Բրյուսելյան եռյակ. Հայաստանն ու Եվրամիությունը քննարկում են իրենց հարաբերությունները և այլ տարածաշրջանային հարցեր

Բրյուսելյան եռյակ. Հայաստանն ու Եվրամիությունը քննարկում են իրենց հարաբերությունները և այլ տարածաշրջանային հարցեր


Արտգործնախարար Նալբանդյանը (աջից) խոստացավ «անհրաժեշտ քայլեր ու բարեփոխումներ»

Երկուշաբթի հյուրընկալելով Հարավային Կովկաս այցելած Եվրամիության բարձրաստիճան պատվիրակությունը` Հայաստանը վերահաստատեց իր հավատարմությունը եվրոպական ինտեգրման գործընթացին և խոստացավ շարունակել բարեփոխումները:

Եվրամիության եռյակի պատվիրակությունը, որը գլխավորում էր Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը, Երևանում էր հուլիսի 20-ին` Վրաստան ու Ադրբեջան կատարած այցերից հետո` հանդիպելու նախագահ Սերժ Սարգսյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

«Հայաստանը շարունակելու է եվրոպական ընտանիքին մերձենալու իր արտաքին քաղաքական կուրսը և այդ ուղղությամբ իրականացնելու է անհրաժեշտ քայլեր ու բարեփոխումներ»,- շեշտեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բանակցությունների ավարտից հետո հրավիրված Եվրամիության եռյակի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

ՀՀ արտգործնախարարի խոսքով` Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ երևանյան բանակցությունների օրակարգում ընդգրկված է եղել հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին և հայ-թուրքական հարաբերություններին:

«Համագործակցությունը Հայաստանի ու Եվրամիության միջև բազմակողմ ու բազմազան է: Մենք համագործակցում ենք տարբեր ձևաչափերով ու տարբեր ծրագրերով, մասնավորապես` գործընկերության ու համագործակցության պայմանագրի, Եվրոպական հարևանության և Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում»,- շեշտեց Նալբանդյանը:

Նախարարը հիշեցրեց, որ 2008 թ. նոյեմբերին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Բյուսել կատարած այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այդ համագործակցությանն ավելացել է ևս մեկ ձևաչափ` ԵՄ խորհրդատվական խմբի ներկայությունը Հայաստանում, որն աջակցում է բարեփոխումների իրականացմանը օրենսդիր, գործադիր ու դատական ոլորտներում:

«Մենք երախտապարտ ենք ԵՄ-ին և առանձին անդամ պետություններին` Հայաստանի զարգացման գործում ցույց տված աջակցության համար»,- ասաց Նալբանդյանը:

Նա նշեց, որ ԵՄ եռյակին են ներկայացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման արդյունքները: Հայաստանի թիվ մեկ դիվանագետը նաև վերահաստատել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որ խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով:

Բիլդտը` որպես ԵՄ հերթափոխվող նախագահի պաշտոնը ստանձնած Շվեդիայի ներկայացուցիչ, բարձրաձայնեց ԵՄ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող խաղաղ կարգավորման գործընթացին:

«Եվրամիությունը պատրաստ է աջակցելու այն համաձայնության իրականացման գործում, որը, մենք անկեղծորեն հույս ունենք, հնարավոր կդառնա մոտ ապագայում»,- ասաց Բիլդտը` նաև աջակցություն հայտնելով հայ-թուրքական հարաբերություններում գրանցված մերձեցմանը:

Նախագահ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Բիլդտը շեշտեց, որ ԵՄ-ը կարևորում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում և ԵՄ աջակցությունը հայտնեց լուծում գտնելու միջնորդների ջանքերին:

Սարգսյանը, նրա մամլո գրասենյակի հաղորդմամբ, ասել է, որ անցյալ շաբաթվա մոսկովյան բանակցություններն անցել են «մի քիչ ուրիշ» պայմաններում, քանի որ Մինսկի խումբն արդեն հրապարակել է այն սկզբունքները, որոնց շուրջ ընթանում են բանակցությունները:

Հայաստանի նախագահը դա նույնիսկ օգտակար համարեց, քանի որ, նրա խոսքով` «ցավոք սրտի, միշտ չէ, որ կողմերը հանրությանը ներկայացնում էին այն հարցերը, որոնց մասին խոսվում էր բանակցությունների ընթացքում»:

«Կարծում եմ` արդեն բոլորի համար պետք է պարզ դառնա, որ հիմնականը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրն է, որը պետք է որոշվի ազատ կամարտահայտությամբ և ունենա պարտադիր իրավական ուժ: Երբ այս խնդրին մենք կարողանանք պատշաճ ձևակերպում տալ, որը որևէ երկմտանք չի առաջացնի, այնուհետև, կարծում եմ` բանակցությունները շատ ավելի հարթ կշարունակվեն»,- ասել է Սարգսյանը:


ԱրմենիաՆաուի էջերում