Թռեք «Արմավիա»-ով. ազգային ավիափոխադրողն ակնկալում է հաջող տարի նոր ուղղությունների շնորհիվ
«Արմավիա» ընկերությունը լավատեսորեն է տրամադրված իր ապագայի նկատմամբ Այս շաբաթ իրականացված Երևան-Փարիզ չվերթն առաջինն էր «Արմավիայի» և AIR FRANCE-ի միջև կնքված համաձայնագրից հետո: Այսուհետ Երևան-Փարիզ չվերթները կիրականացվեն շաբաթը հինգ անգամ, Փարիզ-Երևանը`չորս անգամ: «Ընկերության համար այս պայմանագրի կնքումն առաջին քայլն էր դեպի խոշոր եվրոպական ավիափոխադրողների հետ համագործակցությունը: Շատ լուրջ ռազմավարական քայլ է, և մի ուրիշ մակարդակի է բերում մեր ընկերության աշխատանքը»,- ասում է «Արմավիա» ավիաընկերության կոմերցիոն տնօրենի պաշտոնակատար Թերեզա Ղազարյանը: AIR FRANCE-ը պատկանում է եվրոպական ամենախոշոր դաշինքներից մեկին` Sky team-ին: Ըստ Ղազարյանի` «Արմավիան», հնարավոր է, հետագայում ինտեգրվի այդ դաշինքին: «Արմավիա» ընկերության թռիչքային ծառայության տնօրենի տեղակալ Սերգեյ Խառատյանը նշում է, որ AIR FRANCE-ի հետ աշխատելու են հավասար պայմաններում: «Նրանք էլ են թռիչքներն իրականացնում A-320-ով, մենք էլ: Ինքնաթիռների միջև տարբերություն չկա, տարիքային ու տեխնիկական մակարդակը բավական հավասար պայմաններում է»,- ասում է նա: Ըստ ընկերության պատասխանատուների` վերջերս գրանցվել է «Արմավիայի» 400-հազարերորդ ուղևորը: Նրանք համոզված են, որ, չնայած շարունակվող համաշխարհային տնտեսական ճգնաժամին, 2009 թ. այդ թիվը կկրկնապատկվի: Ղազարյանն ասում է, որ դա կապված է այն հանգամանքի հետ, որ իրենք անընդհատ աշխատում են բացել նոր ուղղություններ` պահպանելով հները: «Եվ մենք հպարտ ենք, որ հայերն ընտրում են իրենց ազգային փոխադրողին»,- ասում է Ղազարյանը: «Արմավիան» աշխատանքներ է իրականացնում` մինչև տարեվերջ դեպի Լոս Անջելես ուղղություն բացելու համար: Ավիաընկերության ներկայացուցիչներն ասում են, որ A-330 կամ «Բոինգ-777» ինքնաթիռների ձեռք բերման հետ կապված խնդիրներ կան: «Սակայն աշխատում ենք, ու դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ մենք խոշոր հայկական համայնք ունենք այնտեղ»,- ասում է Խառատյանը: Ղազարյանն ասում է, որ «Արմավիան», հնարավոր է, մինչև տարեվերջ կբացի Երևան-Թեհրան չվերթ` փորձելով բավարարել բազմաթիվ ուղևորների խնդրանքը, հատկապես հուլիսի15-ից հետո, երբ ռուսական արտադրության «Տու-154» օդանավը, որը պատկանում էր «Կասպյան ավիաուղիներին», վթարի ենթարկվեց: Ինքնաթիռի բոլոր 168 ուղևորները, այդ թվում` Հայաստանի մի քանի քաղաքացի և մի քանի տասնյակ պարսկահայ զոհվեցին: «Նրանք մեծ ցանկություն ունեն, որ «Արմավիան» իրականացնի չվերթները, որ հայ օդաչուներ թռչեն, հայկական անձնակազմ լինի»,- ասում է Թերեզա Ղազարյանը:
Other Articles in Բիզնես
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 4 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.