Հերթական պարտություն. Հայաստանին, այդուհանդերձ, չհաջողվեց «օգնել» թուրքերին ֆուտբոլի որակավորման փուլում

Հերթական պարտություն. Հայաստանին, այդուհանդերձ, չհաջողվեց «օգնել» թուրքերին ֆուտբոլի որակավորման փուլում


Տեսնո՞ւմ եք, չէ… Իսկ հիմա չեք տեսնում. ոստիկանությունը չհապաղեց հեռացնել ցուցապաստառը (վերևում պատկերված), որի վրա գրված էր. «Հերիք է մեզ խայտառակեք»:

Հայաստանը հերթական անգամ կորցրեց իր հնարարավորությունը` հնարավորություն տալով հյուրերին երկու անգամ հաշվի մեջ առաջ անցնել ու Երևանից տանել բաղձալի երեք միավորը: Բարեբախտաբար թե դժբախտաբար, այս վերջին պարտությունը Հայաստանին հնարավորություն է տալիս մեղմելու թուրքական կողմի ագրեսիվ տրամադրվածությունը, երբ Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ ամիս, անցնելով Արաքս գետը, կմասնակցի երկու ժողովուրդների միջև հաշտեցման գործընթացին աջակցող մարզական իրադարձությանը:

Շաբաթ երեկոյան «Վազգեն Սարգսյան» հանրապետական մարզադաշտում ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի 2010 ընտրական փուլի հանդիպման 2:0 հաղթանակը Բոսնիա-Հերցեգովինայի համար մեծ քայլ էր, որպեսզի թիմը կարողանա հաջողությամբ շարունակել պայքարը և ամրապնդվել երկրորդ տեղում: Այսպիսով բալկանյան թիմը հույս ունի, որ, «փլեյ օֆ»-ում հաղթանակ տանելու դեպքում առաջին անգամ կմասնակցի Աշխարհի գավաթի եզրափակչի որակավորման փուլին: Հաղթարշավը շարունակող բալկանյան թիմը, հաջողության դեպքում, հնարավորություն չի տա իրենց ուժեղ մրցակցին` Թուրքիային, մասնակցել գալիք տարվա ամռանը Հարավային Աֆրիկայում կայանալիք Աշխարհի գավաթի որակավորման փուլին:

Բոսնիա-Հերցեգովինան, որը Եվրոպական գոտու 5-րդ խմբի մրցաշարում դեռ երեք խաղ պետք է անցկացնի, շարունակում է չորս միավորով առաջ մնալ Թուրքիայի հավաքականից, որը 2002 թ. Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիրն է և Եվրո-2008-ի կիսաեզրափակչի մասնակիցներից: Չորեքշաբթի Զենիցայում կայանալիք նրանց մրցապայքարը կարող է որոշել, թե ով կլինի երկրորդ տեղում` այս խմբի ամենահավանական հաղթող` Եվրոպայի չեմպիոն Իսպանիայից հետո, և կշարունակի պայքարը «փլեյ օֆ» փուլում:

Հետաքրքրական է, որ եթե Բոսնիա-Հերցեգովինան սեպտեմբերի 9-ին հաղթանակ տանի, անհասանելի կդառնա Թուրքիայի համար, որին կմնա ևս երկու խաղ, այդ թվում` Հայաստանի հետ: Այսպիսով, հոկտեմբերի կեսին Բուրսայում կայանալիք «աշխարհաքաղաքականորեն զգայուն» հանդիպման` մարզական առումով լարվածությունը կթուլանա: (Թեև Թուրքիան հայտնի է որպես ագրեսիվ մրցակից, հատկապես սեփական հարկի տակ` անկախ խաղի կարգավիճակից:)

Հայաստանը որակավորման փուլում հաղթելու բոլոր հնարավորություններն արդեն կորցրել է` կրելով մի քանի ծանր պարտություն մրցապայքարի սկզբում, այդ թվում` Թուրքիայից` 0:2 հաշվով: Այդ խաղը, որը անցկացվեց 2008 թ. սեպտեմբերի 6-ին Երևանում, այդուհանդերձ, սկիզբ դրեց երկու երկրների միջև «ֆուտբոլային դիվանագիտությանը», որի արդյունքում կողմերը համաձայնեցին սկսել «ներքին քաղաքական քննարկումներ»` դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և երկկողմ հարաբերությունները զարգացնելու մասին երկու արձանագրությունների առնչությամբ: Ենթադրվում է, որ Անկարայի և Երևանի միջև փաստաթուղթը կստորագրվի, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին այցելի Թուրքիա` ներկա գտնվելու ֆուտբոլային հանդիպմանը:

Հայաստանի ազգային հավաքականը ներկայումս յոթ խաղից մեկ միավոր է վաստակել: Որակավորման փուլի ազգային վեց հավաքականների (այդ թվում` Բելգիայի և Էստոնիայի) շարքում Հայաստանը վերջին տեղում է: Խիստ անհավանական է, որ մյուս խաղերում Հայաստանի ազգային հավաքականին կհաջողվի հասնել առայժմ 5-րդ տեղում ընթացող Էստոնիայի հավաքականին:

Մի խումբ հայ մարզասերներ, որոնք ներկա էին շաբաթ Երևանում կայացած խաղին, այնքան հիասթափված էին արդյունքից, որ պահել էին «Հերիք է մեզ խայտառակեք» գրությամբ ցուցապաստառ: Նրանք նաև բարձրաձայն պահանջում էին ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը:

Խաղից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն անդրադարձավ մարզասերների հիասթափությանը:

«Եթե իմ հրաժարականը ինչ-որ բան կփոխի, պատրաստ եմ հեռանալ»,- ասաց Մինասյանը` ըստ Sportinfo.am մարզական կայքի:

Նախքան Թուրքիա մեկնելն ու հարաբերությունների կարգավորմանն աջակցող խաղին մասնակցելը` Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ ևս երկու հանդիպում կանցկացնի` սեպտեմբերի 9-ին Բելգիայի, իսկ հոկտեմբերի 10-ին` Իսպանիայի հավաքականների հետ:
ԱրմենիաՆաուի էջերում