Սպանություն բանակում. ժամկետային պատանի զինծառայողին ծեծելով սպանել է հրամանատարը
Հայոց բանակը տխրահռչակ է զինվորների նկատմամբ վատ վերաբերմունքով, և ծեծի հետևանքով մահվան դեպքերն այստեղ հազվադեպ չեն 18-ամյա Արամ Մկրտչյանը Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից էր և բանակում ծառայում էր արդեն երեք ամիս: Մկրտչյանը ծառայում էր Վայքի (Վայոց ձորի մարզ) զորամասում` 26-ամյա Անդոկ Գալստյանի հրամանատարության ներքո: Գալստյանը ձերբակալված է: Նրան առաջադրվել է մեղադրանք` պաշտոնեական դիրքի չարաշահում և իշխանազանցություն` 3-8 տարվա ազատազրկմամբ: Ականատես զինվորների և ծնողների տվյալներով` օգոստոսի 28-ին` առավոտյան ժամը 6-7-ի սահմաններում, Գալստյանը Մկրտչյանին ծեծի է ենթարկել, երբ ժամկետային զինծառայողը դեռ անկողնում էր: Առայժմ ստույգ հայտնի չէ, թե ինչն է բուն հարձակման պատճառը: Այլ զինվորներ ասում են, որ Մկրտչյանը` ձեռքն աջ կողքին դրած ու ցավից կռացած, առավոտյան վարժանքի էր ներկայացել և երբ խիստ ցավի պատճառով չէր կարողացել ձգում վարժության (ժիմ) հրամանը կատարել, ըստ ականատես ընկերների, հրամանատարը հարձակվել է զինվորի վրա, նստել վրան ու սկսել մի քանի րոպե հարվածներ հասցնել գլխին: Դրանից հետո Գալստյանը զինվորներին վազելու հրաման է տվել և մնացել մենակ Արամի հետ: Գալստյանից բացի ոչ մեկը չգիտի, թե այդ ընթացքում ինչ է տեղի ունեցել, սակայն դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ մարմնի մեծ մասը պատված է բազմաթիվ վերքերով: Մոտ 11:30-ին Մկրտչյանին տարել են բուժկետ: «Բժիշկը պատմում է, որ նա ցավից գոռում էր ու բղավում. «Ավելի լավ ա ինձ ավտոմատով կրակեք, պրծնեմ», այնուհետև ուշագնաց է եղել»,- «ԱրմենիաՆաուին» պատմեց սպանվածի հորեղբորորդի Նորայր Նորիկյանը: Զինվորին վերականգնողական մեքենայով Վայքից Երևանի հիվանդանոց (մոտ երեք ժամվա ճանապարհ) տեղափոխվել է միայն ժամը 4:30-ին, երբ արդեն մոտ չորս ժամ անգիտակից վիճակում է եղել: Հիվանդանոցում նրան վիրահատել են, սակայն, ինչպես նշում է հոսպիտալի պետ, գնդապետ Միքայել Միքայելյանը, «գլխուղեղի վնասվածքը, արյունազեղումը չափազանց ծանր էին և կյանքի հետ անհամատեղելի»: «Ծեծից հետո չորս ժամ շարունակ նա մնացել է անօգնական, բարձիթողի վիճակում, փորձագետներն էլ ասում են, որ հնարավոր կլիներ կյանքը փրկել, եթե շուտ տեղափոխվեր հիվանդանոց»,- ասում է սպանվածի հորեղբորորդին` պնդելով, որ պատասխանատվության պետք է ենթարկել նաև այդ օրվա պատասխանատու սպայական կազմին` պաշտոնեական անփութության համար: «Ես հարցնում եմ գնդի հերթապահին, գնդի պատասխանատուին, ասում եմ` ո՞ւր էիք այդ ժամանակ, միթե 30 մետր հեռավորության վրա գտնվող սենյակից կռվի, վեճի ձայնը չեք լսել, ասում են` չենք լսել»,- ասում է Նորիկյանը: Հինգ օր անց, գիտակցության չգալով, զինվորը մահացավ: Զոհվածի վշտակորույս ծնողները նույնպես զայրացած են առաջադրված մեղադրանքի պատճառով` համարելով այն համեմատաբար մեղմ պատիժ: «Սա չի կարող որակվել որպես իշխանազանցություն, դա հենց առանձնակի դաժանությամբ իրականացված սպանության փորձ է, որն այլ հոդված և այլ պատժաչափ է նախատեսում»,- ասում է Նորիկյանը: Հայկական բանակը զինվորների նկատմամբ վատ վերաբերմունքի առումով վատ համբավ ունի: Քիչ չեն զինվորների միջև մահվան ելքով ծեծի դեպքերը, որոնք երբեմն կատարվում են հրամանատարների հրամանով: Սակայն զինվորների իրավունքներով զբաղվող հայտնի կազմակերպություններից մեկն այս դեպքը որակում է աննախադեպ: «Սա սարսափելի դեպք է, իր դաժանությամբ աննախադեպ, մեր բանակում եղել են սպանություններ, կռիվներ զինվորների միջև, բայց որ նման դաժանությամբ ծեծի կենթարկի հրամանատարը, սա աննախադեպ է»,- ասում է «Զինվորի մայր» ՀԿ ղեկավար Գրետա Միրզոյանը: Ըստ Միրզոյանի` սա այս 2009-ի առաջին սպանությունն է բանակում: Հիվանդության պատճառով եղել է ևս մեկ դեպք: «Բոլորս շոկի մեջ ենք, քանի որ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարները, որտեղից և Անդոկ Գալստյանն է, հիմնականում կրթված ու հավասարակշիռ սպաներ են, մենք էլ ճանաչում էինք նրան, լավ ընտանիք ուներ, 4 տարեկան երեխա, հիմա էլ կինը հղի է, չեմ պատկերացնում, թե այդ պահին ինչ հոգեվիճակում է եղել հրամանատարը, որ նման արարք է գործել, բայց նա պետք է պատժվի ամենայն խստությամբ»,- «ԱրմենիաՆաուին» ասում է Միրզոյանը:
Other Articles in Լուրեր
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 111 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.