Օգտակա՞ր, թե՞ ավելորդ. հայերեն որոնողական նոր համակարգը փորձում է լուծել «ինտերնետային միաձուլման» խնդիրը
«Հանգույց» ստեղծագործական խումբը կհամագործակցի ՀՀ սփյուռքի նախարարության հետ` «միավորելու աշխարհասփյուռ հայկական համայնքներին» Երեքշաբթի «Հանգույց» ստեղծագործական խումբը հայերին ներկայացրեց իրենց ավելի քան 3 տարվա արդյունքը` «Հանգույց որոնում» ինտերնետային որոնողական համակարգը (http://www.hsearch.am): Կայքի շնորհանդեսը նշանավորվեց ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ ծրագրեր իրականացնելու մասին հուշագրի ստորագրությամբ: Քննարկում-շնորհանդեսին ներկա սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց նախաձեռնությունը: «Սա այն ոլորտն է, որտեղ մենք որքան էլ փորձենք աշխատանք կազմակերպել, էլի շատ բան կունենանք անելու,- ասաց նա: - Ամենակարևորը` որ մենք կարողանանք համախմբել մեր աշխարհասփյուռ հայությանը: Առաջին անգամ նման հայերեն ծրագիր ենք փորձում իրականացնել: Հայերենը համակարգչային ցանցի կարևոր բաղադրիչը պիտի լինի»: «Հանգույցի» ղեկավար Մհեր Աբրահամյանը համոզված է, որ իրենց կհաջողվի լուծել սփյուռքի նախարարի առաջադրած խնդիրը` առավելապես հայալեզու ինտերնետի օգնությամբ: «Մենք դարեր շարունակ ունեցել ենք գոյատևելու և մեր ինքնությունը պահպանելու խնդիր: Ներկա փուլում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ զարգանում է ինտերնետը, ու մենք դժվարանում ենք դիմակայել ինտերնետային համաձուլմանը: Հիմա հայերի մեծ մասը գրում է լատինատառ հայերեն»,- ասաց Աբրահամյանը: «Սփյուռքի նախարարության հետ մեր համագործակցության ծրագիրը մի քանի փուլի ենք բաժանել, որով փորձելու ենք լուծել մի քանի խնդիր, բոլորը` հայապահպանության նպատակով»,- հավելեց նա: «Հանգույց» ստեղծագործական խումբը իրենց հաջողության գրավականն է համարում համակարգի հայկական առանձնահատկությունները, որոնք, ըստ նրանց, բացակայում են անգամ աշխարհում շատ հայտնի որոնողական համակարգերում, ինչպիսիք են Google-ը, Yandex-ը, Yahoo-ն ու այլն: Համակարգի գլխավոր ծրագրավորող Արտյոմ Չախոյանը նշում է դրանցից մի քանիսը. «Մենք ունենք հայերենով ինֆորմացիայի ավելի ճշգրիտ ու մասնագիտացված մատուցում, այսօրվա դրությամբ` ավելի քան 5000 հայկական կայքերի սպառիչ բազա, հայերեն տառատեսակների ու կոդավորումների ընդհանրացում, ինչը հնարավորություն է տալիս որոնում իրականացնելու հայերեն ցանկացած տառատեսակով»: «Այս ամենը հնարավորություն կտա հայատառ որոնումների թիվն ավելացնել, ինչի շնոհիվ կնվազի ներկայումս ավելի քան 60 տոկոս կազմող լատինատառ հայերենով իրականացվող որոնումները»,- հավելեց Չախոյանը: Այդուհանդերձ, ոլորտի ոչ բոլոր մասնակիցներն են «Հանգույցի» հեղինակների նման լավատես կայքի հաջողության հարցում: Շնորհանդեսին ներկա ծրագրավորող Ռաֆայել Հարությունյանը թերահավատ է կայքի` մեծ թվով օգտագործողներ ունենալու առումով: «Իհարկե, հեղինակները բավական մեծ աշխատանք են կատարել, բայց նրանք շնորհանդեսին պատրաստ չէին, քանի որ աշխատանքը բավական թերի էր արված, ու, իմ կարծիքով, մարդիկ հիմա պարզապես չեն օգտվի դրանից»,- նշեց ծրագրավորողը, որը նաև ներկա էր երեքշաբթի կայացած քննարկմանը: Հարությունյանի խոսքով` հիմա կան շատ ավելի լավ որոնողական ծրագրեր, օրինակ` Google-ը կամ Yandex-ը, որոնք բավական հաջողված հայերեն էջերով որոնումների հնարավորություն են տալիս: «Իսկ այն եզակի էջերը, որոնք հանդիպում են կոդավորված տառատեսակներով, իսկ հեղինակները այս խնդրի լուծումը իրենց կայքի առանձնահատկությունն են համարում, բավական հազվադեպ են հանդիպում ու, իմ կարծիքով, այսօրվա դրությամբ Google-ն ու մյուս որոնողական համակարգերը լիովին բավարարում են պահանջները, որոնք ներկայացնում են հայ օգտագործողները»,- ասաց նա:
Other Articles in Ակնարկներ
|
Readers' comments
Read commented Article
Post a comment
Read all 5 comments
Comments are welcomed and encouraged. However, comments not pertaining to the topic or containing slander or offensive language will be deleted. You have to be registered to be able leave your comment. Sign in or Register now for free.