևէ համաձայնագիր առանց Ղարաբաղի ժողովրդի ու ղեկավարության հավանության: Եվ այսօր իմ այստեղ լինելը դրա ևս մեկ ապացույցն է»,- ասաց Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Ստեփանակերտում:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 31 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.