Համացանցային պատերազմ. Փորձագետների խոսքով` Հայաստանի ՏՏ ոլորտը պաշտպանված չէ հարձակումից
Մասնագետների կարծիքով` Հայաստանի կիբեռտարածքն ավելի խոցելի է դառնում Հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ անկախ վերլուծաբան Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ «կիբեռահաբեկչության» ազդեցությունը Հայաստանի վրա ավելի շոշափելի կլինի` տեղեկատվական տեխնոլոգիաներից երկրի առավել մեծ կախվածության պարագայում: «Մի բան են համացանցային խուլիգանները, մեկ այլ բան, երբ Ադրբեջանի հատուկ ծառայություններն օգտագործում են հաքերային խմբեր»,- ասաց Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը խոսեց նաև Հայաստանում կիբեռփորձագետների շրջանում տարածված այն մտահոգությունների և ենթադրությունների մասին, որ վերջերս Հայաստանի պետական և լրատվական կայքերի վրա մի քանի գրոհների հետևում կանգնած են Ադրբեջանի հատուկ ծառայությունները: Դրանց պատճառով կայքերը ժամանակավորապես խափանվել են: «Սա լուրջ սպառնալիք է, քանի որ ժամանակի ընթացքում Հայաստանն ավելի ու ավելի է կախված դառնում տեղեկատվական տեխնոլոգիաներից»,- ասաց նա: Մասնագետը կանխատեսմամբ` պարտադիր չէ, որ պետական կայքերը լինեն հաքերների առաջնային թիրախը: «Գոյություն ունի ֆինանսական ոլորտ, զարգանում է էլեկտրոնային առևտուրը, ու, հնարավոր է, մի քանի տարուց ունենանք բավական լուրջ ՏՏ-ենթակառուցվածքներ: Դրանց խոցելիությունը կարող է լուրջ սպառնալիք լինել ոչ միայն կառավարական կայքերի, այլև շարքային քաղաքացիների համար»,- ասաց նա: Խոսելով Հայաստանում կիբեռանվտանգության մասին` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ընդգծեց, որ «կիբեռանվտանգությունը հանրապետության ազգային անվտանգության կարևոր գործոն է»: «Վերջին մի քանի օրերին համակարգչահենները մի քանի կիբեռգրոհ են ձեռնարկել Հայաստանի պետական և լրատվական կայքերի վրա: Ըստ էության, կարող ենք փաստել, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են կիբեռպատերազմական վիճակում,- ասաց Կիրակոսյանը: - Խոցելիությունը կիբեռոլորտում խոցելի է դարձնում հանրապետությունը նաև մարտի դաշտում»: Կիրակոսյանը նշեց, որ եթե առաջ հայկական լրատվական կայքերի վրա հաքերային հարձակումները պարբերաբար Ադրբեջանից էին իրականացվում, ապա վերջերս նման հարձակում էր եղել նաև Թուրքիայից, ինչն առաջացրել էր հայ մասնագետների լուրջ անհանգստությունը: Կիրակոսյանը կոչ արեց ՀՀ նախագահին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին և պաշտպանության նախարարին` առավել ուշադրություն դարձնել կիբեռանվտանգության խնդիրներին: Մասնավորապես, նա մի շարք առաջարկություններ ներկայացրեց, այդ թվում` դադարեցնել ՏՏ ոլորտում մենաշնորհը, արդյունավետ պաշտպանել հեղինակային իրավունքները, լրջորեն նախապատրաստվել կրիտիկական իրավիճակներին: Կիրակոսյանը նաև առաջարկեց զարգացնել Հայաստանի ՏՏ ներուժը, որպեսզի ապահովեն ոլորտը արտաքին գործոնների կախվածությունից: «Հայաստանում էներգետիկան և տրանսպորտը, ինչպես նաև հեռահաղորդակցության ամբողջ ոլորտը ռուսաստանյան ընկերությունների ձեռքին է, ինչը Ռուսաստանին գերիշխող դիրք է ապահովում: Անհրաժեշտ է ապահովել մրցակցություն: Այլապես ՏՏ ոլորտի զարգացումն անհնար է»,- ասաց նա: Հայաստանը նաև մեծապես կախված է Վրաստանից, որով անցնում է Հայաստան մտնող հիմնական ինտերնետ կապուղին:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 1 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.